1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հաջորդ օրերին հայկական մամուլի ողջ ուշադրությունը, թվում է, աղետի գոտու ուղղությամբ էր, սակայն անգամ երկրաշարժի մասին լուրերի մատուցման եղանակը զգալիորեն գերքաղաքականացված էր:
Դիցուք՝ որպեսզի ներկայացվի ամերիկացի ժողովրդի ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցած ողբերգությանը, «Ավանգարդ»-ն ընտրել էր մատուցման այս ձևը. «Նյույորքցիների շուրթերին երեկ երեկոյան ամենատարածված «Գորբաչով- խաղաղություն-Ծննդյան տոներ» բառակապակցությունների մեջ ներթափանցեց «Հայաստան» բառը» («Ավանգարդ», 1988, դեկտեմբերի 11):
Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր, Հայաստանում արդեն իսկ սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, և ինֆորմացիայի ամենահեղինակավոր ու վստահելի աղբյուրն արդեն ձևավորված «Ղարաբաղ» կոմիտեի հայտարարություններն էին:
Ինֆորմացիայի այդ ոչ պաշտոնական աղբյուրի տեղեկությունները ստանում էին բանավոր, այն ժամանակ՝ Թատերական, այսօր՝ Ազատության հրապարակից, տարածում՝ միմյանց բերնեբերան փոխանցելով:
Երկրաշարժի օրերին «Ղարաբաղ» կոմիտեն տարածել էր հայտարարություն, թե երկրաշարժից տուժած, բուժման կամ վերականգնման նպատակով հայ երեխաներին, կանանց ԽՍՀՄ հանրապետություններ, մասնավորապես՝ Ռուսաստան տեղափոխելու իրական նպատակը նրանց՝ իրենց արմատներից կտրելն ու հայրենիքից զրկելն է:
Կոմիտեի այս հայտարարությունը որևէ թերթում գտնել չհաջողվեց. ենթադրում եմ, որևէ պաշտոնաթերթ չէր համարձակվի այդ մասին գրել:
Իսկ այն, որ նման հայտարարություն եղել է, տեղեկանում ենք ՏԱՍՍ-ի (Телеграфное агентство Советского Союза) հերքումից: Ահա՝ ՏԱՍՍ-ի հատուկ թղթակից Վ. Յանչենկովի «Աղետի ժամ. ազնվություն և ստորություն» հոդվածից հատված.
«Այսօր անհեթեթ են թվում ժողովրդի վշտի վրա քաղաքական կապիտալ շահելու՝ ոմանց փորձերը: Խոսքը «Ղարաբաղ» տխրահռչակ կոմիտեի լիդերների մասին է… Նույնիսկ ներկա ողբերգական իրավիճակում նրանք մտադիր չեն հրաժարվել իրենց հավակնություններից, ավելին, նրանք գիտակցաբար վնասում են ընդհանուր գործին, օբյեկտիվորեն իրենց հակադրում են հայ ժողովրդի շահերին:
…Երկիրն անօթևան մնացած կանանց ու երեխաներին առողջարաններ և հանգստյան տներ է տրամադրել, իսկ «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվիստները, խաղալով մարդկանց ազգային զգացմունքների վրա, փորձում են նրանց ներշնչել, որ այդ մարդասիրական ձեռնարկման մեջ, իբր, կա գաղտնի, չարագույժ իմաստ՝ հայերին զրկել իրենց հայրենիքից, ցրել երկրում» («Սովետական Հայաստան», 1988, դեկտեմբերի 16):
Բոլոր թերթերի առաջին էջերում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի ու նրա տիկնոջ լուսանկարներն էին՝ Գյումրիում, նրա հետ հարցազրույցի սղագրությունները:
Պարզվում է՝ երեխաներին ու կանանց բուժման կամ վերականգնման նպատակով Հայաստանից անվերադարձ տանելու թեման այնքան հրատապ էր, որ դրան անդրադարձել էր անգամ Մ.Գորբաչովն՝ իր հարցազրույցում.
«Կա մի ցավոտ թեմա՝ երեխաները և կանայք. նրանք հիմա լուրեր են տարածում, թե ուզում են Ռուսաստան տանել երեխաներին և նրանց չվերադարձնել Հայաստան, կտրել ժողովրդից: Թե հայերին այժմ կվերաբնակեցնեն Սիբիրում: Լսեցեք, բայց վայե՞լ է հիմա այդպիսի բաներով զբաղվել» («Ավանգարդ», 1988, 11):
Որքան էլ ողջ Հայաստանի ուշադրության կենտրոնում Գյումրին ու Սպիտակն էին, որքան էլ փրկարարական աշխատանքների ժամանակ փլատակներից հանված ողջ մնացած յուրաքանչյուր մարդու հետ բոլորը վերակենդանանում էին ու հակառակը, միևնույն է, Ղարաբաղի խնդիրը, հատկապես Գորբաչովի հայաստանյան այցի կոնտեքստում, հրատապությամբ չէր զիջում աղետին:
Այդ մասին վկայում է հենց ԽՍՀՄ առաջնորդը՝ ՏԱՍՍ-ի թղթակցին տված իր հարցազրույցում (այն տպագրված է բոլոր թերթերում):
Թղթակից – Իսկ երեկ այստեղից՝ Երևանից, հնչում են Լեռնային Ղարաբաղի լոզունգները: Այս ի՞նչ կուրություն է, չես հասկանում: Այստեղ իրոք հիշում ես բիբլիական ճշմարտությունը, որ եթե կույրը կույրին ուղեկցի, ապա երկուսն էլ կընկնեն անդունդը: Չէ՞ որ այդ լոզունգի հետևում լավ բան չի թաքնված: Ու նորից նոր դժբախտություններ:
Գորբաչով – Ես երեկ ցնցվել եմ մի փաստից: Փողոցում կանգած էին Հայաստանի բնակիչներ: Ես մի տեղ կանգ առա, լավ զրույց էր տեղի ունենում, և նորից՝ Ղարաբաղի թեման: Ես, գիտեք ինչ, գուցեև անգամ խիստ, բայց ասացի այն ամենը, ինչ մտածում եմ: Եվ առաջին հերթին ասացի՝ կա՛նգ առեք: Տեսեք, թե ինչ փորձանք է եկել և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի գլխին: Ուր են նրանց հրում, ուր են հասել. արյուն է թափվում: Իսկ այստեղ մարդը Հայաստանի մայրաքաղաքում հարցնում է, թե ինչպես ենք երկխոսություն հաստատելու ոչ պաշտոնական կազմակերպության հետ: Այդ ի՞նչ աստիճան մարդը պետք է բարոյազուրկ լինի:
«Հայրենիքի ձայն» թերթը ներկայացնում էր մտավորականների խոսքը՝ Սոս Սարգսյան, Տիգրան Մանսուրյան, Սիլվա Կապուտիկյան…
Բոլոր հոդվածների վերջին տողը նույնն էր. «Հեղինակն իր հոնորարը փոխանցում է երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդին»:
Թերթերի, ռադիոյի, հեռուստատեսության տված ինֆորմացիան բավարար չէր: Մարդիկ պաշտոնական, զտված տեքստերի արանքում փնտրում էին չգրվածը, զանգահարում էին խմբագրություններ:
«Տագնապալի հեռախոս» հոդվածում կարդում ենք. «Չնայած կապի ծառայության կոչին՝ հնարավոր սահմաններում քիչ օգտվել հեռախոսներից, խմբագրությունում չեն լռում հեռախոսները» («Ավանգարդ», 1988, դեկտեմբերի 11):
Թերթերը գրում էին յուրաքանչյուրի պատրաստակամության մասին՝ օգնել՝ ով ինչով և ինչպես կարող է. «Երևանի արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի մուտքը փակ էր: Դռանը փակցված հայտարարությունը՝ «Այսօրվա թարմ արյունը բավարարում է մեր պահանջին» չէր հանգստացնում այցելուներին: Յուրաքանչյուրն եկել էր իր արյունը տալու» («Սովետական Հայաստան», «Իմն են բոլորը», 1988, դեկտեմբերի 11):
Ողբերգության մասշտաբն այնքան մեծ էր, որ մարդկային կոնկրետ պատմություններ առաջին օրերին մամուլում գրեթե չկային:
Լուսանկարներն էլ հիմնականում մակագրություններ չունեին, քանի որ կադրերը ամեն մեկնաբանությունից ու նկարագրությունից ավելի էին:
Այդ օրերին դեռևս ոչ մի թերթի հայտնի չէր, որ երկրաշարժի զոհ է դարձել 25.000 մարդ:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: