2020.07.06,

Քննադատ

Թագաժահրանգները-4

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Միայն ինդուկցիա և դեդուկցիա, ապագայի համար

Մարդկությունը պատերազմում է համավարակի դեմ։ Նաև՝ մեդիայի ոլորտում։ Թվում է մեդիան ճանաչողական նյութերով պետք է օգներ մարդկանց պաշտպանվելու թագաժահրից, որը… իր լրատվամիջոցները չունի, ընդամենը վարակ է։ Բայց պատերազմ ծավալվում է նաև մեդիայում՝ որոշակի լրատվամիջոցներ, որ ճնշող մեծամասնությամբ նախկին իշխանության վերահսկողության տակ են, ծառայում են վարակին, դարձել են կամավոր «թագաժահրանգներ»։

Արհեստավա՞րժ է արդյոք «թագաժահրանգների» քարոզչությունը

Կորոնավիրուսի ստեղծման՝ «ԱՄՆ-ն մաքրում է իր ազգը ծերերից» վարկածի հեղինակ, «Իրավունքի», հհկական «Ցանցային հետազոտական ինստիտուտ»-«Նորավանքի» ցանկալի հյուր Ալեքսանդր Ամարյանը այսպիսի լուր է տարածում. «Հնդիկներից բացի, Հայաստան են թափանցել սիկխերը, ովքեր կապված են Իգիլի հետ»։ Նա չի նշում որևէ աղբյուր, լրագրողն էլ չի պահանջում։

Ամարյան սքրինշոթ

Սիկհերը խիստ ազդեցիկ կրոնական համայնք են Հնդկաստանում, Մանմոհան Սինգհը այդ երկրի վարչապետն էր 2004-14 թթ.-ին։ «Իգիլը» ռուսերեն հապավում է՝ Исламское государство, «Իսլամական պետություն»։ Այս տարվա մարտի 25-ին, Քաբուլում սիկհերի տաճարի հարձակվելով, «ԻՊ» ահաբեկիչները 25 հոգու սպանեցին։ Ապրիլին ոստիկանությունը ձերբակալեց ահաբեկիչների տեղական խմբի առաջնորդին ու ևս 19 ջիհադիստի։ Սա «Նյու Յորք թայմսի» համաձայն։ Բայց հիշատակածս ԶԼՄ-ները որևէ ձևով չեն հերքի իրենց հրապարակումը, որը այլատյացություն է հարուցում հնդիկ մեծ ժողովրդի 25 միլիոնանոց պատվարժան մի հատվածի դեմ։

Ամարյանի հարցազրույցը վերահրապարակել է «168 բլոգը», որի վերնագրում «Իգիլը» դարձել է «Իսլամական… հանրապետություն»։

«Թագաժահրանգները» արհեստավարժ չեն, ինչպես ցույց տվեց մի օրինակի վերլուծությունը, բայց շատ են։ «168 բլոգի», «Հայելիի» խմբագիրները նաև կողմնակալության ակնհայտ դրսևորումներով հաղորդումներ են վարում նախկին իշխանության ներկայացուցիչների վերահսկողության տակ գտնվող հեռուստատեսություններում։ Մասնագիտական տարրական բարեխղճություն ու գրագիտություն չցուցաբերելու երևույթը ես կհամեմատեի համավարակի ախտանիշներից փորլուծության հետ, որի պատճառը հաճախ հիգիենայի կանոնները չպահպանելն է։

Արդյո՞ք իսկապես փոխվել է աշխարհը թագաժահրի համավարակի ընթացքում

Ումբերտո Էկոն վախճանվեց 2016-ին։ Բայց ժամանակակից նշանավոր փիլիսոփաները տալիս են քաղաքական համակարգերի համավարակային ժամանակաշրջանի իրենց բնութագրումները։

«Պատմության վախճանը» հռչակավոր գրքի հեղինակ Ֆրենսիս Ֆուկույաման արձանագրեց ԱՄՆ-ի պարտությունը։ «Երկիրը հսկայական պետական ​​ներուժ ու տպավորիչ հաջողություններ ուներ նախորդ համաճարակաբանական ճգնաժամերի դեմ պայքարում, սակայն հասարակության ներկա սուր բևեռացվածությունը և անիրազեկ առաջնորդը թույլ չտվեցին պետությանը արդյունավետ գործել:

Ալեն Բադյուին վշտացրել է այն, որ «համաճարակի մարտահրավերն ամենուրեք տարրալուծում է Բանականությանը ներհատուկ գործողությունները՝ ստիպելով վերադառնալ դրա բացակայությանը բնորոշ տխուր հետևանքներին՝ խորհրդամոլությանը, կեղծիքին, աղոթքին, մարգարեությանն ու նզովքներին, որոնք սովորական էին Միջնադարում՝ ժանտախտի համաճարակի ժամանակ»։

Դա հատկապես նկատելի է սոցիալական մեդիայում, որը համավարակի ընթացքում իրեն դրսևորեց որպես «նախևառաջ արհամարհանքի, անվերահսկելի ասեկոսեների, նախաջրհեղեղյան «նորարարությունների» հայտնաբերման և անգամ ֆաշիստական օբսկուրանտիզմի տարածման տարածք»։ Այս համատեքստում լավ նորություն է, որ քաղաքական ուժերը «մնացին, ըստ էության, ազգային», իսկ «կայսերականությունների միջև մրցակցությունը՝ հին (Եվրոպա և ԱՄՆ) և նոր (Չինաստան, Ճապոնիա․․․), բացառում է կապիտալիստական համաշխարհային պետությանը տանող ցանկացած գործընթաց»։

Ագամբենը անհանգստացած է, որ գիտությունը ժամանակակից աշխարհում վերածվել է կրոնի, որին պետք է կուրորեն հավատալ։ Այդ թվում՝ բժշկությանը։ «Մեր երկրում մահվան ամենատարածված պատճառը սրտանոթային հիվանդություններն են, և հայտնի է, որ դրանց քանակը կարող է նվազել, եթե մարդիկ ավելի առողջ կենսակերպ վարեն և որոշակի սննդակարգի հետևեն։ Բայց որևէ բժիշկ մտքով էլ չէր անցկացնի, որ այդ կենսակերպն ու սննդակարգը, որ ինքը խորհուրդ է տալիս բուժառուներին, կարող են դառնալ իրավական կարգավորման առարկա, որ կարող է համաձայն օրենքի որոշվել, թե ինչ է պետք ուտել և ինչպես ապրել՝ մեր ամբողջ գոյությունը վերածելով առողջ լինելու պարտավորության»։

Կուռ տրամաբանությամբ պաշտպանելով լայն ըմբռնմամբ գոյության իրավունքը ընդդեմ «նոր բնականության»՝ հակահամավարակային սահմանափակումների, հարգելի գիտնականը չի նկատում, որ ճիշտ չէ սրտանոթային հիվանդությունները համեմատել համավարակի հետ, որովհետև թագաժահրը… վարակիչ է, և սահմանափակումներն ուղղված են ոչ միայն սեփական, այլև ուրիշների կյանքը պահպանելուն։

Սլովենացի հոգեվերլուծաբան-փիլիսոփա, մշակութային քննադատ, հեգելյան մարքսիստ Սլավոյ Ժիժեկը նկատում է պետության դերի ուժեղացումը, որի առավելագույն սոցիալականության կողմնակիցն է, ճիշտ է՝ ոչ սովետական-բրեժնևյան տարբերակով։

Ռուս փիլիսոփա Ալեքսանդր Շչիպկովը նույնպես պաշտպանում է սոցիալական խնդիրներում պետության դերի ակտիվացումը, որը նա կկոչեր «ժողովրդավարության ամրապնդում, քանի որ ծառայելու է  սոցիալական մեծամասնության շահերին։ Ուրիշ խնդիր է,- շարունակում է նա,- որ Ռուսաստանում տնտեսական բյուրոկրատիան առայժմ չի շտապում սոցիալական միջոցառումներ ձեռնարկել և վերածում է երկիրը վայրի լիբերալիզմի արգելոցի։ Ավաղ, ոչ առաջին անգամ, մենք կախված ենք գնացքի ոտնակից, որը դեպի անդունդ է ընթանում»։

Միով բանիվ, փիլիսոփաների վերլուծությունները վկայում են, որ աշխարհում «գլոբալիստների» ու «ազգայնականների» ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ երկրորդների։ Երկրների ֆիզիկական սահմանները փակվելու հանգույն, համամոլորակային, անդրազգային կառույցների և պետական շահերի պայքարում նախընտրությունը տրվել է պետությանը։

Հայաստանում դրա վառ դրսևորումներից են երկու տասնյակից ավելի սոցիալական ծրագրերը, ինչպես և այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախապես համաձայնություն տալուց հետո, հանկարծ հրաժարվեց «Հայրենական մեծ պատերազմում» հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթին ներկա գտնվելու համար Մոսկվա մեկնելուց. Քաղաքական մեկնաբանները Հայաստանում դա բացատրեցին ապրիլին Արցախի հարցում ՌԴ արտգործնախարար Լավրովի ադրբեջանամետ հայտարարությամբ և համաշխարհային գնանկման պայմաններում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը դեպի բարձրացում ուղղորդելու Կրեմլի ջանքերով։

պոլիտիկ Թաշինյան Պուտին

Ինչպե՞ս վարվեցին այս իրավիճակում հայաստանյան քաղաքական ուժերը, որոնք իրենց ռազմահայրենասեր են հայտարարում, ազգային անվտանգության և ավանդական արժեքների ջատագովներ։ Նախ իրենց ԶԼՄ-ներով, ապա իշխանափոխության նկրտումներով նրանք դարձան «թագաժահրանգներ», անցան համավարակը ժխտող «նոր գլոբալիստների» կողմը։

Մնացյալ աշխարհում այս պայքարին օժանդակում են միայն որոշակի կառավարություններ, որոնց հաշվարկելի օգուտը մեկն է՝ ինչքան վատ ուրիշ երկրների համար, այնքան լավ՝ իրենց։ (Հոդվածի առաջին մասերում նշել եմ ռուսական գործոնը)։

Իսկ թե ինչ կոչել մարդկանց, որ, իրենց պետությունը համաշխարհային աներևույթ կառավարության գործակից համարելով, աղետի ժամին, ելնում են նրա դեմ, ես չեմ ասի՝ եզրակացությունները թողնելով ընթերցողին։

Վահրամ Մարտիրոսյան

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *