Վերջերս խոսում էինք այն մասին, որ TikTok-ը կարող է դիտարկվել որպես գործիք լրագրողների և լրատվամիջոցների համար։ Արդեն բազմաթիվ լրատվականներ ունեն հաշիվներ այս հարթակում, և ամեն մեկն իր ձևով փորձում է ներգրավել լսարանին։ TikTok-ի հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն այլ սոցցանցերի, դրա կիրառման ձևն այնքան էլ միանշանակ չէ։
TikTok-ը Ֆեյսբուք չէ, սահմանափակված ես 15-60 վայրկյանանոց տեսանյութերով, հիմնականում ուղղահայաց, չնայած հորիզոնականը նույնպես հնարավոր է։
Ընդ որում՝ շանսերը, որ մարդիկ կնայեն 60 վայրկյանանոց տեսանյութ, շատ քիչ են, քանի որ այստեղ մարդիկ անընդհատ փոփոխություն են ուզում։ Նաև հենց սոցցանցի ներքին տրամաբանությունը պահանջում է ստեղծել դինամիկ տեսանյութեր, դիտողները դրան են պատրաստ։
Դիտարկենք, թե ինչպես են լրատվամիջոցները և լրագրողները օգտագործում TikTok-ը։ Ահա մի քանի տարբերակ, որոնք թույլ կտան տեսնել, թե ինչ հնարավոր բովանդակային և ոճային լուծումներ են գտել անհատներն ու կազմակերպությունները։
Այսպես, օրինակ, Yahoo News-ը շատ կոնսերվատիվ է մոտենում այս հարցին․ ընտրում է կարևոր հայտարարություններ հայտնի նյուզմեյքերներից, ավելացնում տեքստային մասը, քանի որ կան մարդիկ, որոնք տեսանյութերը նայում են առանց ձայնի։ Օրինակ, Բայդենի խոսքերը հենց TikTok-ի մասին։
Vice-ում անում են ավելի բարդ բան՝ ընտրում են, օրինակ, աչքի ընկնող հոդվածներ կամ վերնագրեր և դրանց վերաբերյալ ստեղծում զավեշտալի տեսանյութեր։ Բնականաբար, այս դեպքում լսարանը շատ կտարբերվի Yahoo News-ի լսարանից։
USA Today-ն այս երկուսի խառնուրդն է․ ինչ ստացվում է, այն էլ անում են՝ և՛ նորություններ, և՛ զավեշտալի թիքթոքեր։ Եվ լսարանը տասնապատիկ ավելի մեծ է, քան նախորդ երկուսի մոտ։
Բրիտանական The Telegraph-ում փորձում են կրթական, հետաքրքիր փաստերից խոսել։
Գերմանական Tageschau-ում ստեղծում են փաստացի կարճ ռեպորտաժներ՝ փորձելով մնալ լրագրողական ոճի մեջ ու միաժամանակ լինել թիքթոքային։ Լայքողների քանակից կարելի է եզրակացնել, որ վատ չի ստացվում։
Ֆրանսիական Le Monde-ում հետաքրիր թեմաներով ռեպորտաժի և վիզուալ նյութի խառնուրդներ են ստեղծում։
Ռուսաստանյան Lentach-ը իրենց ոճի մեջ է, կարծես TikTok-ը իրենց համար է ստեղծվել։
Կիրառությունները շատ են։ Օրինակ, Buzzfeed-ը Էմմա Ուոթսոնի հետ հարցազրույց է անում ու թրեյլերը տեղադրում այստեղ։
Եթե լրագրող եք, կարող եք կարճ նորություններ պատմել։ Եթե իտալացի լրագրող եք, ապա կարող եք բավականին մեծ քանակի տեղեկատվություն տեղավորել կարճ տեսահոլովակում։ (Հայերեն նույնը փորձել խորհուրդ չի տրվում)։
Կամ կարող եք պատմել ձեր աշխատանքից։ Ինչու ոչ՝ օգտագործել ձեր հաղորդումը որպես ձեր TikTok-ի կցորդ։
Այս ամենը խոսում է միայն մի բանի մասին․ TikTok-ում կարելի է անել ինչ խելքդ կփչի։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: