Լավ լրագրողը միշտ է պետք: Բայց հատկապես արտակարգ դրության ժամանակ, քանի որ նա երկկողմանի ֆիլտր է, որը մաղում է պաշտոնական ու ժողովրդական տեղեկատվությունը՝ գտնելով հավասարակշռություն:
Հավաստի ու հասկանալի շարադրված տեղեկատվությունը արտակարգ դրության ժամանակ թանկ բան է:
Եվ քանի որ Հայաստանում հիմա գործում են մեդիայի աշխատանքի անհասկանալի սահմանափակումներ (հղումը միայն պաշտոնական աղբյուրներին, խուճապ տարածելու արգելք, խոշոր տուգանքներ և այլն), ժամանակն է մտածել, թե ինչպես լինել կարևոր, բայց միևնույն ժամանակ ազատ:
Պարզ ասած՝ չլինել գործիք պետության ձեռքում ու չկատարել միայն կցորդի դեր և ընդունել, որ կարևորը պիտի զատվի մանր շահերից ու քաղաքական խաղերից:
Հիմա երբ բոլոր լուրերը միայն կորոնավիրուսի մասին են և այս կամ այն կերպ կապվում են վարակի հետ, ի հայտ են գալիս մի քանի խնդիրներ:
Սոցիալական հեռավորության պահպանումը, հեռավար աշխատանքի բարդություններն ու հիգիենիկ պահանջները դնելով մի կողմ՝ դիտարկենք մասնագիտական խնդիրները:
Առաջնայինը փորձագետ գտնելն է:
Անգամ եթե հիանալի լրագրող եք, առանց տեղեկատվական աղբյուրների ու փորձագետների, ոչինչ անել չեք կարող:
Եվ հիմա ստացվեց այնպես, որ միայն լավ փորձագետ գտնելը քիչ է, հարկավոր է նաև մեջբերել այն մարդկանց կարծիքը, որոնք ունակ են հենց իրենք պահպանել հեռավորությունը սեփական նախասիրություններից ու համակրանքներից: Կամ ծայրահեղ դեպքում՝ այդ մասին հայտնել բացեիբաց:
Փորձագետի հեղինակությունը դառնում է հենց լրագրողի հեղինակությունը: Չարժե խոսք տալ այն մարդկանց, որոնք իրոք անկախ չեն: Օրինակ, ներկայացնում են վերադաս կառույցի կարծիքը, բայց համաձայն չեն այդ կարծիքի հետ կամ անթաքույց կողմնակալ են, քանի որ միշտ են այդպիսին եղել:
Աստղաբանները, հեքիմները և վարակը որպես քաղաքական հովանոց օգտագործողները լավ ընտրություն չեն: Ավելի ճիշտ, անիմաստ ընտրություն են:
Երբ գտնում եք լավ փորձագետի, կարևորվում է երկրորդ հարցը՝ արդյո՞ք հասկանում եք այն, ինչը նա ասում է: Եթե չեք հասկանում գիտական տերմինոլոգիան, բարդ ու խճճված խոսքը, հաստատ այն չի հասկանա նաև լսարանը:
Հատկապես այս իրավիճակում լրագրողները չպիտի վախենան լինել ոչ կոմպետենտ ու առանց վարանելու փորձագետից պահանջել պարզաբանումներ՝ մարդկային լեզվով ու առանց լղոզված ձևակերպումների:
Արժե նույն հարցը տալ այնքան, որ հասկանալի դառնա փորձագետի միտքը անգամ ոչ շատ պատրաստված ընթերցողի համար:
Օգտագործել տվյալներ, ստուգել դրանք, բայց ոչ միայն
Իհարկե, տվյալների ստուգումը բոլոր ժամանակներում է անհրաժեշտ, բայց հիմա առավել հետաքրքիր փուլ է, քանի որ ցանկացած ստուգում ենթակա է վերանայման (վարակակիրների թիվը, պանդեմիայի տարածման քարտեզն ու հնարավոր վտանգները ամեն վայրկյան են փոփոխվում):
Հայաստանի կառավարությունը տվյալներ է հայտնում ամեն օր մեկ անգամ: Կան նաև քարտեզներ՝ Առողջապահության միջազգային կազմակերպության, Ջոն Հոփկինսի համալսարանի և այլն: Եվ անընդհատ ծագում են նոր հարթակներ ու տվյալների բազաներ, որոնք պետք է տնտղել:
Վստահելի տվյալները մասնագիտական ամսագրերում են, բժշկական համալսարաններում, հետազոտական ինստիտուտներում:
Բայց հարկավոր է հիշել, որ համավարակի մասին տվյալները միշտ էլ լինելու են սակավ վստահելի, հատկապես վարակի տարածման սկզբնական փուլում, քանի որ ախտանիշները, տարածման շառավիղը, տնտեսական, հոգեբանական և այլ գործոնները անընդհատ փոփոխվելու ու համալրվելու են:
Ուրեմն, միայն տվյալները բավարար չեն:
Վիճակագրությունը կախված է կոնկրետ երկրների առողջապահության համակարգի վիճակից ու նաև հենց հասարակության կառուցվածքից: Եվ ցանկացած երկրում տվյալները կարող են լինել մանիպուլյատիվ կամ ոչ ամբողջական:
Բնականաբար, տվյալները կախված են նաև պետության հանդեպ եղած վստահությունից ու քաղաքացիների սպասելիքներից, որոնք միշտ չէ, որ անբեկանելի ու արդարացված են:
Թերևս հիմա Հայաստանում պետական կառույցների նկատմամբ վստահելիությունը բարձր է, իսկ քաղաքացիների կողմից պահի լրջությունը գնահատելու ցանկությունը՝ ոչ այնքան:
Ռիսկը ավելորդ հույզերն են ու սև-սպիտակ տեսակետը
Սկանդալային թվեր կամ կարծիքներ մեջբերելուց առաջ զգոնությունը չի խանգարի: Ավելորդ ու անպտուղ ռիսկ է ցնցող կամ մանիպուլյատիվ նորություններով լցնել սեփական լրատվամիջոցի լրահոսը՝ արտակարգ դրության ժամանակ:
Օրինակ, հերթական աստղի կամ հայտնի մարդու հիվանդանալու փաստը (ասենք, որևէ երկրի պրեզիդենտից կամ նրա կնոջից վարակվելու կամ դավադրության տեսությունների տարածումը) ոչինչ չի ավելացնում լսարանի սպասելիքներին, բացի տեղեկատվական աղմուկին հերթական դեցիբելների ավելացումը:
Թեև լրատվամիջոցի առաքելությունը տեղեկացնելն է, բայց տեղեկություն հաղորդելը միշտ կապված է ընտրության հետ: Ընտրում ենք, քանի որ ամեն ինչի մասին գրել չենք կարող:
Կորոնավիրուսի դեպքում պետք է հաշվի առնել, որ սա երկար պրոցես է և թարմացվող տվյալներից բացի, պետք են մարդկային պատմություններ:
Լավ ժամանակ է օգտակար ինֆորմացիան պահանջված շարքերով կամ ձևաչափերով ներկայացնելու համար (տրանսպորտ, խոցելի խավեր, երեխաներ, նոր գործիքներ և այլն):
Եվ քանի որ խուճապային նյութերը լավ օգնական չեն, արժե հիշել, որ նույնքան վատ օգնական են ուրախ, զվարթ, խրոխտ դրական հաշվետվություններ հիշեցնող շարքերը:
Օրինակ, բժիշկների մասին գրելիս հարկ չկա նրանց ներկայացնել որպես հերոսներ, քանի որ հիմա նրանք ամենադժվար վիճակում են՝ տանջված, հոգնած ու անգամ ուժասպառ:
Նույնն էլ պետական միջոցառումների դեպքում է՝ միայն հուսադրողը կամ միայն տագնապալիցը չեն նպաստում համավարակի հաղթահարմանը:
Չափազանցությունները՝ թե դրական, թե՛ բացասական, ի վերջո, խանգարում են իրականությունը սթափ գնահատել:
Դիմադրեք խտրականություն սփռող կլիշեներին
Կորոնավիրուսը դեռ նոր է սկսում հասնել իր կիզակետին ու ինչ աղբ ասես դուրս է գալիս մեդիա:
Օրինակ, Լոնդոնում հարձակվել էին չինական ծագում ունեցող ուսանողի վրա՝ գոռալով, որ չեն ցանկանում տեսնել իրենց քաղաքում «նրա կորոնավիրուսը»:
Ատելություն պարունակող նյութերն ու կոչերը հատկապես շատ են ռուսաստանյան մեդիայում (վարակը ստեղծել են ամերիկացիներն ու տարածել աշխարհով մեկ, վարակվում են միայն այլազգիները, բայց ոչ ռուսները և այլն)
The Wall Street Journal-ը հրապարակեց հեղինակային սյունակ, որտեղ Չինաստանը ներկայացվեց որպես «Ասիայի իսկական հիվանդ» ու գույժ հայտնեց տնտեսության կտրուկ անկման մասին: Նյութը քննադատվեց՝ կոչվելով ծայրահեղ ռասիստական: Չինաստանն էլ իր հերթին երկիրից վռնդեց այդ պարբերականի լրագրողներին:
Ռասիստական մեկնաբանություններից խուսափելու համար արժե միշտ հաշվի առնել համատեքստը թե՛ բառապաշարում, թե՛ լուսանկարների ու տեսանյութերի օգտագործման ժամանակ։
Աշխատեք չմաշվել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես
Որքան հասկանում ենք, դեռ երկար ժամանակ ենք ապրելու ու աշխատելու արտակարգ ռեժիմով ու հեռավար: Իհարկե, դա սթրես է:
Լրագրողը սոցիալական մեծ պատասխանատվություն ունեցող մասնագետ է (համենայնդեպս, պիտի լինի): Լրագրողը միշտ է թեմաների ու տեսանկյունների որոնման մեջ, անգամ անգիտակցորեն միշտ ուղիղ միացման ռեժիմով է իրականության հանդեպ: Այսօր նույն ուղիղ կապը օնլայն է:
Բայց երբ լղոզվել են հանգստի, աշխատանքի, ժամանցի ու ինքնաճանաչման սահմանները (հիմնակում բոլորը մեկ տեղում են և միևնույն ժամանակ), հարկավոր է գտնել աշխատանքային այն ռիթմը, որը թույլ կտա նաև մոռանալ լրագրության մասին:
Ցեյթնոտի պայմանները լավ օգնական չեն որակյալ նյութերի համար:
Եվ անգամ, եթե լրահոսի պլան ու գլխավոր խմբագիրներից հրաման է լինում գրել որքան հնարավոր է շատ ու ազդեցիկ, կարելի է նաև փորձել ասել «Ոչ»:
Ներքին անհանգստությունը լրագրողի համար անթույլատրելի շքեղություն է: Նյութը կարող է լինել անհանգիստ, բայց նյութի հեղինակը՝ ոչ:
Այդ դեպքում մեծանում է վրիպելու, շտապելու, վնասելու, լրջությունը կորցնելու, սենսացիայով անարդյունավետությունը քողարկելու հնարավորությունը:
Մարդիկ ուզում են տեղեկատվություն, որը փոխանցում է հավասարակշռված անձը, այլ ոչ թե ուժերի վերջին լարումով գրող, տեսանկարող, մոնտաժող լրագրողը:
Միաժամանակ մեկուսացման ու հանրայնացման սահմանին աշխատող լրագրողը այսօր ոչ միայն ուրիշներին հարց տվող է, այլև ինքն իրեն:
Երևի սա այն եզակի իրավիճակն է, երբ հարկավոր է առավել ուշադիր լինել հենց ինքներս մեզ տվող հարցերին: Ո՞ւմ է պետք այն, ինչը ես անում եմ…
Միգուցե ընդհանրապես չկարողանանք պատասանել, կամ պատասխանենք ընդհանուր բառերով: Հիմա փորձության է ենթարկվում հենց պետքականության զգացումը, որը նախկինում հնարավոր էր անտեսել:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: