Կորոնավիրուսը հեռուստաընկերությունների կյանքում շատ բան է փոխել: Աշխատանքային սենյակները կիսով չափ դատարկվել են, իրադարձությունները քչացել, բուժհաստատությունների, մեկուսացման վայրերի դռներն էլ լուսաբանման համար փակվել:
Լսարանին փոխանցվող տեղեկատվությունը պաշտոնական է, որը լրատվամիջոցներին է հասնում պաշտոնական խողովակներով (պաշտոնյաների, Կառավարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ֆեյսբուքյան էջերով):
Տեղեկատվություն ստանալու, պաշտոնյաների հետ շփվելու միակ հնարավորությունը լրագրողների համար Ազգային Ժողովն է և Կառավարության մամուլի կենտրոնի առցանց ասուլիսները:
Մարտի կեսերից սկսած դրսում նկարահանումներ արվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հիմնականում լրատվականի հաղորդումների խիզախ լրագրողներն են ռիսկի գնում և ոչ պակաս համարձակ զրուցակիցների հետ մաքուր օդում զրուցում:
Հանրային միջացառումներ չկան, տաղավարային նկարահանումները, որտեղ պարտադիր հանդիսատես կա, անորոշ ժամկետով հետաձգված են:
Հեռուստաընկերություններն անցել են Live ֆորմատի՝ մի շարք հաղորդումներ շարունակելու, լսարանին չկորցնելու և գովազդային պայմանագրերը պահելու համար։
Ուղիղ միացումներ ամենաշատն օգտագործվում են լրատվական, քաղաքական, տնտեսական հաղորդումների ժամանակ: Տևում մի քանի րոպեներից, մինչև ժամ և ավելի: Եվ քանի որ լսարանը վերջին տարիներին սովորել է հաղորդակցության այս ձևին, գործը չի բարդանում:
Երկիր Մեդիա
Երկիր մեդիա-ի Երկրի հյուրասրահի հյուրերը հիմնականում խոսում են ուղիղ միացմամբ, այս ընթացքում միայն մի քանի տաղավարային զրույց է եղել: Ուղիղ միացմամբ սկսել են աշխատել մարտի վերջից:
Իսկ ահա Երկրի հարցը հաղորդումը հիմնականում նկարահանվում է ստուդիայում՝ երկու զրուցակիցների միջև պատշաճ հեռավորության պայմաններում:
«Արտաքին երկիր», «Տնտեսական երկիր», «Երկիրն այսօր․ կիրակնօրյա» հաղորդումները հիմնականում պատմում են կատարվողի մասին: Լրագրողի և աղբյուրի հետ շփումը գրեթե նվազագույնի է հասցված, դրսում արված կադրեր, մասնագետների ու փորձագետների մեկնաբանություններ չկան:
Լրատվության ներկայացման այս ձևը մի տեսակ ստերիլ է, շատ մաքուր և լսարանի մոտ ավելի շատ հարցեր է առաջ բերում, քան ստեղծված համաճարակի պայմաններում պարզաբանումներ տալիս: Տեսանյութերի և ռեպորտաժների մեջ ուղիղ տեսակապով ձայնագրված մեկնաբանությունները շատ քիչ են:
Երկիր մեդիան ունի խոհարարական երկու հաղորդում, ցուցադրում է փաստագրական ֆիլմեր, մանկական բովանդակություն և եթերն այլ կերպ լրացնելու խնդիր չունի:
Արմենիա TV
Արմենիա հեռուստաընկերության եթերային ցանցում շատ են ժամանցային, հումորային հաղորդումները, տեղական և արտասահմանյան հեռուստասերիալները: Բազմազան արտադրանքն օգնում է հեռուստաընկերությանը դիմագրավել արտակարգ դրության ժամանակ նկարահանումների սահմանափակմանը:
Արմենիա TV-ին աշխատանքները կազմակերպում է արտակարգ դրության պայմաններին համապատասխան, ըստ անհրաժեշտության փոփոխում եթերացանցը։
Այս օրերին լսարանի հետ կենդանի շփումը պահպանելու համար սկսել է նոր հեռուստաֆորմատ՝ #տանըմնա ձևաչափով։ Նոր «Տանը live-ա» հաղորդման ընթացքում Ռոբերտ Մարտիրոսյանն ու Գարիկ Պապոյանը, յուրաքանչյուրն իր տնից, միանում են տարբեր մարդկանց և երեկոյան հեռուստազրույց ունենում։
Ուղիղ տեսակապով են հյուրերի հետ շփվում նաև «Բարի լույս»-ի հաղոդավարները: Լրատվական թողարկումները կարելի է ասել չեն տարբերվում այլ լրատվականներից, որովհետև արտակարգ դրությունը նեղացրել ու սահմանափակել է լուսաբանման թեմաները:
Այժմ եթերում է գարնանային եթերաշրջանը, մի քանի նոր հեռուստանախագծեր կան։ Փաստացի գարնանային եթերաշրջանի համար եղած հաղորդումները օգնում են լսարան պահել, սակայն եթե իրավիճակը անորոշ մնա, արդեն ամռանն ու աշնանը եթերի կազմակերպման խնդիր կարող է առաջանալ:
Ի տարբերություն Երկիր մեդիայի, որտեղ հարցազրույցներ են ու քննարկումներ, որոնք հնարավոր է live-ով կազմակերպել, Արմենիայի սերիալների ու հաղորդումների համար նկարահանումներ են անհրաժեշտ, որտեղ ներգրավված մարդկանց թիվը շատ է:
Շանթ
Շանթում մոտեցումները տարբեր են: Օրինակ առավոտյան հաղորդման ժամանակ հյուրերի հետ շփվում են ուղիղ տեսակապով, իսկ «Մամայի եփածն ուրիշ է», հաղորդման ժամանակ հյուրերը տաղավարում են:
Հեռուստաընկերությունը մարդկանց շփումը սահմանափակելու համար ոսկե միջին է ընտրել, եթե գործը չի տուժի՝ կարելի է և live միացմամբ զրուցել մարդկանց հետ: Սակայն մի շարք տաղավարային հաղորդումներ, որտեղ մարդկանց թիվը կարող է մինչ տասի հասնել, չեն տուժել և եթերում են:
Եթերին հետևելով պարզ է դառնում, որ Շանթը դեռ պահուստային բովանդակություն ունի և կարող է մինչև ամառ եթեր ապահովել։ Եթերացանկի մեծ մասը տեղական սերիալներն են ու հումորային հաղորդումները, որոնք վաղ են նկարահանվել և անհրաժեշտության դեպքում կարող են կրկնվել:
Առաջին ալիք
Հանրային հեռուստաընկերության եթերային բազմազանությունը և պաշտոնական տեղեկատվության հեռարձակման մենաշնորհը անցնցում են պահում եթերը:
Ուղիղ միացումներով է աշխատում լրատվական թողարկումը: Ռեպորտաժներում կարող եք հանդիպել դեմ առ դեմ, ինչ նաև տեսակապով ձայնագրված մեկնաբանություններ:
Իսկ ահա հարցազրույցի ժանրում հաղորդումները կազմակերպվում են տաղավարում: «Կապրենք կտեսնենք» հաղորդումն օրինակ ուղիղ միացմամբ է եթեր հեռարձակվում, մեկ այլ «Մեդիադիտորդ» հաղորդումը, որի տաղավարում հյուրերն ու մասնակիցները շատ էին, այս պահին եթերում չէ:
Ամեն հաղորդման համար Հանրայինի մոտեցումը հատուկ է, եթե պետք է ժամանակավորապես դադարի որևէ թողարկման, ապա այն այլ բովանդակությամբ լրացնելու խնդիր չի առաջանում: Հատկապես, որ հեռուստաընկերությունը հայերեն թարգմանված գեղարվեստական ֆիլմերի և մուլտֆիլմների պահոց ունի, որն այս օրերին անխնա կարող է օգտագործել և շատ հեռուստադիտողների պահել էկրանների մոտ:
«Հանրային դասեր» և «Անատոլիական պատմություն» հեռուստանովելն այս օրերին Հանրայինը մրցակցային են դարձնում վարկանիշներով իրար հետ մրցող Արմենիայի և Շանթի հեռուստաընկերությունների հետ:
Մնացած հեռուստաընկերությունները, որոնք նախկինում էլ սեփական մեծ արտադրանք չունեին, հիմա ցուցադրում են սպորտային հաղորդումներ, գեղարվեստական ֆիլմեր հիմնականում առանց թարգմանության:
Եվ եթե նախկինում լսարանը կարող էին պահել լրատվական հաղորդումներով (ԱՐ, Կենտրոն, Հ2) և հարցազրույցներով, հիմա ոչ շահեկան վիճակում են, որովհետև լրատվությունն ամենուր նույնն է և այս պայմաններում նոր բան ասել գրեթե հնարավոր չէ:
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ հեռուստանկերություններն անցնեն նոր ֆորմատների, որովհետև քանի դեռ վարակը տարածելու վտանգ կա, մարդիկ խուսափելու են եթեր գնալ, դեմ առ դեմ զրույց ունենալ:
Հեռուստաընկերությունների հոգսերը գնալով ավելի են բարդանում: Նրանք հիմա ստիպված են մտածել մի կողմից մրցակցային լինելու և գովազդը պահելու, մյուս կողմից սեփական արտադրությունը չկորցնելու մասին:
Գայանե Ասրյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: