Այսօր աշխարհում բազմաթիվ մարդիկ օգտվում են հատուկ ծրագրերից, որոնք թույլ են տալիս շրջանցել ինտերնետային սահմանափակումները, ինչպես նաև՝ պաշտպանել իրենց անանունությունը։
Նման գործիքները, որոնցից ամենատարածվածը VPN-ներն են, մի քանի հնարավորություն են տալիս։ Մի կողմից՝ կապը դարձնում են ավելի ապահով, քանի որ այն գաղտնագրվում է։
Ինչը նշանակում է, որ չարագործի կամ հատուկ ծառայության ներթափանցման դեպքում կտրուկ դժվարանում է գաղտնալսումը ինտերնետում (եթե այդպես կարելի է կոչել անձի ցանցային թրաֆիկի ընթերցումը)։
Նաև հասանելի է դարձնում արգելափակված կայքերը։
Մյուս կողմից՝ մարդուն դարձնում է անանուն, քանի որ, ինչպես նշվեց առաջին կետում, գաղտնագրվում է իր կապը, և գաղտնալսողը տեղյակ չէ, թե ինչ կայքեր է այցելում մարդ։ Կայքերի ադմինները չեն տեսնում, թե իրականում որտեղից է այցելուն, քանի որ իրական IP հասցեն փոխարինվում է կեղծով՝ հաճախ այլ երկրից։
Եթե դիտարկենք VPN֊ների միջազգային շուկան, ապա կտեսնենք, որ կախված երկրից տարբերվում է թե՛ կիրառողների տոկոսը, թե՛ կիրառության նպատակը։
Այսպես, եթե նայենք, թե ինչ նպատակով են մարդիկ օգտագործում VPN, ապա կտեսնենք, որ ուղիղ կեսը այն կիրառում է զվարճանքի համար․ բազմաթիվ սթրիմինգային ծառայություններ, օրինակ Netflix-ը, կամ երաժշտական պլատֆորմները հասանելի են միայն կոնկրետ երկրներից։
VPN֊ը թույլ է տալիս մարդուն «դիմակավորվել» և ներկայանալ այլ երկրից՝ դիտելու համար այն ֆիլմերը, որոնք իր երկրում աշխարհագրորեն հասանելի չեն։
Մոտավորապես մեկ երրորդ մասն արդեն օգտագործում է VPN֊ը՝ միանալու համար այն սոցցանցերին, որոնք արգելափակված են իրենց երկրներում։ Նույնը վերաբերում է այլ արգելափակված կայքերին։
Ամեն երրորդը շրջանցում է ավելի նեղ արգելափակում․ աշխատանքի տեղից մտնում է «փակ» կայքեր։ Իսկ արդեն ամեն հինգերորդը թաքցնում է պետական կառույցների պատվերով գործունեություն կատարելը ինտերնետում։
VPN֊ը լայնորեն օգտագործվում է այն երկրներում, որտեղ կա՛մ զանգվածայնորեն պատժում են օնլայն ակտիվիստներին, կա՛մ զանգվածայնորեն արգելափակում են կայքերը։
Սովորաբար երկրների այս երկու բազմությունները գրեթե համընկնում են։ Այսպես, օրինակ, Թուրքիայում բնակչության մոտ երրորդ մասը օգտվում է նման ծրագրերից։
Ավելի լուրջ թրաֆիկի գաղտնագրում է անում TOR համակարգը, որն առանձնահատուկ է նման գործիքների շարքում, քանի որ մի կողմից մատչելի է, մյուս կողմից՝ ապահովում է առավել անվտանգություն ու անանունություն։
Այս համակարգը լայնորեն օգտագործվում է այն երկրներում, որտեղ խիստ ռեպրեսիվ ռեժիմները կարող են մարդուն պատժի ենթարկել սոցցանցերում նույնիսկ մեկնաբանության կամ լայքի համար։ Իհարկե, այս համակարգը ունի նաև կրիմինալ դրսևորումներ․ այն լայնորեն կիրառվում է թմրադեղերի և զենքի վաճառքի համար, ահաբեկիչների կողմից և այլն։
Եթե դիտարկենք Հայաստանը, ապա հարց է առաջանում՝ այստեղ ու՞մ է պետք օգտվել VPN, TOR համակարգերից։
Կա շատ փոքր տոկոս սև և սպիտակ գլխարկով հաքերների, որոնք թաքցնում են իրենց հետքերը ցանցում։
Կան մարդիկ, որոնք «շառից հեռու» միշտ միացրած են պահում VPN֊ը, ինչը վատ հիգիենայի միջոց չէ, հատկապես հանրային WiFi կապից օգտվելուց։
Կան պարզապես կասկածամիտ քաղաքացիներ, որոնք չեն վստահում հատուկ ծառայություններին։
Հաշվի առնելով, որ օրենսդրությունը Հայաստանում այս ոլորտում գրեթե բացակայում է, երևի արժե լինել կասկածամիտ, քանի որ քաղաքացիներն այդքան էլ պաշտպանված չեն հնարավոր վերահսկողությունից (այս թեմային դեռ կանդադառնանք հաջորդ հոդվածներում)։
Բոլոր ադրբեջանագետները ստիպված են օգտվել VPN֊ից, քանի որ Ադրբեջանում շատ պետական և լրատվական կայքեր հայաստանցիների համար արգելափակված են։ Հաշվի առնելով ներքաղաքական լարվածությունը, ԱԱԾ տնօրենի գաղտնալսումն ու մի շարք այլ հանգամանքներ, կարելի է ենթադրել, որ նման քաղաքացիների թիվը կարող է աճել։
Բայց միանգամից օգտվողների թվի կտրուկ աճը կարող է հուշել նաև այլ բաներ։
TOR համակարգը շատ ավելի դանդաղաշարժ ու բարդ է, քան VPN֊ների մեծամասնությունը։ TOR֊ից օգտվում են առավել լուրջ դեպքերում։
Հայաստանում կարելի է նկատել անոմալիաներ։ Դիտարկելով TOR֊ից Հայաստանից օգտվողների թիվը վերջին երեք տարիների ընթացքում, տեսնում ենք, որ մինչև 2017-ի վերջը կայուն կերպով օրական մոտ 500 օգտվող կար։
Հետո դիտվում է աճ, որը մի լավ թափ է տալիս համակարգը նախահեղափոխական օրերին, 2018-ի փետրվար֊մարտին։ Օգտվողների թիվը մի պահ եռապատկվում է։ Ու մեկ էլ օգոստոսի կեսից թռիչքային աճ ենք տեսնում։
Եթե ավելի ուշադիր դիտարկենք իրավիճակը, կտեսնենք, որ օգոստոսի կեսից սկսվում է լրիվ այլ պատկեր: Ակնհայտ է, որ մի քանի օրվա մեջ ակտիվությունը եռապատկվում է և շարունակում է մնալ այդպիսին։
Ո՞րն է այս ամենի պատճառն ու իմաստը։ Իհարկե, մենք կարող ենք միայն ենթադրել։ Բայց եկեք մտածենք։
Կա մի տարբերակ․ մարդիկ վախենում են իշխանական հետապնդումներից, լինելով ընդդիմադիր։ Սակայն, դժվար է հասկանալ, թե ինչու ընդդիմադիր կեցվածքը միանգամից պետք է ազդի մի քանի օրվա ընթացքում։
Օրինակ, Ադրբեջանում օնլայն ակտիվիստները պարբերաբար հետապնդվում են, այնտեղ էլ կա աճ, նույնիսկ կտրուկ, բայց ոչ՝ պայթյունային, ինչպիսին է շատ ավելի հանգիստ Հայաստանում։
Ահա Ադրբեջանի պատկերը․
Կարծում եմ՝ հիմնավոր պատճառ չէ նաև ԱԱԾ ղեկավարի գաղտնալսման և դրան հետևող հնարավոր վախերի հետևանքը, քանի որ աճը արձանագրվել է գաղտնալսման տեսանյութի հրապարակումից երեք շաբաթ վաղ։
Սա կարող է պայմանավորված լինել թմրադեղերի առք ու վաճառքով, կրիպտոարժույթի հետ մեքենայություններով, որոնք հասանելի են հենց TOR համակարգից օգտվողներին։ (Ցանկացողները կարող են ծանոթանալ փայլուն ռուսաստանյան հետաքննությանը )։
Սակայն կրկին դժվար է հասկանալ, թե ինչու երկու-երեք օրում այս ամենի սպառումը պետք է պայթյունային աճեր ու մնար կայուն․ նկատենք, որ օգտագործողների թիվը հետաքրքիր տատանվում է, բայց նաև գոյություն ունի կիզակետային կայունություն։
Իմ կարծիքով, սա ավելի մեծ հավանականությամբ կապ ունի մեծ ֆեյքաբուծական ֆաբրիկայի աշխատանքի սկզբի հետ։
Քանի որ TOR համակարգը թույլ է տալիս ոչ թափանցիկ կերպով իրականացնել երկրի մասշտաբներով տեղեկատվական գործողություններ՝ խուսափելով հնարավոր բացահայտումներից և հետապնդումներից։
Ինչպես դա եղավ Duxov Hayastan էջի ադմինի հետ։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: