2019.06.17,

Քննադատ

Լրագրողը կարող է հրեշներ ծնել

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Գիտե՞ք, թե ինչպես է Հայաստանում հնարավոր դառնալ քաղաքագետ, փիլիսոփա, պատմաբան և այլն։ Կարծու՞մ եք անհրաժեշտ է երկար սովորել, հետո աշխատել, նյութեր հրապարակել։ Այս ճանապարհը հնարավոր է կրճատել։

Բավական է Ֆեյսբուքում ստատուսներ գրել (սա էլ պարտադիր պայման չէ) թեմայի շուրջ, իսկ հետո մի երկու հատ հարցազրույց տալ կամ, ինչու` ոչ, ասուլիս։ Եվ ներկայանալ քաղաքագետ, փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, իրավապաշտպան, ակտիվիստ և այլն։ Ինչ քեֆներդ կտա։ Սա տեսական բան չէ։

Ժամանակին ինքս եմ փորձել․ մի ամիս ոնց ասես չեմ ներկայացել լրատվականներին։ Ինչպես ասել եմ, էդպես էլ գրել, ներկայացրել են ինձ։ Եթե դաստիարակությունը և երևակայությունը թույլ է տալիս, կարող եք առաջադիմել ձեր ուզած ուղղությամբ։

Այսօր Գուգլում մոտ երկու միլիոն անգամ հանդիպում է «փորձագետ» բառը։ Մի քիչ ավելի քիչ, բայց համեմատելի հանդիպում է «քաղաքագետ» բառը։ «Ռազմական փորձագետ» հանդիպում է մոտ կես միլիոն անգամ։ Համաձայնեք, նման փոքր հանրապետության համար մի քիչ շատ է։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ռազմական ոլորտի փորձագետները, իրական գիտակները, շատ չեն, իսկ իրական փորձագետների շրջանում հանրային դեմքերին կարելի է ձեռքերի մատների վրա հաշվել։

Անկասկած, այսօր բարդ հարց է, թե ում կարելի է համարել քաղաքագետ կամ քաղաքական վերլուծաբան, ռազմական կամ մեդիա փորձագետ։ Ինտերնետի դարում, իսկապես, սահմանները լղոզված են։

Միայն դիպլոմին նայել, անշուշտ, ոչ միայն չի կարելի, այլ նույնիսկ անարդար է, քանի որ հեռահար և ինքնուրույն կրթությունն այսօր թույլ է տալիս տիրապետել մասնագիտությունների եթե ոչ մեծ, ապա՝ զգալի մասին։

Սակայն, համաձայնենք, որ բավականին դժվար է լինել քաղաքական վերլուծաբան առանց վերլուծությունների։ Եվ նաև դժվար է վերլուծություն անվանել ֆեյսբուքյան ստատուսները, եթե դրանք նույնիսկ այնքան երկար են, որ ընթերցելու համար հարկավոր է սեղմել «կարդալ ավելին»։

Ասուլիսն էլ հերիք չէ։ Մարդ պետք է վերլուծություններ հրապարակի։ Լավ, թող դրանք չլինեն գիտական ամսագրերում, որոնց մեծ մասն արդեն մարդ չի կարդում։ Գոնե սեփական քաղաքագիտական բլոգում գոնե մի քանի հոդված մարդ պե՞տք է ունենա, որպեսզի համարվի վերլուծաբան։ Երևի թե պատասխանը դրական է։ Եվ ավելի լավ կլինի, որ այլ վերլուծաբաններ իրեն մեջբերեն։ Թեկուզ քննադատելով։

Բայց գոնե մեկ այլ մարդ, որն արդեն կարող է կոչվել «վերլուծաբան», պետք է այդ մարդու մտքերը մեջբերի։

Կարելի է երկար վիճել, թե որ չափանիշներն են ճիշտ և որ դեպքում կարող է մարդ այս կամ այն ձևով ներկայանալ հանրությանը։ Բայց մի բան հաստատ է․ ով ուզի, իրավունք չունի ներկայանալ իրավապաշտպան։

Մեկ֊երկու անգամ լրագրողները մարդուն անվանում են այդպես, իսկ հետո նա արդեն հայտնում է ոլորտի մասին կարծիքներ, որոնք հետո հայտնվում են արդեն միջազգային մամուլում։ Նույնը վերաբերում է ռազմական, քաղաքական և բոլոր այլ տիպի փորձագետներին։

Լրատվամիջոցները պետք է իրենք իրենց համար ունենան հստակ ձևավորված մեթոդաբանություն, թե ում և որ չափանիշների համաձայն են համարում փորձագետ և ներկայացնում հանրությանը։

Մենք անընդհատ խոսում ենք ֆեյք օգտատերերի մասին։ Բայց ստեղծում ենք կեղծ փորձագետներ, որոնք հանգիստ կարող են ձևավորել կեղծ օրակարգ կամ սպասարկել այս կամ այն քաղաքական կամ տնտեսական պատվիրատուին։

Հարգանքներով,
Ձեր սրտի բնապահպանական փորձագետ
Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *