Կա արդյո՞ք կյանք կորոնավիրուսից այն կողմ։ Տեղեկատվական տեսանկյունից, տպավորություն է, որ ոչ։ Լրատվականները միայն մեկ թեմայի շուրջ են տեղեկատվություն արտադրում։
Իհարկե, կան բացառություններ․ Ամերիկայում եթե ոստիկանական բաժանմունքներ են այրում, դա հետաքրքրաշարժ և քլիքաբեր թեմա է։ Սակայն, նման թեմաները գալիս, գնում են, կորոնավիրուսը մնում է մեզ հետ։
Բայց լրատվականները այսօր լուրերի մի մասն են։ Սոցցանցերը գեներացնում են շատ ավելի մեծ քանակի տեղեկատվական հոսքեր, որոնք հաճախ զուգահեռ իրականություն են ստեղծում՝ համեմատած ավանդական մամուլի հետ։
Ի՞նչ ունենք այստեղ։ Խոսենք, բնականաբար, միայն Հայաստանից։ Փաստացի մի քանի մեծ խումբ է ձևավորվել, փորձենք մի քանիսին նշել։
ա․ Երիտասարդություն, որը ոնց ապրում էր Ինստագրամում, այնպես էլ շարունակում է ապրել՝ հեռու ցանկացած կորոնավիրուսից, քաղաքականությունից։
Այստեղ ապրում են մարդիկ, որոնց չկանգնացրեց նույնիսկ երկու ամիս տևած կարանտինը։ Իրենք այնքան լուսանկարներ ունեին անհոգ կյանքի արխիվից, որ հանգիստ օգտվեցին ռազմավարական պաշարներից և աննկատ շարունակում են նույն կյանքը, ինչ մինչև կորոնավիրուսն էր։
բ․ Ամենանոր, ամենաթարմ, ամենաարագ աճող և քիչ ուսումնասիրված Tik-Tok-ի համայնքը։
Այստեղ բնակվում են ամենաաշխատասեր մարդիկ, որոնք 15 վայրկյանանոց տեսանյութ նկարելու համար կարող են ժամերով նախապատրաստվել, ներգրավել ողջ ընտանիքը, հատուկ գնալ տատիկի տուն, վառել սեփական ամբարը․ միայն թե հավես բան ստացվի ու վերջապես #rec լինի (եթե վերջին պահը չհասկացաք, երևի թե դա էլ ձեր անձնական, փոքրիկ երջանկությունն է)։
Այստեղ կան բազմաթիվ մարդիկ, որոնք համոզված են, թե COVID-19-ը անցյալ տարվա ինչ-որ հիանալի ավտոմեքենա է կամ թույն մաշնա՝ կախված վերջին ավարտած դասարանից։
գ․ Ֆեյսբուք և Յություբ, vol 1․ այստեղ ինչ-որ առումով արդեն կարելի է միավորել։
Յություբում կան երիտասարդներ, որոնք ավելի շատ հարում են Ինստագրամին կամ նույն Tik-Tok-ին, կան զանազան պրանկերներ, ֆուդբլոգերներ, ճամփորդային վլոգերներ (մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց տոկունությունը և հիշատակը միաժամանակ)։ Նույն տիպի երիտասարդներ կան Ֆեյսբուքում։
ե․ Ֆեյսբուք և Յություբ, vol 2. այստեղ մտնում ենք լուրջ դաշտ։ Այ այստեղ սկսվում է կորոնավիրուսը։ Նաև գլխուղեղի տարբերակումը։
Այս բաժինն ունի բազմաթիվ ենթաբաժիններ, որոնց մենք կսկսենք նոր տառակալումից․
Եվ այսպես․
ա․ Պարզապես կորոնավիրուսից մտահոգվածներ։ Սա մեծամասնությունն է։ Մարդիկ, որոնք պարզապես ամեն օր ժամը 11-ին նայում են, թե քանի մարդ է վարակվել Հայաստանում, ինչ է կատրվում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ինչ են ասում բժիշկները և այլն։ Ու հետո քննարկում են, վերլուծում, քննադատում, ջղայնանում և այլն։
բ․ Քաղաքականության մեջ թաթախվածներ։ Դիր և ընդդիմադիր մարդիկ, որոնք չեն կարողանում պոկվել քաղաքական ելևէջներից։
Բայց քանի որ կորոնավիրուսը հետաքրքրում է «ա» կետի բնակիչներին, իսկ նրանք մեծամասնությունն են և խիստ կարևոր են այս մարդկանց գոյատևման համար, ապա ողջ քաղաքականությունը, ինտրիգները փաթեթավորվում են կորոնավիրուսով, որ «ա» կետի ժողովուրդն ուտի այդ բրդուճները։
գ․ Բացահայտիչներ, որոնք գտնում են մութ պահեր և դրանք լուսավորում են բոլոր մակարդակներում՝ սկսած շքամուտքի տարօրինակ ճռռացող դռան հետևում կանգնած մութ ուժերից, մինչև Բիլ Գեյթսը և 5G կայանները (մեկ անգամ ևս նշենք, որ Հայաստանում դրանք գոյություն չունեն)։
դ․ ԱՄՆ-ում բնակվող հանրապետականին հարող, Թրամփին սիրող և ՌԴ-ում ապրող և Պուտինին սիրող մեր սփյուռքահայ օգտատերերը։
Որոնք բավականին նման ոճով, սակայն հակառակ տեսակետներից բացահայտում են այն, ինչ չի հաջողվել բացահայտել «գ» կետի ներկայացուցիչներին։
Եվ վերջում հարկ է առանձին նշել Թվիթերի բնակիչներին, որոնք բոլորին ասում են, որ Թվիթերից դուրս չեն գնում, բայց իրականում ուշադիր կարդում են, նայում են, սքրինշոթում են բոլոր մնացած կետերի բնակիչներին։
Եվ հավեսով առավոտը սկսում բոլոր մնացածին ձեռ առնելով։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: