Ինչպես այսօր ենք փորձում հասկանալ, թե ինչու՞ հնարավոր եղավ 1915-ի Ցեղասպանությունը, այնպես էլ Ցեղասպանությունից անմիջապես հետո քաղաքական միտքը տալիս էր այս հարցն ու առաջարկում պատասխանների տարբերակներ:
1915-ին արևմտահայ մամուլից հստակ տեղեկություններ ստանալ տեղի ունեցող իրադարձությունների մասին գրեթե անհնար է: Թերթերի հավաքածուներում չեն պահպանվել այդ տարիների պոլսահայ, զմյուռնահայ թերթերը, հատկապես որ, այդ շրջանում Պոլսում, Զմյուռնիայում ընթերցող էլ չէր մնացել:
Պոլսում Առաջին աշխարհամարտի տարիներին լույս էր տեսնում հայկական չորս թերթ՝ «Բիւզանդիոն», «Ժամանակ», «Վերջին լուր», հայատառ «Ճերիտեի շարգիյեի» («Արևելյան լրաբեր») : Այս թերթերը, սակայն, գրաքննության էին ենթարկվում այն աստիճանի, որ թերթի ողջ համարում նեղլիկ մի սյունակ էր հատկացվում «Հայ ազգային լուրեր» խորագրին: Սյունակում էլ, հիմնականում, պատրիարքարանի ներքին խնդիրների մասին լուրեր էին: Որևէ արձագանք հայերի տեղահանությանը, զանգվածային սպանություններին չկար:
Ցեղասպանության պատճառները հասկանալու, մեղքի սեփական բաժինը փնտրելու փորձեր արվում էին Թիֆլիսում, Բաքվում, Եվրոպայում, ԱՄՆ-ում լույս տեսնող հայակական պարբերականներում:
«Թիւրքահայ գրականութեան մահը և կովկասեան մտավորականութիւնը» հոդվածում կարդում ենք. «Միակ գիշեր մը բաւեց, որ մեր գրականութեան հսկայ կոթողները փլչին, մեր ընտրեալները իյնան խաւարի ճանկը: …Սակայն Կովկասի մտաւորականութիւնը արդեո՞ք արտայայտվեցա՞վ ինչպէս հարկն էր…Խմբագիր մը կսեր անցեալ օր, թէ Կովկասի հայութիւնը շատ քիչ է ծանօթ թրքահայ գրականութեան: …Այս տաժանելի օրերուն …անբնական չպիտի ըլլայ, երբ արձագանք մը, վրթով մը (վրդովմունք-խմբ.), տո՞ղ մը չերևայ կովկասահայ մամուլին մէջ, հսկայ գրականութեան մը մահւան հանդէպ» ( «Վան», 1915, N 2, սեպտեմբերի 20, Թիֆլիս):
Արևմտահայ գրականությանը լավ ծանոթ չլինելը միակ պատճառը չէր, որ քննադատության թիրախ էր դարձնում «կովկասահայությանը» : «Անարգանքին սեւ խաչին վրայ» հոդվածում խոսվում է գաղթականների հանդեպ անտարբերության մասին. «Տառապանքի երկրեն եկան շարա՛ն-շարա՛ն, հազա՛ր-հազարներ էին: …Եւ որպէս զրկանքի, արհաւիրքի մարմնացում՝ բաղխեցին ձեր հոյակապ պալատներու դռները, կարեկցութիւն, սփոփանք գտնելու յոյսով: Բայց դուք զլացաք ձեր մսուտ և քնքշացած ձեռքերով փաթթելու, կապելու անոնց արիւնածոր վերքերը: Բաւականացաք միայն ձեր լուսաձնձուղ լուսամուտներէն անոնց առջևը շպրտելու ձեր լիառատ սեղանի մնացորդ փշրանքները…Դուք հա՜յ չեք, դուք մա՜րդ չեք» («Վան», 1915, N 3, սեպտեմբերի 27):
Բարոյական գնահատականներից բացի՝ կան նաև քաղաքական գնահատականներ, որոնց բովանդակությունն այսօր էլ այժմեական է. :
«Մեր զանազան կուսակցութիւնները ոչ միայն ակնկալուած գործունէութիւնը ցոյց չտվին, այլ նաև իրենց յատկանշական անհաշտ ոգիով արտաքին թշնամիին մէծապես սատարեցին:
Անհատապէս և ազգովին քաղաքագիտական խնդիրներու մէջ մեր սոսկալի տգիտութիւնը դարձեալ երևան եկաւ: Մեր համակրութիւնը բացէ ի բաց յայտարարելով ամենուրեք, առանց քաղաքագիտական հեռատեսութիեան, Դաշնակիցներու բանակներուն զինակցելով և մեր Տաճկաստանի եղբայրներուն ապահովութեան մասին դոյզն իսկ նախապատրաստական միջոցներ ձեռք չառնելով, Թուրքիոյ և Գերմանիոյ սեւ ծրագիրներուն գործադրութեանը առիթ մատուցեցինք» («Ազգ», 1915-1916, բացառիկ, Բոսթոն):
Թերթի նույն համարում մեկ այլ հոդված ևս կա՝ «Ի՞նչ պարտինք ընել և ի՞նչ չընել» վերնագրով. «Մենք քիչ մը ավելի փարւեցանք Աւետարանին, ուզողին տուինք, ո՜չ բաճկոն մնաց այլևս, ո՜չ վերարկու, ո՜չ ալ ապտակներու ընդդիմութիւն ցոյց տուինք, տեղացին՝ և հանդուրժեցինք քրիստոնէավայել համակերպութեամբ. Ի մի բան չգիտցանք՝ մենք մեզ պաշտպանել: Հոս է ահա մեր թշուառութեան գաղտնիքը» (նույն տեղում-խմբ.):
«Մենք պետք է ճշմարտութիւնը ասենք, թէկուզ էլ դա շատ դառը լինի: Իսկ ճշմարտութիւնն այն է, որ մենք, հայրես, ինչպես բալկանեան պատերազմի ժամանակ, նույնպէս և հիմա, ընդհանուր մի քաղաքական ուղղութիւն չունենք: Եվ թեև բոլորս էլ Ինքնավար Հայաստանի գաղափարն ենք պաշտպանում, բայցևայնպես դեռ չենք կարողացել, նույնիսկ չենք մտածել ստեղծել պայմաններ մեր նպատակները իրականացնելու համար: Առանց սեփական մեծ ոյժն ունենալու՝ յուսալ միայն բարեկամներու վրայ, դա ուրիշի ձի հեծնելու է նմանում: …Հայկական կռվող խմբերը մի ամբողջութիւն չեն ներկայացնում, հայկական կռվող խմբերի ղեկավարները իրար հետ մի մեծ միութիւն չեն կազմում, ընդհակառակը, նրանք իրար խանգարում են ազգային գերագոյն պայքարի օրերին» («Հնչակ», օգոստոս, 1915, Փարիզ):
Այս գնահատականները հրապարակվել են Ցեղասպանության օրերին: Հոդվածների հեղինակները հույս են հայտնել, որ Ցեղասպանությունը դաս կլինի՝ չկրկնելու այն սխալները, որոնք գործել ենք հարյուր տարի առաջ:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: