Մի քանի պատառ ցանցային քարոզարշավի մասին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Քարոզարշավը մեկնարկեց։ Պաշտոնապես։ Իսկ սկսվել է այն շատ վաղուց։ Մեծ տարբերություն չի լինի․ բոլորն արդեն լծվել են աշխատանքի։ Ֆեսյբուքում գովազդի գներն արդեն թռել են։

Իսկ ես ուզում եմ մի քանի օգտակար բան ասել.

ա․ Եթե ներկայացնում եք փոքր կամ միջին բիզնես, այս մի քանի օրը, մինչև ընտրությունների օրը, ավելի լավ է գովազդ մի տեղադրեք Ֆեյսբուքում։ Եթե իհարկե, շատ անհապաղ չէ։ Քանի որ այստեղ գովազդների գնագոյացումը աճուրդային է, իսկ քաղաքական ուժերը ֆուռերով գումար են ներդնում գովազդի մեջ և գներն անընդհատ բարձրանում են։

բ․ Եթե լրագրող եք կամ մտահոգ քաղաքացի, ապա կարող եք ուսումնասիրել քաղաքական ուժերի գովազդը Ֆեյսբուքում։ Վերջերս այդպիսի հնարավորություն բացվել է։

Մինչ այդ՝ այդքան էլ հեշտ չէր իմանալ, թե ինչ գովազդ կա Ֆեյսբուքում. եթե չէիք հայտնվում կոնկրետ թիրախում, ապա ոչ էլ կտեսնեիք դա։ Իսկ հիմա ամեն էջում կարելի է տեսնել ներկա պահին ակտիվ գովազդը։

Պարզապես մտեք էջն ու գտեք աջից Info and Ads բաժինը և բոլոր այդ պահին ակտիվ գովազդային նյութերը կտեսնեք մեկ տեղում։ Իհարկե, այս էջը թույլ չի տալիս իմանալ հստակ թիրախավորումները և գովազդային բյուջեները, սակայն, մոտավոր պատկերացումներ կազմել հնարավոր է։

Պետք է հաշվի առնել, որ գովազդային բյուջեները ծախսվում են ոչ միայն կուսակցությունների և դաշինքների պաշտոնական էջերից, այլ նաև թեկնածուների էջերից։ Հենց դրա համար էլ թեկնածուների մեծ մասն այս օրերի ընթացքում հապճեպ էջեր բացեց։

Քանի որ միայն էջի առկայության դեպքում է հնարավոր Ֆեյսբուքում գովազդ տեղադրել։

գ․ Եթե արդեն տեսնում եք գովազդը ձեր պատին, վերևի աջ անկյունի մենյուից, ընտրելով Why am I seeing this բաժինը, կկարողանաք իմանալ, թե ինչու եք հենց դուք տեսնում տվյալ գովազդը և քաղաքական այս կամ այն ուժերը ինչ թիրախային խմբի մեջ են ձեզ ներառել։

դ․ Ամենաանմխիթար գովազդը հիմա տեղադրվում է խմբերում։ Եթե անասնաբուժության վերաբերյալ էջում գովազդում են ռեյթինգային թեկնածուի հումանիզմն ու նարդի խաղալու հմտությունները, ուրեմն խմբի ադմինները պարզապես լծվել են աշխատանքի։

Սովորաբար նման խմբերում շարունակել մնալը անօգուտ է․ մասնագիտական նորություններ այդտեղ այլևս կհայտնվեն միայն շաբաթ֊-կիրակի օրերին, այն էլ երբ տեղադրելու ուրիշ բան չլինի։

ե․ Եվ ի վերջո, հարգելի չափահաս ընթերցող, կարող եք լինել մի քանի տասնյակ հազար հայրենակիցների պես, որոնք հիմա լքում են Ֆեյսբուքը և տեղափոխվում, օրինակ, Ինստագրամ կամ Լինքդին, որտեղ քաղաքականությունը շատ ավելի քիչ է։

Եվ ինչն է կարևոր․ այնտեղ գրեթե չկան միատիպ, նույնակոստյում, նմանաժպիտ, համատարած թեկնածուներ, որոնք չեն հասցնի հասկանալ, որ կարելի է ձեր հետևից գալ։

Մինչև հասցնեն, ընտրությունները կավարտվեն։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *