Հուլիսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց տեսանյութ, որտեղ կոչ արեց լրատվամիջոցներին հաշվի առնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակն ու չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, խուսափել սադրանքներից ու խուճապ տարածող տեղեկատվությունից:
ԱԱԾ-ն նյութում տեղադրել էր սքրինշոթեր, որոնք տարածման ենթակա չեն, այդ մասին նշելով հատուկ բառով՝ «ապատեղակատվություն»:
Այդ սքրինշոթերի շարքում էր նաև հուլիսի 14-ին «Հետքում» հրապարակված «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» լուրը, որը ԱԱԾ-ն որակել էր «ապատեղեկատվություն»:
Դա ինքնին զարմանալի հարևանություն էր, քանի որ նույն հարթության վրա էին դրվել ադրբեջանական կայքերը, քարոզիչ-օգտատերերի գրառումներն ու Հայաստանում ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը:
Կարելի էր ենթադրել, որ հապճեպ սարքած տեսանյութում տեղի էր ունեցել վրիպակ (ի վերջո, լրատվական աշխատանքը ստուգելու ԱԱԾ-ի գործիքները կարող են և չլինել նուրբ, որակյալ ու թարմ), սակայն հետագայում պարզ դարձավ, որ ԱԱԾ-ն իր վրա է վերցրել մի գործառույթ, որը լավ չի պատկերացնում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոննիսյանը դիմեց ԱԱԾ պարզաբանում ստանալու համար, թե ինչու է «Հետք»-ի նյութը համարվել ապատեղեկատվություն:
Հուլիսի 22-ին ԱԱԾ-ից ստացած պատասխանում ասվել էր, որ «Հետք»-ը հրապարակել էր լուրն ավելի վաղ, քան դա հաստատել են պաշտոնական աղբյուրները և ուրեմն դա «ապատեղակտվություն» է.
«ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի կողմից տեսանյութի պատրաստման և տարածման պահին «Հետք»-ի տարածած տեղեկատվությունը դեռևս պաշտոնական հաստատում չէր ստացել և այդ պահի դրությամբ, ժամանակագրական առումով, այն համարվել էր «ապատեղեկատվություն»:
Ըստ ԱԱԾ-ի ստացվում է, որ ապատեղակատվություն է (կեղծիք, սուտ) այն լուրը, որը ճիշտ է, բայց միայն որոշակի պահերի (ժամերի): Մեկ ժամ առաջ սուտ էր, իսկ մեկ ժամ հետո՝ ճիշտ:
Եվ եթե ճիշտը դեռևս չի ձևակերպել ասենք, ՊՆ-ն (ժամանակ չի ունեցել, մի քիչ երկար է մտորել ձևակերպումների շուրջ), ուրեմն այն սուտ է: Ասենք, Այգեպարը չի հրետակոծվել, եթե պաշտոնական կառույցները այդ մասին չեն գրել: Հրետակոծվել է միայն այն ժամանակ, երբ այս մասին գրել են պաշտոնական կառույցները, անգամ այն դեպքում, երբ հրետակոծումն արդեն վավերագրված է լրատվամիջոցրի կողմից:
Լուրերը, փաստերը նման ժամանակագրային մեթոդաբանությամբ ստուգելը և առավելևս պաշտոնական նամակում նման բացատրություն տեղադրելը վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ի վրա դրված է նուրբ նյարդաբանական վիրաբուժական ֆունկցիա, որն այն կատարում է կացնով ու մուրճով:
Եվ քանի դեռ ԱԱԾ-ից չի ստացվել որևէ այլ բացատրություն ու ներողություն (և ոչ միայն «Հետք»-ից, այլև բոլոր քաղաքացիներից), թե ինչու է հենց այդ կառույցը մտել ճշտի ու սուտի փիլիսոփայական վեճի մեջ ու սահմանումներ անում՝ ելնելով ժամանագրությունից, կարելի է համարել, որ սա շարունակում է լինել պաշտոնական տեսակետ:
Որ կարելի է լինել ճիշտ միայն ճիշտ լինելու համար հատկացված ժամերին:
ԱԱԾ-ի կոչը «ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևությանն ու միանշանակ կերպով ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին», դառնում է երկակի:
Չապավինեցի՞ր դանդաղ աշխատող պաշտոնական լրահոսին, համարձակվեցի՞ր լինել ավելի արագ ու լսարանը հարգող, ուրեմն «ապատեղակատվություն» ես տարածում:
Սա իհարկե, նոր խոսք է լրատվական դաշտում: Եվ լավ կլինի, որ նման խոսք ընդհանրապես չլինի: Հակառակ դեպքում, ԱԱԾ-ն է դառնում «ապատեղակատվության» հարթակ, քանի դեռ չի կարող սթափ ձևակերպել այդ բառի իմաստն ու հետևանքները:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: