Ատելության խոսքը հայաստանյան համացանցում ոչ թե դառնում է, այլ վաղուց արդեն դարձել է սարսափելի խնդիր։ Այն նոր երևույթ չէ, սակայն գնալով ավելի է արմատանում, խորանում, ընդլայնվում, զարգանում և այլն։
Ի՞նչ է հնարավոր անել այս ամենի հետ։ Մինչ լուծումներ առաջարկելը սկզբից պետք է հասկանալ դրա ակունքներն ու հիմնական շարժիչ ուժերը։ Դե, գնացինք։
ա․ Ատելության խոսքը (hate speech) խնդիր է ողջ աշխարհում։ Այնպես չէ, որ մենք զզվանքի և գարշանքի կղզյակ ենք դուրեկան աշխարհում։ Կա մարդկանց մի հատված, որը սիրում է ատել։ Իսկ երբ նրանք ստանում են համացանցի նման գործիք, ամեն ինչ բազմապատկվում է և շարունակում է բազմապատկվել։
բ․ Բայց կան յուրահատկություններ ու նրբություններ։ Օրինակ, կարևոր հանգամանք է ոչ միայն ագրեսիան, այլև կիրառվող բառապաշարը։
Հայաստանյան հասարակությունը տասնամյակներ, դարեր շարունակ գրական խոսքում եղել է ավելի զուսպ, քան բազմաթիվ այլ հասարակություններ։
Օրինակ, մենք չենք ունեցել Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձի» նման վեպ։ Կամ նման այլ գրականության, կինոյի գործեր, որոնք լեզվի մեջ ներդնում են այն, ինչ մենք անվանում ենք որպես ոչ֊գրական։
Եվ երբ հանկարծ մի օր տղամարդիկ, իսկ հետո կանայք համացանցում սկսում են բացեիբաց հայհոյել, առանց խուճուճ նուրբ հոմանիշների, հանրությունը միանգամից շոկ է ապրում։
Այսօր բրիտանացուն կամ ռուսաստանցուն դժվար զարմացնեք սքրինշոթով, որտեղ կինը երեք կամ չորս տառանոց հայհոյական բառ է գրել։ Իսկ Հայաստանի հասարակությունը հենց այս պահին վերապրում է երկարատև և ցավալի սթրես․ պարզվում է, մարդիկ հայհոյում են։ Եվ գնալով, դա անում են ավելի հեշտորեն․ աչքը սովորում է, ականջը սովորում է։
Նման սթրեսային իրավիճակում եղել են բազմաթիվ հասարակություններ։ Պարզապես, մեզնից ավելի վաղ ժամանակներում։
գ․ Կան յուրահատկություններ քաղաքական բնույթի։ Ներկա ներքաղաքական հակամարտությունում ցանցային գրոհները վերջին դերում չեն, անգամ առաջնային են։
Քանի որ քաղաքական պայքարը Հայաստանում գրեթե միշտ բացակայել է, այն ստացել է հիմնականում երկու ծայրահեղ բևեռներում գտնվող դրսևորում։ Կամ ընդդիմախոսին ֆիզիկապես ճնշել են, կամ վարկաբեկել են։ Մամուլով, հետո էլ սոցցանցերով։
Բարեբախտաբար, բռնությունը կամ ֆինանսական ճնշումը հիմա գործիքակազմում չկան, մնում է հայհոյանքը։ Հայհոյանքը մեծատառով և բոլոր հնարավոր ձևերով։
Փաստացի, ատելության խոսքն այսօր միայն ինքնաբուխ երևույթ չէ։ Այն նաև գործիքակազմ է։ Եվ դա նորություն չէ, պարզապես այն ավելի լայնորեն է կիրառվում։ Ավելին, ինչ֊որ մարդկանց համար ատելության խոսքի տարածումը այսօր աշխատանք է, մասնագիտություն։ Եվ, կարծես, նման մարդիկ քիչ չեն։
դ․ Առանձնահատուկ դեր ունեն հենց սոցցանցերը և դրանց կարգավորումները։ Մեր դեպքում դա հիմնականում Ֆեյսբուքն է և Յություբը, եթե խոսում ենք բուն ատելության խոսքի տարածման մասին։ Ինստագրամում դժվար նման բան հանդիպեք։
Սոցիալական ցանցերն ունեն ներքին համակարգեր, որոնք թույլ են տալիս որոշ չափով վերահսկել ատելության խոսքը։ Դա կատարվում է երկու հիմնական միջոցներով։ Մեկը ներքին համակարգն է, որը փորձում է ինքնուրույն գտնել նման արտահայտություններն ու արգելափակել դրանք։
Բայց այդ կարգավորումը ոչ միշտ է ճշգրտորեն աշխատում։ Շատերը նման համակարգի զոհ են գնում, քանի որ պարզապես կիրառվում են բառերի սև ցուցակներ և մարդկանց մեխանիկորեն արգելափակում են, հաճախ անհիմն կամ անիմաստ։ Եվ նույնիսկ այս տափակ արգելափակումները վերաբերում են հիմնական լեզուներին, որոնք մեծ տարածվածություն ունեն։ Հայերենը նման լեզուների ցանկում չէ և համակարգը չի հասկանում, թե որտեղ է ատելության խոսքը։
Մնում է երկրորդ տարբերակը․ մարդկային բողոքները։
Բայց այդ միջոցն էլ իր հերթին նորմալ չի աշխատում։ Կարելի է ենթադրել, որ հայերեն բովանդակությունը դժվարությամբ է անցնում մոդերացիայի միջով հենց լեզվի կրողների սակավաթվության պատճառով: Սոցցանցերը չեն կարող մեծ ներդրումներ կատարել փոքր լեզուներ կրողներին գտնելու և մոդերացիան լրջորեն իրականացնելու համար։
Էլ չասենք, որ հայկական բովանդակությունը բավականին դժվար է հասկանալ, քանի որ մի մասը լատինատառ է, մյուս մասը՝ կյուրեղատառ, բարբառներով և այլն։ Այդ իսկ պատճառով, ինքնամաքրման համակարգը հայաստանյան սոցցանցային հատվածում նորմալ չի աշխատում։
ե․ Խմբագրությունների մեծ մասը, որոնք սոցցանցերում հանդիսանում են քննարկումների հիմնական հարթակներ, չունեն մոդերացիայի հստակ կանոններ։ Հաճախ մեկնաբանությունները պարզապես չեն մոդերացվում։ Դա նույնիսկ կարող է արվել միտումնավոր, քանի որ հայհոյանքները թրաֆիկ են բերում լրատվականներին։
զ․ Հանրային դեմքերը նույնպես հազվադեպ են կիրառում մոդերացիա իրենց գրառումների մեկնաբանություններում։ Ընդհանրապես ատելության խոսքի դեմ պայքար որպես այդպիսի չի իրականացվում սոցցանցերի գրեթե ոչ մի հատվածում։
է․ Ամենանուրբ հարցն այն է, որ ատելության խոսքի որոշ դրսևորումներ ոչ միայն ընդամենը տհաճ են, այլև հակասում են ՀՀ քրեական օրենսգրքին։ Բայց արգելքի այս մեխանիզմները չեն կիրառվում (բա որ հանկարծ ասեն՝ գործ տվող է), ավելին՝ հաճախ ատելության խոսքը տարածում են այն մարդիկ, որոնք պետք է դրա դեմ պայքարեն ի պաշտոնե։
Այս ամենը կուտակվում և ձևավորում է մթնոլորտ։ Մարդկանց կաշին հաստանում է, ատելության խոսքը դառնում սովորական մի երևույթ։ Իսկ հետո այս կուտակված բացասական էներգիան մի տեղից դուրս է գալիս։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: