2019.01.18,

Քննադատ

Մհեր Ենոքյանին ներել պետք չէ պատժել. ինչպե՞ս չսխալվել՝ ստորակետ դնելիս

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

1996թ-ի հուլիսի 12-ին, Բժշկական ինստիտուտի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրված Մհեր Ենոքյանի հնարավոր ներման լուրը 23 տարվա վաղեմության այս հանցագործությունը դարձրեց ԶԼՄ-ների հիմնական թեմաներից մեկը:

Մամուլում հայտնվեցին գործին վերաբերող նյութեր՝ միմյանց ժխտող բովանդակությամբ և վերնագրերով:

«10 հազար դոլար՝ գործը վերաբացելու համա՞ր. Մհեր Ենոքյանի ազատման շուրջ խմորումները շարունակվում են» , «Մհեր Ենոքյանը մեղավոր չէ. Զարուհի Մեջլումյան», «Հնարավոր չէ, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ նույն քաղաքում ապրենք. Միխայիկ Աղաջանովը՝ Մհեր Ենոքյանի մասին»

Ըստ Գերագույն դատարանի 1996 թ-ի նոյեմբերի 29-ի դատավճռի, մյուս մեղադրյալը՝ Արամ Հարությունյանը,  դատապարտվեց 15 տարվա ազատազրկման ,  Մհեր Ենոքյանը դատապարտվեց գնդակահարության, որը հետագայում փոխվել էր ցմահ ազատազրկման։ 

Ինչպե՞ս են խնդիրը լուսաբանում լրատվամիջոցները: Նրանք ներկայացնում են  կողմերի տեսակետները, հարցազրույցներ վերցնում սպանվածի ընտանիքի անդամներից, հարցազրույցներ անում Մհեր Ենոքյանի կնոջ՝ լրագրող, իրավաբան Զարուհի Մեջլումյանի հետ: Ներկայացնում են կողմերին բարոյապես աջակցող այս կամ այն անձանց, խմբերի կարծիքները. տուժող կողմին համակրող բժիշկները ստորագրահավաք են կազմակերպում, բողոքի ցույց ընդդեմ Մհեր Ենոքյանի ազատ արձակման, մտավորականների մեկ այլ խումբ հավաքվում է  ի պաշտպանության գործի վերանայման…

Հարցազրույցներն ու ռեպորտաժները բազմաթիվ նոր հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները լրագրողական անկախ հետաքննության միջոցով հնարավոր էր ներկայացնել հասարակությանը:   

Մամուլում տպագրվել է Իոսիֆ Աղաջանովի հոր` Միխայիլ Աղաջանովի, նամակը, որտեղ հիմնավորում է, թե ինչու է իր կարծիքով (նաև դատարանի վճռով) Մհեր ենոքյանը մարդասպան:

Մամուլում հրապարակվեց նաև Մհեր Ենոքյանի՝ տարիներ առաջ գրված նամակը, որտեղ նա հիմնավորում է, որ սպանություն կատարողն ինքը չէ, այլ Արամ Հարությունյանը:

Նամակում, ի դեպ, նշված է հետևյալ հանգամանքը. «Այդ չարաբաստիկ օրը, երբ մենք երեքով նստած էինք Արամի ննջասենյակում, Արամի քույրը հյութ, միրգ բերեց…»:

Նաև Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի  Մեջլումյանը, որը երկար տարիներ զբաղվել է Մհեր Ենոքյանի և ցմահ այլ դատապարտյալների գործերով,  վերջին օրերին իր հարցազրույցներում նշում է, որ Մհեր Ենոքյանը չի սպանել Իոսիֆ Աղաջանովին և գործը վերանայման անհրաժեշտություն ունի, քանի որ հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա, որը չորս անգամ ցուցմունք է փոխել:

Այս գործով կան այլ անձինք, որոնց տեղեկությունները լրատվամիջոցների համար պիտի որ հետաքրքիր լինեին: Տիկին Մեջլումյանն իր հարցազրույցներից մեկում  հիշատակում է Մհեր Ենոքյանի գործով ժամանակին զբաղվող մեկ այլ լրագրողի՝ Ջուլիետա Ամիրխանյանի մասին:

«Ես ստանում եմ զանգ տիկին Ջուլիետա Ամիրխանյանից՝ լրագրող, ով 22 տարի առաջ այս գործի նյութերին ծանոթ է եղել և լուսաբանող լրագրող է եղել, և նա ասում է, որ «ինձ առաջարկել են գումարի դիմաց անել Մհերի դեմ հաղորդում և ասել, որ իրենք կասկածներ ունեն, որ Մհեր Ենոքյանին շուտով ազատ են արձակելու»» (7.45 րոպեից):

Զարուհի Մեջլումյանը նաև նշեց, որ «Արամ Հարությունյանի հայրը և հորեղբայը ցուցմունքներ են փոխել, և տվել ցուցմունք ինչ-որ տարօրինակ դիպլոմատի, ինչ-որ տարօրինակ փոշու մասին» (19.59-րդ րոպեից):

Այսինքն, կան անձինք, որոնց հետ զրուցելը՝ գործը ընթերցողին կամ հեռուստադիտողին հասկանալի դարձնելու առումով, չափազանց էական է: Մինչ օրս որևէ լուր չկա մյուս մեղադրյալից՝ Արամ Հարությունյանին, որը, փաստորեն ութ տարի է՝ ազատության մեջ է: Նրա հետ հանդիպելու, նրան հարցազրույցի հրավիրելու փորձեր արվե՞լ են: Լրագրողներին հետաքրքրե՞լ է  գործընկերոջ՝ Ջուլիետա Ամիրխանյանի մասնագիտական կարծիքն այս գործի մասին:

Մհեր Ենոքյանը նշում է, որ «չարաբաստիկ այդ օրը» տանը եղել է նաև Արամ Հարությունյանի քույրը: Որևէ փորձ արվե՞լ է գտնել, խոսել Հարությունյանի քրոջ հետ այն դեպքում, երբ նա առանցքային վկա է:

Զարուհի Մեջլումյանն ակնարկում է Արամ Հարությունյանի հոր և հորեղբոր մասին, որոնք ցուցմունք են փոխել, ակնարկում է «ինչ-որ դիպլոմատով ինչ-որ փոշու, հնարավոր է՝ թմրանյութի» մասին…

ԶԼՄ-ները  փորձե՞լ են գտնել այս մարդկանց և զրուցել նրանց հետ: Ամեն դեպքում, նման հրապարակումներ չկան ԶԼՄ-ում: Չունենալով այս և շատ այլ հարցերի պատասխաններ՝ հասարակական հնչեղություն ունեցող այս գործի հանգուցալուծումը չափազանց բարդ, անգամ պայթյունավտանգ ելք կարող է ունենալ երկու դեպքում էլ. եթե Արդարադատության նախարարության՝ դատապարտյալների  ներման հանձնաժողովի դրական վերաբերմունքից հետո ՀՀ վարչապետը համաձայնի ներում շնորհել Մհեր Ենոքյանին կամ մերժի ներման խնդրագիրը:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *