Վերջին օրերին տեղեկատվական առիթ ստեղծեցին թատրոնները, ավելի ճիշտ մի քանի թատրոններ, որոնք ունեն համեմատաբար փոքր թատերախմբեր, ստեղծվել են ոչ սովետական ժամանակում ու հիմա քննարկվում է նրանց լուծարելու (կրճատելու, օպտիմալացնելու, վերակազմավորելու) հարցը:
Լրատվական դաշտում սկզբից հայտնվեց լուր, թե կառավարությունը մտադիր է դադարեցնել մի քանի թատրոնների՝ Համազգային թատրոնի, Երգի թատրոնի, Կամերային երաժշտական թատրոնի և մի քանի այլ թատրոնների ու երաժշտական խմբերի ֆինանսավորումը:
Հետո այդ լուրը մեկնաբանեց մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը՝ տալով տարօրինակ ու ակնհայտորեն ոչ բավարար բացատրություններ:
Մասնավորապես շեշտելով, որ օրինակ Համազգային թատրոնը «որևէ ժանրային առանձնահատկություն չունի, բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված»:
Ժանրերի առանձնահատկություններից մեկը դոմինանտ լինելու տարակուսելի կապը հիմնադրի անվան հետ առաջ քաշեց հավելյալ հարցեր:
Եվ բնական է, որ նախարարի միտքը բացեց Պանդորայի արկղի պես մի տուփ, որի մեջ տարիներով զմռսված էին պետհիմնարկների (ՊՈԱԿ-ների) կարգավիճակ ունեցող ստեղծագործական կոլեկտիվների խնդիրները:
Ու թեև մշակույթի նախարարությունը ցանկացավ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ լուրը հրապարակած լրատվականը օգտագործել էր ներքին շրջանառություն ունեցող փաստաթուղթ, և իրականում տեղի է ունեցել արտահոսք, սակայն խնդիրը ավելի խորքային բացատրության կարիք ուներ:
Պետական կարգավիճակ ունեցող թատրոնները սովոր են բարեհաջող նիրհել՝ դոտացիա ստանալով ու շարունակելով լինել խաղացանկային: Այսինքն, դեռ սովետական տարիներից ընդունված էր, որ թատրոնը միաժամանակ շենք ու թատերախումբ է, և երկուսը միաժամանակ պետք է ֆինանսավորվեն ու միասին էլ պետք է ստեղծեն կայուն խաղացանկ:
Սովետական մոդելից դուրս գալու փորձերը անհաջող էին տասնամյակներ շարունակ, հիմա էլ են անհաջող, քանի որ թատերական ռեֆորմը չի կարող լինել հատվածաբար ու ընտրովի, այն պետք է փոխի անխտիր բոլոր ստեղծագործական կոլեկտիվների կառուցվածքն ու մեղմացնի կախվածությունը պետությունից: Օրինակ, սկսվի ոչ թե թատրոնների, այլ առանձին ներկայացումների ֆինանսավորումից:
Այդ մասին թատերական համայնքը խոսում է վաղուց, բայց ամեն անգամ, երբ մշակույթի նախարարների բացատրության ենք հանդիպում, ստեղծվում է տպավորություն, որ նորից զրոյական դիրքում ենք:
Եվ ամեն անգամ, նման ոչ հիմնարար բացատրությունները ստանում են պոպուլիստական հակադարձումներ. մեդիան և սոցցանցերի օգտատերերը հաճույքով օգտագործում են «մշակութային ջարդ», «մշակութային եղեռն», «ազգային արժեքների կործանում» և այլ բառակապակցություններ, քանի որ այդպես հեշտ ու էմոցիոնալ է:
Այդպես կարելի է դիպչել մետանառատիվին ու խոսել միաժամանակ զոհի, հայրենասերի ու արվեստասերի մշուշոտ դիրքերից:
Նիրհելը գերադասելի է արթուն վիճակից: Եվ որպես դրա հետևանք, թատրոններն իրենք չեն ուզում ընդունել, որ «պետական թատրոն» հասկացությունը վաղուց անհեթեթ է հնչում, իսկ արվեստը կարգավորող գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են նույնքան անհեթեթ բացատրություններ տալ:
Օրինակ, Նազենի Ղարիբյանը Համազգայինի մասին ասում է. «Մեր չափանիշը այն է, որ եթե թատրոնը պետք է մնա ամբողջությամբ պետական դոտացիայի տակ, ուրեմն պետք է ունենա ժանրային առանձնահատկություն»:
Այսինքն, թեման բացողը, բացատրողն ու ապագան ուրվագծողը այս դեպքում ընտրում է մի բացատրություն, որը կիսատ է և խուսափողական (թատերական ժանրերը թատրոն-պետություն հարաբերություններից դուրս են, ի վերջո, չկան լավ ու վատ ժանրեր, կան լավ ու վատ ներկայացումներ):
Նույնքան կիսատ ու վերամբարձ են նաև մեկնաբանությունները, քանի որ ցանկացած թատրոն իր դիրքերից է մեկնաբանում, իսկ ցանկացած օգտատեր՝ շարունակում էմոցիանալ շղթան, առանց ընդունելու, որ պետությունը վաղուց պետք է ունենա թատրոնները ապապետականացնելու ավելի հիմնովին փաստարկներ ու ծրագրեր:
Եվ քանի դեռ կառավարությունը պատրաստ չէ հիմնավոր բացատրել թատրոնների անցումը պետականից դեպի ոչ պետական, հենց պաշտոնյաներն են ստեղծելու լրատվական քաոս, որտեղ ամեն ոք իր անհատական «ժանրային առանձնահատկություններով» խոսելու է «արվեստի հզոր ուժի» մասին և պահանջելու է իր բաժին ուշադրությունը: Արդյունքում, քաոսն ավելի անլուծելի է թվալու:
Ի վերջո, պետության նպատակը պետք է լինի պետության դերի նվազումը բոլոր ոլորտներում՝ թատրոնից մինչև մեդիա գործունեություն: Եվ առանց «պետական» պիտակի:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: