Վերջերս Ֆեյսբուքը արգելափակեց մեծ քանակի հաշիվներ, խմբեր, էջեր բուն Ֆեյսբուքում և Ինստագրամում։ Սա արվեց արդեն երկար ժամանակ իրականացվող գործընթացի շրջանակներում, քանի որ Ֆեյսբուքի ադմինիստրացիան փորձում է հայտնաբերել և վնասազերծել ուղղորդված գաղտնի տեղեկատվական գործողությունները։
Այս ամենի հիմքում 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններն են, որոնց հաջորդեցին սկանդալային ցնցումները, երբ հայտնվեցին հիմնավորված կասկածներ, որ Ռուսաստանի տարածքից գործել են թրոլերի ֆաբրիկաներ, որոնց միջոցով փորձ է արվել սոցցանցերում ազդել ընտրությունների արդյունքների վրա։
(Wikipedia֊ն միշտ չէ, որ կարող է լինել վստահելի աղբյուր, բայց տվյալ դեպքում ահռելի քանակի նյութերի հղումներ այստեղ շատ հարմար հավաքված են՝ թեման խորացված ուսումնասիրելու ցանկացողների համար):
Սկզբից ֆեյսբուքը, հասկանալի պատճառներով, բացահայտում և արգելափակում էր ռուսաստանյան ֆեյքաբուծարանների էջերը։ Հետո անցավ այլ խոշոր երկրների, հիմնականում նրանց, որտեղ նախընտրական արշավ էր։
Իսկ այժմ արդեն զբաղվում է փոքր երկրներով։ Հաջորդ դեպքն արդեն Վրաստանում էր, որտեղ արգելափակվեցին իրար հետ կապակցված 39 ֆեյսբուքի հաշիվ, 344 էջ, 13 խումբ և 22 Ինստագրամի հաշիվ։
Դրանք միասին ունեին մոտ կես միլիոնանոց լսարան, իսկ գովազդի համար ծախսվել էր մոտավորապես 316 000 ԱՄն դոլար։ Ֆեյսբուքի ադմինիստրացիան համարեց, որ եղել է ուղղորդված և կազմակերպված խումբ, որն աշխատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար և իրականացրել է քարոզչական աշխատանք, նաև՝ ուղղված ընդդիմության դեմ։
Իրականում, ֆեյքաբուծարանները, որոնք կամ պատկանում էին, կամ հովանավորվում տարբեր կառավարությունների կողմից, սկսեցին ծլել դեռ զրոյականների ավարտին, իսկ թափ ստացան տասականների սկզբից։
Սկզբում դա հատվածաբար էր առաջանում, հիմնականում որպես հետևանք և արձագանք ըմբոստությունների, ցույցերի և այլն։
Այսպես, օրինակ, Ստամբուլում Գեզի այգու շուրջ ընդհարումներից հետո, 2013-ին, հայտնվեցին լուրեր, որ Էրդողանի կառավարությունը ստեղծել է մի քանի հազարանոց ֆեյքերի բանակ, որպեսզի ընդդիմանա ընդդիմությանը ցանցում։
Նույն թվականին են պատկանում տեղեկությունները ՌԴ֊ում, Օլգինոյում արդեն լուրջ հիմքերով աշխատող թրոլերի ֆաբրիկայի ստեղծման մասին։
Վերջին հինգ տարում ֆեյքերի պատերազմները ամբողջ աշխարհում դարձան «նորմալ» բան։ Բյուջեները մեծացան, ազդեցությունը՝ նույնպես։
Օրինակ, սեպտեմբերին արգելափակված ուկրաինական ֆեյքերի գովազդային բյուջեն Ֆեյսբուքում հասնում էր 1,6 միլիոն ԱՄՆ դոլարի։ Եվ հաշվի առնենք, որ հաճախ հայտնաբերված խմբերը իրական բանակի ընդամենը մի մասն են։
Գումարած դրան, նույն ֆեյքերի բանակները գործում են նաև Թվիթերում, Յություբում և այլ հնարավոր հարթակներում։ Այնպես որ, միայն բացահայտված հատվածը իրական աղետի փոքր մասն է։
Իսկ աղետն այն է, որ ցանցը միլիտարիզացվում է կառավարությունների կողմից։
Ցանցում գործում են հարյուրավոր ֆեյքերի ֆաբրիկաներ, որոնք հեղեղում են տեղեկատվական դաշտը կեղծ կամ մանիպուլյատիվ նյութերով, մեկնաբանություններում հարձակվում ընդդիմախոսների վրա, զանգվածային բողոքներ ուղարկում սոցցանցերում՝ ձգտելով արգելափակել նրանց, ովքեր իրենցից տարբերվող կարծիք են ներկայացնում։
Թիրախ են դառնում քաղաքական և հասարակական գործիչները, իրավապաշտպանները, բնապահպանները, բլոգերները և այլն։
Գրեթե բոլոր երկրներում ռեպրեսիվ իշխանությունները եկել են նույն եզրահանգման․ ապատեղեկատվությունը և քարոզչությունը ավելի լավ են աշխատում, քան գրաքննությունն ու արգելափակումները։
Հայաստանը այս առումով մի քիչ տարբերվում է։ Այստեղ էլ, իհարկե, ընդդիմադիրները հաճախ մեղադրում են իշխանություններին ֆեյքեր կիրառելու մեջ։
Բայց մեր երկրում նաև կարելի է անզեն աչքով նկատել, որ գործում են այլ ֆեյքաբուծարաններ, որոնց հետքերը տանում են դեպի նախորդ կառավարություններ։
Ավելին՝ նկատելի է, որ գործում են մի քանի կենտրոններ։
Եվս մի հանգամանք․ ամենայն հավանականությամբ, Հայաստանի տարածքում կան ոչ միայն քաղաքական ֆեյքերի ֆաբրիկաներ։ Տարբեր ազդակներից կարելի է ենթադրել, որ առկա են նաև տնտեսական թրոլերի կենտրոններ, որոնք, ամենայն հավանականությամբ, գործում են, օրինակ, բնապահպանների դեմ։
Ավարտելով, կուզեի դիմել բոլոր նորմալ օգտատերերին․ նոր տարում մի կերակրեք թրոլերին, մի խրախուսեք դրանց աշխատանքը սեփական մեկնաբանություններով և տարածումներով։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: