2020.12.01,

Քննադատ

Telegram ալիք լրատվականի համար․ ինչու և ինչպես

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Տելեգրամ ալիքները Հայաստանում արդեն 2018 թվականից սկսեցին մտնել ասպարեզ։ Արցախյան պատերազմը դրանք դարձրեց հիմնական աղբյուրներից մեկը։ Մեծ հայկական ալիքների լսարանները պատերազմը ընթացքում աճեցին 3-10 անգամ։ Իհարկե, պատերազմի ավարտից հետո թվերը մի քիչ «նստեցին», բայց ամեն դեպքում այսօր Տելեգրամ ալիքները շարունակում են մնալ կարևոր տեղեկատվության աղբյուր, դրանք նաև ակտիվորեն մեջբերվում են այլ սոցցանցերում։ 

Ի՞նչ պետք է հաշվի առնի լրատվամիջոցը Տելեգրամ ալիք վարելիս․ 

ա․ Սկսենք նրանից, որ լրատվամիջոցը պետք է այդ ալիքն ունենա և վարի առանց ընդհատումների:

բ․ Տելեգրամի ռուսալեզու համայնքը, որին հետաքրքիր են նորությունները Հայաստանից, հայալեզու լսարանից մեծ է։ Այնպես որ, կարևոր է չմոռանալ ռուսերեն բովանդակությունը։ Արդյունավետ տարբերակը ենթադրում է երկու ալիքների վարումը՝ հայերեն և ռուսերեն։ 

գ․ Տելեգրամի համայնքը սովոր չէ անընդհատ հղումների տարածմանը։ Այն ալիքները, որոնք զուտ մեխանիկորեն կայքերից հղումներ են լցնում, լսարան գրեթե չեն ունենում։ Հարկավոր է աշխատել բազմակողմանի բովանդակության հետ՝ տեքստեր, նկարներ, տեսանյութեր։ Օրական մի քանի հղում դեպի կայք բավարար կլինի թրաֆիկ ապահովելու համար, և ակտիվ կպահի լսարանը։ 

դ․ Տելեգրամի ալիքները սիրում են, երբ իրենց ցիտում են, և դա անում են փոխադարձ։ Անկասկած, սա հայաստանյան մամուլի ամենաթույլ կողմերից է։ Իրար մեջբերել մենք շատ չենք սիրում։ Բայց Տելեգրամում սա անհրաժեշտ է, քանի որ փոխադարձ մեջբերումները հիմնական լսարանը աճեցնելու ձևերից մեկն են։ Ավելին, Տելեգրամում ալիքներն ընկերություն են անում։ Սա ֆեյսբուքյան տրամաբանությունից դուրս մոտեցում է, բայց սրա հետ պետք է համակերպվել։ 

ե․ Տելեգրամում դեռևս գոյություն չունի գովազդային հարթակ, ինչպես մենք սովոր ենք այլ սոցցանցերում։ Սակայն այստեղ ընդունված է անմիջապես վճարել այլ ալիքների գովազդի համար։ Սա Հայաստանի համար անսովոր մեթոդ է, բայց եթե ունես գովազդային բյուջե՝ նախատեսված Ֆեյսբուքում լայքեր ավելացնելու համար, ինչու՞ Տելեգրամի դեպքում գումարը չծախսես հենց տելեգրամային ձևով։ 

զ․ Տելեգրամն արդեն թույլ է տալիս միացնել մեկնաբանություններ գրառումների տակ։ Բայց տասն անգամ մտածեք, նոր բացեք։ Քանի որ ստիպված եք լինելու բացելու դեպքում մոդերացնել չաթը, իսկ դա պահանջում է մարդկային ռեսուրս։ 

Ի տարբերություն այլ սոցիալական ցանցերի, այստեղ մեկնաբանությունները չեն ազդում ալգորիթմի վրա, այնպես որ գրեթե չեն ազդի նաև լսարանի աճի վրա։ 

Իսկ վատ մոդերացիայի դեպքում, հակառակը, կարող են վանել լսարանի մի հատվածին, որը չի դիմանա հայհոյանքներին ու քաոսին մեկնաբանություններում։ Այնպես որ, եթե մեկնաբանությունները չմիացնեք, ոչ ոք ձեզանից չի նեղանա։ Ավելին, կտարբերվեք նույն Ֆեյսբուքից, որտեղ հենց մեկնաբանություններն են շատերին նյարդայնացնում։ 

է․  Տելեգրամն արդեն ունի իր ներքին լավ վիճակագրական համակարգը, որը տեղադրված է ալիքի կարգավորումներում։ Այնտեղ հնարավոր է ոչ միայն տեսնել ընդհանոր լսարանի աճն ու այլ կարևոր վիճակագրություն, այլև հետևել ամեն մի գրառման տարածումներին այլ ալիքներում։ 

ը․ Տելեգրամում գոյություն ունեն բազմաթիվ բոտեր, որոնք թույլ են տալիս մշակել տեքստը, ավելացնել լայքեր գրառումների տակ, քվեարկություններ, տեքստի մեջ ավելացնել հղումներ, ձևավորել գրառումն ու տասնյակ այլ հնարավորություններ են տալիս։ Բոտերը առանձին մի հոդվածի թեմա են։ Դրանք արժե ուսումնասիրել։ Բայց չարաշահել դրանցով նույնպես չարժե։ Ամեն դեպքում բովանդակությունը այստեղ շատ ավելի կարևոր է, քան դրա ձևը։ 

թ․ Եվ վերջում ֆիքսենք, որ այս պահին հենց Հայաստանում ձևավորվում է Տելեգրամի հայաստանյան և ավելի ընդհանուր հայկական միջավայրը։ Ինչը նաև նշանակում է, որ լրատվականները պետք է չուշացնեն այստեղ հայտնվելը։ 

Իսկ ով արդեն կա՝ պետք է ավելի ակտիվ աշխատի, քանի որ Տելեգրամում լրատվականներն ունեն մրցակիցներ՝ անհատներ ու խմբեր, որոնք շատ եռանդուն են ու միտում ունեն ավելի արագ մեծացնելու իրենց ալիքների լսարանները։ 

Ուշացողի համար կարող է տեղ չմնալ։

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *