Այն խուճապային իրավիճակը, որը սկիզբ առավ նոր վարակի՝ COVID-19 կորոնավիրուսի մասին լուրերով, այնքան ինտենսիվ սարսափի սկիզբ դրեց, որ կարելի է խոսել ապրելակերպի ու մտածելակերպի գլոբալ փոփոխության մասին:
Երբեք համաճարակներն այս աստիճանի պարփակման ու մեկուսացման բարդ որոշում չեն պահանջել, որքան այսօր է: Անգամ 16-ի դարի մահաբեր ժանտախտը և այլ աղետները հաշվի առնելով:
Թեև միջնադարյան ժանտախտը հնձեց եվրոպացիների կեսից ավելիին, իսկ կորոնավիրուսով վարակվածների տոկոսն այնքան ցածր է, որ համեմատելի չէ ժանտախտով հիվանդների թվի հետ, սակայն ինտերնետի ու սոցցանցերի դարում ցանկացած վարակ ձեռք է բերում էքզիստենցիալ նշանակություն: Դառնում է գոյամարտ:
Բնականաբար, նաև զենք՝ ֆինանսական, քաղաքական խմբերի ձեռքում: Օրինակ, Հայաստանում համաճարակի երկյուղը շատ լավ զուգակցվում է հանրաքվեին չմասնակցելու հորդորի հետ, ինչը բնականաբար, ձեռնտու է քաղաքական ուժերի մի մասին:
Կորոնովիրուսը համաշխարհային պանդեմիա է հայտարարվել, և Հայաստանում նույնպես կան չորս վարակվածներ, ու բոլոր հիմքերը ենթադրելու, որ դա միայն սկիզբն է:
Տարբեր երկրներ հայտարարում են կարանտին, ամբողջովին կողպում իրենց սահմանները, անցնում էքստրեմալ ինքնապաշտպանության, հայտարարում արտակարգ իրավիճակ, չեղարկում օդային փոխադրումները և այլն: Իտալիան, Չեխիան, Դանիան արդեն փակ են այցերի համար, և նման երկրների թիվը հաստատ կավելանա:
Հիմա կարանտինի տեխնոլոգիան (զոնավորումը, մեկուսացումը, ինքնակամ բանտարկումը) դառնում է կյանքի ու մահվան հարց թե՛ պետական վերնախավի, թե՛ շարքային քաղաքացիների համար: Ուզում ես ապրել, փակվիր…
Սա շատ հետաքրքիր իրավիճակ է, քանի որ միշտ էլ բաց, հոգատար ու հանդուրժող լինելը համարվել է լավագույն միջոցը՝ ինքնապահպանվելու, իսկ հիմա հակառակն է՝ պետք է կտրես կապերն ու ցանկապատվես: Մտածես՝ արդյո՞ք արժե մոտենալ հնարավոր վարակակրին, եթե նա օգնության կարիք ունի փողոցում, աշխատավայրում, տրանսպորտում, թե՞ չարժե: Դա հումանիստական թեստի պես բան է:
Առաջնային է դառնում կարգն ու կանոնը:
Թե ինչպես այն կարող է պահպանվել հայաստանյան հանրային տրանսպորտի խելագարության հասնող հակահիգիենիկ ու հակամարդկային պայմաններում, դժվար է ասել:
Կարևորվում է հնազանդորեն անելն այնպես, ինչպես պահանջվում է, այլապես վիրուսի սողոսկումը անխուսափելի է: Այսինքն, հարկավոր է հարյուր տոկոսով վստահել պետական կառույցներին, ինչի փորձը մենք դեռևս չունենք:
Ընդլայնվում է նաև հանրային հարաբերությունները կարգավորող արգելված տարածքները:
Փակվում են թանգարանները (անգամ Լուվրը), ռեստորանները (Վենետիկի մարդաշատ հրապարակները ամայի են), թատրոնները (չդիմացավ նաև մեծն Լա Սկալան) չեղարկվում են համերգները, համաժողովներն ու գործուղումները (հանդիպումները տեղափոխվում են անվտանգ տարածք՝ օնլայն):
Կենդանի շփումը դառնում է վտանգավոր, և մնում է միայն վիրտուալը, որը ապահովում է մտավոր ու էմոցիոնալ կապ միայն մի դեպքում՝ երբ ֆիզիկապես մեկուսի ես: Կամ առնվազն, պատրաստ ես մեկուսանալու:
Իշխանություններն ու հասարակությունը միախմբվում են այն մտքի շուրջ, որ պետք է վերահսկողություն ու մեկուսացում:
Փրկությունը «մենք»-ով մնալն է, սկզբում՝ պետության սահմաններում (ցտեսություն, Եվրամիություն, բարև, ազգային պետություն), հետո համայնքով (թաղով), հետո ընտանիքով (Իտալիան, օրինակ, կոշտ կարանտին հայտարարեց, քանի որ ընտանեկան կապերը ամուր են, ու բարեկամներին հյուր գնալը պետք էր նվազեցնել): Եվ վերջում, մարդը մնում է ինքն իր դարդով ու սոցիալական ցանցերի հույսին:
Իհարկե, սոցցանցերն ու ընդհանրապես վիրտուալ աշխարհը մեծ դեր ու տեղ ունեն մեր կյանքում, բայց հիմա նաև հնարավորություն են կանգնեցնելու մեր ամենօրյա, ավտոմատ դարձած գործողությունների շարանը (օրինակ, փորձել օպտիմալացնել աշխատանքը, ուսումը), մտորել ծիսական քայլերի մասին (ասենք, գնումների պրակտիկան, տուրիստական աղմուկի մաս դառնալու երազանքը, խմբակային ժամանցի ձևերը և այլն):
Վարակը առիթ է վախը սրտում ընդունելու, որ այս աշխարհում ամեն ինչը չէ, որ կախված է անձամբ մեզանից ու կանգ առնելն ու ապրելակերպի փոփոխությունը ոչ միայն ճկունության ու առաջադիմության, այլև պարզ գոյատևման հարց է: Միայնությունը գեղեցիկ է ու արդյունավետ: Եվ կարանտինը հիշեցնում է այդ մասին:
Հիմա կորոնավիրուսը հաճախ է համեմատվում միջնադարյան ժանտախտի հետ: Եվ հատկապես հիշում ենք, որ անբռնազբոս ու գունեղ «Դեկամերոնը» գրվել է որպես մեկուսացված մարդկանց զբաղեցնելու առիթ: Ջովաննի Բոկաչչոյի հերոսները լքում են վարակված քաղաքն ու դատարկության մեջ սկսում իրենք իրենց զբաղեցնել՝ պատմություններ պատմելով: Եվ դա դառնում է պրոֆիլակտիկ քայլ, քանի որ ուրախ, էրոտիկ ու վառ պատումները հենց այն են, ինչի կարիքը ունեն մարդիկ համաճարակների ժամանակ:
Մարդիկ պետք է տեսնեն ոչ թե մահ, կորուստ, բարկություն, լաց ու նման տգեղ բաներ, այլ գտնեն դրանց այլընտրանքը՝ ուրախը, արվեստը, որակյալ պատմությունները, երգը: Սոցիալական մեկուսացումը նաև առողջարար է, երբ վատը հաղթահարվում է լավով: Վախը՝ հաճելիով:
Եվ եթե սոցցանցերում գտնենք այդ լավը (ոչ թե լացը, ջղայինը, անեծքն ու խուճապը), այլ բարեբեր զբաղմունքը, կարանտինը կդառնա փրկօղակ:
Թերևս հիմա լավագույն խորհուրդները ոչ թե վարակից պաշտպանվելու հերթական ցանկերն են (դրանք արդեն գիտեն բոլորը), այլ խորհուրդները, թե ինչ կարելի է անել, երբ ստանում ես շքեղ շանս ինքդ քեզ հետ միայնակ մնալու:
Օրինակ, սկսում ես կարանտին հայտարարել մեդիայից, անդադար սոցցանցեր սքրոլ անելը նույնպես ձանձրալի է, եթե դա կլանում է չորս պատերում ինքնակամ փակված մարդու կյանքի զգալի ժամանակը: Դա էլ է հոգնեցնում ի վերջո, եթե հենց միայն դա ես անում:
Վախի ու մեկուսացման համաճարակը կարելի է փոխարինել համատեղ հաճույքներով:
Չինաստանում, օրինակ, մեծ տարածում ստացան գրքային ակումբները, երբ շենքի ու համայնքի բնակիչները միմյանց էին փոխանցում կարդացած գրքերը մի հարկից մյուսը, մի շենքից մյուսը:
Իհարկե, վախը, մանավանդ վախը անհայտից ու մանրէի չափ անորսալի օրգանիզմներից, քայքայում է վստահությունը մեր շրջապատի հանդեպ (անգիտակցորեն փախչում են այն մարդուց, որը հազում ու փրշտում է), բայց միևնույն ժամանակ լավ առիթ է տեսնել, թե վեհ ու հայրենասիրական ճառերը, քարոզչական խոստումները, բոցավառ հայտարարությունները, դատարկ քննարկումները ցանցերում որքան անպտուղ են:
Միակ փրկությունը առօրյա, կենցաղային հիգիենան է: Ձեռքերը օճառով լվանալուց հետո, մաքրում ես մտքերը՝ գերշփումներից: Բարդ ու գեղեցիկ գործ է:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: