2020.05.16,

Քննադատ

Մի քիչ հանրային հեռուստատեսության մասին. չեխական օրագիր

author_posts/nouneh-sarkissian
Նունե Սարգսյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն

Չեխական հեռուստատեսության (հենց այսպես է կոչվում Հանրային հեռուստատեսությունը) պատմությունը սկսվում է 1992 թվականի հունվարի 1-ից: Դրանից մի քիչ վաղ, 1991-ի վերջում, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունն ընդունեց օրենք՝ հեռուստատեսության մասին: Օրենքը տարանջատեց երկու տեսակի հեռարձակողների՝ հանրային և «արտոնագրային» և հնարավորություն տվեց ստեղծելու մասնավոր ալիքներ: Երկու ամիս անց, Չեխիայի ու Սլովակիայի բաժանումից միանգամից հետո, դաշնային հեռուստատեսության չեխական բաժինը վերածվեց Չեխական հեռուստատեսության:

Այն դժվար ճանապարհ անցավ՝ Կոմունիստական կուսակցության գաղափարախոսական գործիքից վերափոխվելով պետական զանգվածային միջոցի, այնուհետև՝ հանրային հեռարձակողի:

Երկու հանրային հեռարձակողները՝ Չեխական հեռուստատեսությունը և Չեխական ռադիոն, գոյություն ունեն միմյանցից անջատ: Հնարավոր միավորման մասին խոսակցությունները դեռևս կողմերի որևէ մեկի աջակցությունը չեն ստանում: Չեխական հեռուստատեսության 2900 աշխատակիցներն ապահովում են  74%-ը սեփական արտադրության վեց ալիքներում:

ČT1-ը առաջին բազմաֆորմատ ընտանեկան ալիքն է, որը ներկայացված է ծրագրերի բազմազանությամբ՝ սերիալներ, տեղեկատվական թողարկումներ, ժամանցային և մանկական ծրագրեր, բեմականացումներ, երաժշտական հաղորդումներ: ČT1-ը դիտողականությամբ երկրորդ ալիքն է Չեխիայում: 2019-ին նրա լսարանը հասավ 16,5 %-ի:

ČT2-ը նույնպես բազմաֆորմատ ալիք է, բայց տարբերվում է իր թիրախային լսարանով: Այն հասցեագրված է հասուն լսարանին՝ բավականին մեծ պահանջներով ու սպասելիքներով: Ալիքը կարելի է դիրքավորել որպես կրթական, որի հիմնական ռազմավարությունը լուսավորելն է ու օգնելը վերաիմաստավորելու ժամանակակից հասարակության խնդիրները: Հենց ČT2-ն է կատարում հեռարձակողի վրա դրված պարտականությունը. պատմել երկրի տարբեր շերտերի ու խմբերի կյանքի մասին: Ալիքը ցուցադրում է հաղորդումներ ազգային, էթնիկական փոքրամասնությունների, քաղաքացիական հասարակության, հոգևոր համայնքների մասին: Շատ են պատմական և ուսումնական շարքերը: Ալիքի ժանրային առանցքը վավերագրության արտադրությունն է, ինչպես չեխական, այնպես էլ արտասահմանյան:

ČT24-ը նիշային լրատվական ալիք է: Որոշ իմաստով՝ այն Չեխական հեռուստատեսության կենտրոնն է: Հենց այդ ալիքի վրա է կենտրոնանում լսարանի ուշադրությունը երկրի համար կարևոր իրադարձությունների ժամանակ: Համազգային նորություններից բացի ցուցադրվում են նաև տեղական և միջազգային լրատվական թողարկումներ, հատուկ թեմատիկ տեղեկատվական հաղորդումներ՝ տնտեսության, մշակույթի, գիտության մասին, արդիական հարցազրույցներ («Ստուդիա 24»), լրագրողական հետաքննություններ: Ալիքն անընդհատ թարմացվում է, հայտնվում են նոր բաժիններ և թեմաներ:

ČT24-ը ողջ Չեխական հեռուստատեսության տեղեկատվական հեռարձակման պատասխանատուն է: Այն ապահովում է ոչ միայն հանրապետության հիմնական «Udalosti» (իրադարձություններ) տեղեկատվական թողարկումը, որը միաժամանակ ցուցադրվում է ČT24 և ČT1 ալիքներով, այլև սպորտային հեռարձակումը, մշակութային լուրերը, նույնիսկ մանկական տեղեկատվական հաղորդումը:

ČT24-ի թիմը պատրաստում է լուրերի եզակի թողարկումներ ժեստերի լեզվով՝ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Խոսքը ոչ թե սուրդո թարգմանության մասին է, այլ հաղորդումների, որոնք ի սկզբանե ստեղծվել են ժեստերի լեզվով և հետո միայն «թարգմանվել»:

Տեղեկատվական ծառայությունն ունի լրատվական տաղավարներ հանրապետության չորս քաղաքներում և թղթակիցներ աշխարհի 11 երկրներում:

«Մենք պետք է արտադրենք տեղեկատվություն, որը մասնավոր ալիքները չեն արտադրի: Պետք է լուսաբանենք տեղական ու միջազգային թեմաները: Մեր լուրերի հիմնական թողարկման ծավալի 36%-ը միջազգային տեղեկատվություն է: Գործնականորեն բոլորը հիմա ցուցադրում եմ լուրեր կորոնավիրուսի մասին, բայց միայն մեզ մոտ կարելի է գտնել տեղեկություն, օրինակ, Հայաստանի մասին»,- պատմում է ČT-ի տեղեկատվական և սպորտային հեռարձակման ղեկավար Զդենեկ Շամալը:

Չորրորդը՝ ČTsport-ը, դասական սպորտային ալիք է, որը լուսաբանում է ողջ սպորտային ներկապնակը՝ հանդբոլ և հոքեյ, մինի ֆուտբոլ և բասկետբոլ, չեխական և միջազգային չեմպիոնական խաղեր ու միջազգային մրցումներ, ունի նաև «Սպորտը տարածաշրջանում» թողարկումներ:

Հինգերորդ հաճախականությունը կիսում են երկու ալիք՝ մանկականն ու մշակութայինը (ČT:D և ČTart): Մանկական հեռարձակումը զբաղեցնում է առավոտվա 6-ից մինչ երեկոյան 8-ը ժամանակահատվածը, հետո հեռարձակումն անցնում է ČTart-ին: Մանկական ալիքը հասցեագրված է բոլոր տարիքների երեխաներին և չափազանց բազմազան է՝ մանկական սերիալներ, մուլտֆիլմեր, նորություններ և զվարճալի դասեր, կրթական ծրագրեր դասական երաժշտության մասին և շատ այլ բաներ:

Արտադրությանը մասնակցում են հենց երեխաները, նրանք նկարահանվում են սերիալներում, անիմացիա պատրաստում, նորություններ ստեղծում, սովորում և սովորեցնում են: Եվ դա դարձնում է ալիքը առանձնակի պահանջված թիրախային լսարանի համար:

ČTart ալիքի հաղորդումները պատմում են արվեստի և մշակույթի գրեթե բոլոր ոլորտների մասին՝ ճարտարապետություն, դիզայն, լուսանկարչություն, կինո և հեռուստատեսային դրամա, երաժշտություն և գրականություն: Հաղորդումները ինչպես չեխական, այնպես էլ արտասահմանյան արտադրության են, ցուցադրվում են լավագույն աշխատանքները հեռուստատեսության արխիվից, մշակութային նորություններ: ČTart-ի լսարանի չափաբաժինը բավականին փոքր է, 2019-ին այն հազիվ հասնում էր 1,13%-ի: Բայց պետք է հաշվի առնել, որ ալիքը գտնվում է այն նույն սանդղակում, ինչ բոլոր նույնանման նիշային ալիքները, օրինակ BBC-ի կամ Arte-ի նման:

Լսարանը բարձր է գնահատում ալիքի յուրահատկությունը (75%), կրթական արժեքը, իսկ Չեխական հեռուստատեսությունը տվյալ ալիքի բովանդակությունը համարում է իր առաքելության կարևոր բաղադրիչ:

Հեռուստաընկերությունը մասնաճյուղեր ունի երկրի մյուս քաղաքներում՝ Օստրավայում և Բռնոյում։

Վերգետնյա թվային հեռարձակումը Չեխական հեռուստատեսության բովանդակության տարածման ընդամենը հարթակներից մեկն է: Օրական 24 ժամ ցանկացած հաղորդում կարելի է գտնել արբանյակով, ինտերնետում կամ մոբիլ հարթակների վրա: Չեխական հեռուստատեսությունը ապահովում է բոլոր հարակից ծառայությունները՝ HbbTV, Teletext ČT, Teletext Express, EPG, լուսագրեր, SSU.

Չեխական հեռուստատեսության հանդեպ վստահության մակարդակը բավականին բարձր է: Չեխական հեռուստատեսության խորհրդի նախկին նախագահ Յան Բեդնարն ասում է, որ «Չեխական հեռուստատեսությունը բոլորի համար է, և մարդկանց 55%-ը վստահում է նրան, իսկ մասնավոր ալիքների դեպքում այդ թիվը տատանվում է 25-30%-ի միջև»:

ČT-ն համաճարակի օրերին

2020-ի մարտը կմնա պատմության մեջ որպես հեռուստադիտման աննախադեպ աճ, նույնիսկ ցատկ, COVID19-ի հետ բախված երկրներում: Չեխիայում հեռուստասպառումը հասավ ամենաբարձր ցուցանիշների՝ վերջին 17 տարիների ընթացքում: Չեխիայում հեռուստադիտման չափող Nielsen-Admosphere-ի տվյալներով՝ մարտի 10-ից հետո, երկու շաբաթվա ընթացքում, երբ կառավարությունը աստիճանաբար սկսեց փակել բոլոր ձեռնարկություններն ու ժամանցի վայրերը, լուրերի միջին դիտումը հասավ օրական 67 րոպեի, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ տվյալները:

ČT24-ը մարտին դարձավ չորրորդ ամենադիտվող ալիքը հանրապետությունում: Նրա հաղորդումները դիտեց գրեթե 6,6 մլն մարդ, այսինքն, Չեխիայի Հանրապետության մեծահասակ քաղաքացիների 77,5%-ը: Լսարանի բավարարվածությունը 10 կետային սանդղակի հաշվարկով հասավ 8,8-ի:

Կորոնավիրուսի համաճարակը հաստատեց Չեխական հեռուստատեսության կարևոր դերը: Kantar CZ ընկերության հետազոտությունը ցույց տվեց, որ հարցվածների երկու երրորդի համար համավարակի օրերին ČT-ը դարձել էր գլխավոր տեղեկատվական աղբյուր: Եվ բնակչության ընդամենը 7%-ն է տեղեկություն ստացել այլ ալիքներից: Դիտողների տասից ինը Չեխական հեռուստատեսության լուրերը ներկա ճգնաժամի մասին ընկալում էին որպես կարևոր, վստահելի, օբյեկտիվ, հստակ ու հասկանալի տեղեկատվություն:

Nielsen Admosphere հարցման համաձայն՝ ČT24-ի վեբ հարթակն ամենաարժանահավատ աղբյուրներից մեկն է Չեխիայում: Եթե անցյալ տարի այն ուներ ամսական միջինը 1,25 մլն այցելու, ապա այս տարվա մարտին այցելուների քանակը եռապատկվել էր:

Մեդիա փորձագետ Յոզեգ Շլերկան Չեխական ռադիոյին տված հարցազրույցում, խոսելով համավարակի ժամանակ լրագրության խնդիրների մասին, օրինակ բերեց իրավիճակը հաղթահարելու չեխական հանրային հեռուստատեսության և ռադիոյի ունակությունը. «Նրանք արագ արձագանքեցին և առաջարկեցին նոր բովանդակություն, ավելի հարմարեցված ինքնամեկուսացման պայմաններին»:

Երբ երեխաները չեն հաճախում դպրոց, դպրոցն է գալիս նրանց տուն: Արդեն մարտի 16-ին ČT2-ի եթերում հայտնվեց UciTelka (անվանումը բառախաղ է «ուսուցիչ» և «հեռուստատեսություն» բառերով) հաղորդումը՝ ուղղված կրտսեր դասարանների աշակերտներին: Շարքի հեղինակները ուզում էին օգնել երեխաներին հաղթահարել հեռավար ուսուցման դժվարությունները:

Ամեն առավոտ, ժամը 9-ին եթերում էր հաղորդում, որը վարում էին տաղանդավոր ուսուցիչները, իսկ մասնակցում էին աշակերտները, որոնք լսարանի հասակակիցն էին, ինչը գրավիչ էր դարձնում շարքը: Մաթեմատիկա, չեխերեն լեզու, շրջակա միջավայր և նույնիսկ ֆիզկուլտուրա:

Ֆիզկուլտարայի հեռուստադասերը վարում էին հայտնի սպորտսմենները, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոնները: Ուսուցողական ծրագրերը հայտնվեցին նաև ČT1-ում: Դրանք հաշվարկված էին բարձր դասարանների աշակերտների համար, օգնում էին նախապատրաստվել ավարտական քննություններին:

Այս նախագծի մաս դարձավ ինտերակտիվ կայքը, որտեղ կարելի էր տնային հանձնարարություններ ստանալ և հարցեր ուղղել ուսուցիչներին:

Ծնողները կարող էին շտկել ծրագիրը՝ շփվելով կայքի հեղինակների հետ: Ծնվեց մի ամբողջ կրթական հարթակ, որը դարձավ օժանդակություն ոչ միայն երեխաների, այլև ծնողների ու ուսուցիչների համար:

Մարտի 23-ին Չեխական հեռուստատեսությունում մեկնարկեց ČT3 նոր ալիքը, որը նույնպես համավարակի «պատասխան» էր: Ծրագիրը ստեղծվեց օգնելու համար ներկա իրավիճակում բնակչության ամենախոցելի խմբին՝ տարեց մարդկանց, որոնք հարկադրաբար հայտնվեցին սոցիալական մեկուսացման պայմաններում: Ալիքի հաղորդումները սկսվում են առավոտյան 9-ին և ավարտվում երեկոյան 5:25-ին: Ալիքի հիմքում չեխական հեռուստատեսության հարուստ արխիվային ֆոնդն է՝ հին ֆիլմերը, համերգները, հումորային հաղորդումները: Ներառված են նաև թեմատիկ հանդեսներ ու բազային տեղեկատվական թողարկումը:

«Այս բարդ իրավիճակում մենք ուզում ենք սպասարկել մեր լսարանի ևս մեկ մեծ խմբին: Ուզում ենք, որ դիտողները ունենան բարձր տրամադրություն, իսկ հաղորդումները արթնացնեն հաճելի հիշողություններ»,- այսպես մեկնաբանեց ալիքի ստեղծումը Չեխական հեռուստատեսության գլխավոր տնօրեն Պետր Դվորժակը:

Ալիքի ստեղծումը հնարավոր դարձավ միջոցների և ռեսուրսների մտածված վերաբաշխման շնորհիվ, շատ հաղորդումների կրճատման պատճառով: Չեխական հեռուստատեսության ղեկավարությունը ճկուն կերպով արձագանքեց նախապատվությունների փոփոխմանը:

Ապրիլի 8-ին Չեխական ռադիոն պատրաստեց ռեպորտաժ նոր նախագծի մասին, պատմելով, որ Չեխական հեռուստատեսությունը սկսել է նկարահանել «Սերը կորոնայի ժամանակ» նոր սիթքոմ, որը խաղարկում էր Մարկեսի «Սերը ժանտախտի ժամանակ» հայտնի վեպի անվանումը:

Սերիալ ստեղծողները դժվարությամբ էին աշխատում տարաբնույթ սահմանափակումների ընթացքում: Պատմության առանցքում երկու ընտանիք են և երկու տուն: Առաջինը՝ ամուսնալուծության եզրագծին կանգնած ամուսիններ են, որոնք փորձում են իրենց խնդիրները լուծել համատեղ մեկուսացման պայմաններում: Երկրորդը՝ միայնակ ծերուկ և պատանի են: Տղայի ծնողները կարանտինի պատճառով մնացել են արտասահմանում, և պատահականորեն միասին հայտնված այդ երկու հերոսները հիմա ստիպված են հոգ տանել միմյանց մասին: Սերիալի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 4-ին:

Պրոդյուսեր Տոմաշ Բալդինսկու խոսքերով՝ «Պետք էր կառուցել նկարահանումների մի ամբողջ համակարգ այնպես, որ նկարահանման փուլում քիչ մարդ մասնակցեր։ Դա նկարահանման խմբի կմախքն էր: Պետք էր գտնել դերասանների, որոնք միասին են ապրում, որ կարողանանք նրանց նկարահանել առանց դիմակների»:

Նկարահանումների համար վարձակալել էին դատարկ շինություն, որ բացառվի նկարահանող խմբի ու բնակիչների շփումը: Օգտագործվում էին ռոբոտ-տեսախցիկներ՝ հեռավար կառավարմամբ, որ անգամ օպերատորները չլինեն նկարահանման հրապարակում: Ամբողջ խումբն աշխատում էր դիմակներով:

Դիմակները համավարակի ժամանակ աշխատող Չեխական հեռուստատեսության պատմության յուրահատուկ մասն են: Չեխիայում դիմակների կրումը հանրային վայրերում պարտադիր է: Դիմակի բացակայության դեպքում նախատեսված է տուգանք մինչև 20,000 CZК (մոտ 725 եվրո):

Այդ տուգանքը մի քանի անգամ ստիպված եղան վճարել նույնիսկ կառավարության անդամները, նախարարները: Դիմակներով էին նաև եթերում բոլոր հաղորդավարները, հաղորդումների հյուրերը, պետության ղեկավարները, հաղորդումներին մասնակցող երեխաները:

Այդ բավականին տարօրինակ տեսարանը մի քանի հաղորդում դիտելուց հետո դառնում էր սովորական: Հետաքրքիր էր նայել կադրում հայտնվող մարդկանց՝ գունավոր, հիմնականում «ինքնաշեն» դիմակներով:

Միայն ապրիլի վերջում թույլատրվեց հաղորդավարներին դիմակ չկրել, եթե նրանք մենակ են տաղավարում: Այդկերպ Չեխական հեռուստատեսությունը համավարակի ժամանակ ոչ միայն տեղեկացնում, կրթում և զվարճացնում էր հասարակության տարբեր շերտերին, այլև ստեղծում էր վարքագծային խիստ մոդել, օրինակ ծառայում, կարգապահությունը դարձնում տեսանելի: Եվ դրանով իսկ օգնում էր պայքարել վարակի դեմ:

Նունե Սարգսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *