2020.07.06,

Քննադատ

Եթերում դիմակ չկրելու համար տուգանքը, ազատ խոսքը և «ձեռնոցի նետումը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ոստիկանության այցը «Արմնյուզ» հեռուստաընկերություն ստացվեց աղմկոտ: Հուլիսի 3-ին ոստիկանության աշխատակիցները այցելել էին «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ և վարչական վարույթներ հարուցել այդ հեռուստաընկերությունների եթերում դիմակ չկրելու համար:

Այդ մասին իրենց ֆեյսբուքյան էջերում գրել էին հեռուստաընկերությունների տնօրենները՝ անվանելով դա արշավ ազատ խոսքի դեմ և մամուլի վրա ճնշման փորձ:

«Քառյակ մեդիա» հոլդինգի կազմում աշխատող «Արմնյուզ» ալիքն և tert.am լրատվականն այս երեք օրերի ընթացքում մի քանի անդրարձեր արեցին վարչական վարույթին ու տուգանքին (10 հազար դրամ տուգանքի հասցեատերը «Արմնյուզի» հաղորդավար Աբրահամ Գասպարյանն էր, որը եթերում առանց դիմակի էր):

«Քառյակ մեդիայի» սեփականատերերից մեկն, օրինակ, դա անվանեց «լրատվամիջոցների ազատ խոսքին խոչընդոտելու անհիմն փորձ»: Իսկ հոլդինգի գլխավոր տնօրենն ասաց, որ սա «անշուշտ փնթիության արդյունք է պետական մակարդակով»: Տնօրենը նույն «փնթիության» միտքը տարածեց համավարակի դեմ մղվող ընդհանուր պայքարի վրա և եզրակացրեց. «Դուք և ձեզ փնթիությունն եք մեղավոր»:

Հետաքրքիր է, որ դուք-ի ու մենք-ի այս բաժանումը ամենից ակնհայտորեն զգացվում է հենց նշված երկու հեռուսատաալիքների բովանդակության մեջ, որոնք հիմնականում տարածում են այն խոսքն ու կարծիքը, որը ներկա իշխանություններին նսեմացնում է և անգամ ծաղրում:

Դա անում են նաև այդ երկու ալիքների եթեր հրավիրվող կամ նրանց արբանյակային կայքերում տպագրվող գրեթե բոլոր մարդիկ: Օրինակ, այս տուգանքի մասին ասվեց, որ «համավարակի դեմ տարվող պայքարը պատրվակ է, որով խախտվում է ազատ խոսքի իրավունքը» և իշխանությունները ձգտում են միապետության:

Ուղիղ կերպով մեղադրանք եղավ ոչ միայն ուժային կառույցների և ընդհանրապես նոր կառավարիչների հասցեին, այլև իրավապաշտպան կազմակերպությունների, որոնք ըստ տուգանված լրատվամիջոցների՝ «նախկինում այդքան ակտիվ էին, իսկ այսօր լռելյայն ուղղակի օժադակում են իշխանության այս հակաիրավական գործողություններին»: Եղան ընդդիմադիր պատգամավորներ, որոնք ասացին, թե սա «հակաիրավական դիմակ-գրոհ» է, ինչը «անհեթեթություն» է:

«5-րդ ալիքի» տնօրենն էլ ասաց, որ հրաժարվել է ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը. «Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների, կգնանք դուրս՝ ԵԴ»:

Բնականաբար, այս ալիքներն ու նրանց հետ նույն ռիթմով աշխատող լրատվականները («Հրապարակ», «168ժամ», որոնց գլխավոր խմբագիրները հաղորդումներ են վարում նաև «Արմնյուզի» եթերում) պետք է օգտագործեին ևս մեկ անգամ դուք-ի ու մենք-ի սրացումը ցույց տալու համար:

Եվ խնդիրը բնավ էլ դիմակը չէ, որի կրումը փակ տարածքներում պարտադիր է Պարետի որոշմամբ, սակայն բոլոր դեպքերում թողնված է լրատվամիջոցների ըմբռնման վրա: Այն լրատվամիջոցներ, որոնց դեմ փորձ արվեց վարչական վարույթ հարուցել, հղում են անում ՀՌՀ նախագահի խոսքին, որն ասել էր, թե տաղավարում դիմակ կրելու որոշում, որքանով ինքն է տեղյակ, չկա:

ՀՌՀ նախագահը հետագայում պարզաբանեց, թե հղում անելը իր մեկամսյա հնության կարծիքին, երբ նոր կոչով է հանդես եկել Պարետատունը, տրամաբանական չէ: Եվ հրավիրեց ուսումնասիրել խոսքի ազատության ոտնահարման իրական այն դեպքերը, որոնք փաստագրված են վերջին տասնամյակներում: «Կմաղթենք մեզ բոլորիս, որ այլևս «Լրատվամիջոցների դեմ արշավը» լինի միայն այսպիսին՛ 10 000 դրամ տուգանքով…», – գրեց նա:

Հուլիսի 4-ին մեդիա կազմակերպությունները տարածեցին հայտարարություն, որտեղ տեղի ունեցածը որակեցին «իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում»:

Կոչ արեցին «չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը» և «հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները»։

«Մենք նաև հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ Պարետատան որոշումների հնարավոր խախտումներից՝ գիտակցելով սեփական պատասխանատվությունը համաքաղաքացիների, այդ թվում իրենց իսկ աշխատակիցների առողջության համար»,- ասվեց հայտարարությունում։

Խնդիրն այն է, որ գրասենյակում սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակ կրելու ցուցումն իրոք հստակ չէ: Եվ շատ բան արվում է լրատվամիջոցների ներքին կանոններով և ոչ միայն հանրային առողջությունը չվտանգելու, այլև օրինակելի վարք դրսևորելու նպատակով:

Օրինակ, հաղորդավար Արբահամ Գասպարյանը հունիսի սկզբին եթերում դիմակով էր, իսկ հետո արդեն դադարեց այն կրել: Բարդ է հասկանալ, թե ինչով էր պայմանավորված հեռուստաընկերության նման մոտեցումը՝ կրել դիմակ նախկինում և հրաժարվել դիմակից, երբ համավարակը մեծ թափ ստացավ:

Հստակ չէ նաև, թե ո՞ր դեպքերում է մեդիա կազմակերպություն այցելում տեսչական մարմինը, իսկ երբ՝ ոստիկանությունը: Եվ ե՞րբ, երկուսը միասին:

Տարբեր լրատվամիջոցներ այցելում են տարբեր մարմիններ և ստուգում ոչ միայն դիմակ կրելու փաստը, այլև խիտ ու խիստ ռեժիմով աշխատող մեդիա հիմնարկություններում առկա այլ պարագաները՝ ջերմաչափը, գրանցամատյանը, ախտահանիշ հեղուկները և այլն:

Ի տարբերություն ոստիկանական գործողությունների, օրինակ, «Քառյակ մեդիայի» հոլդինգի դիրքորոշումը շատ հստակ է, տնօրենը առանց վարանման ասում է, որ պատերազմում է իր լրատվամիջոցով, որ դա իր համար զենք է.

«Եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռնոց նետել լրատվամիջոցների ազատությանը կամ պատերազմ հայտարարել նրանց, ապա պատերազմում, ինչպես պատերազմում: Թող գա, տեսնենք, թե ում մերը տղա կբերի: Պարտվելու է: Խայտառակ է պարտվելու»:

Լրատվությամբ պատերազմող իրականության մեջ ցանկացած քայլ զենք է: Մանավանդ հաճելի է խոսել ազատ խոսքի ոտնահարման, մարդու արտահայտվելու իրավունքների, լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու դիրքերից, քանի որ այդպես հնչեղ է ու դեմոկրատական:

Բայց տուգանքները նույնպես կարող են զենք լինել, որն անօգուտ է, եթե կիրառվում է թույլ դիրքերից:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *