Լսարանի ու ընտրազանգվածի միջակայքում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Նոյեմբերի 26-ին պաշտոնապես մեկնարկում է քարոզարշավը, որի ընթացքում 11 քաղաքական ուժեր ու դաշինքներ մեդիայում ու մեդիայով լսարանը դիտարկելու են որպես ընտրազանգված:

Բնական է սպասել, որ լրատվամիջոցները՝ դառնալով քարոզարշավի հարթակ, փորձելու են պահպանել հավասարակշռությունը, այսինքն, քարոզարշավի ընթացքում շարունակել գերագույն արժեք համարել լսարանը, որը տեղեկություն ու քարոզի չափաբաժին է ստանում, բայց առանց մանիպուլյացիաների:

Լսարանը ավելի արժեքավոր հասկացություն է, քան ընտրազանգվածը:  Եվ ավելի փխրուն: Եթե իրեն դիտարկես միայն որպես քարոզ սպառող թիրախ, հաստատ կկորցնես:

Այս օրերին քարոզը շատ կլինի, իսկ լրատվությունը՝ քիչ, քանի որ կամա թե ակամա ողջ լրահոսը կդիտարկվի որպես քարոզի մաս:

Քարոզչության ու լրատվության տարբերությունը լսարանի դերի ընկալումն է: Մի դեպքում լսարանը ընդամենը գործիք է, իսկ մյուս դեպքում՝ բծախնդրորեն կառուցվող նպատակ:

Լրատվությունը հասցեագրված է մտորող մարդուն, իսկ քարոզը՝ ձայն տվողին, որին ոչ թե դրդում ես մտորելու, այլ համոզում ես:

Համոզելը տարբեր կերպ է լինում: Հիմնականում՝ կոպիտ (սև և սպիտակ փիառով, արտահոսքերով, մեղադրանքներով կամ հիացական հոդվածաշարերով):

Համոզելու պրակտիկան կարող է լինել ավելի նուրբ:

Կան լսարանի վրա ազդելու մի քանի հնարքներ, որոնց մասին արժե հիշել քարոզարշավից առաջ: Դասական մանիպուլյատիվ քայլերից են նրանք, որոնք խաղում են լսարանի տագնապների ու վախերի վրա ու քարոզում անհապաղ գործողությունների դիմել կամ առնվազն, բուռն արձագանքել:

1. Պակաս արժանահավատ է, երբ լրատվական նյութը փորձում է ձեզ ստիպել արագ ու անվերապահորեն որոշումներ կայացնել, վստահեցնելով, որ միակ ճիշտ քայլը հենց հիմա գործելն է:

Հիմքը ենթագիտակցական վախերն են, որոնց վրա խաղալով՝ լրահոսը դրդում է մեզ շուտափույթ գործի անցնել:

Ասենք, եթե այս կամ երևույթի կամ մարդու դեմը չառնենք (ընտրենք կամ չընտրենք), կունենանք կորուստներ: Որպես կանոն, կորուստները ներկայացվում են որպես աբստրակցիաներ՝ կարող ենք կորցնել հայի նկարագիրը, քրիստոնեական արժեքները, դարերով կուտակված մշակույթը, ի վերջո, հայրենիքը:

Օրինակ, կարող են շահարկվել այլազգիների ներկայությունը Հայաստանում (հնդիկները գրավում են քաղաքը, պարսիկները շատացել են, շուտով իսկական հայերի համար տեղ չի մնա, հակահեղափոխականներն այնքան ազդեցիկ են, որ վտանգված է մեր ապագան), կամ ԼԳԲՏ անձինք վտանգ են երեխաների համար (սպառնում են հայ ավանդական ընտանիքին, պետության կայունությանն ու Աստծո ներկայությանը):

Այդ դեպքում լուրը նմանվում է ահազանգի և ունենում է ոչ թե հեռանկարային պատկեր, այլ՝ այժմեական էֆեկտ:

Կարծես լրատվամիջոցն ու լրագրողը չեն վստահում, որ մենք կարող եք ինքնուրույն վերլուծել տեղեկությունն ու որոշումներ կայացնել, այլ պատրաստի գործողության մոդել են առաջ քաշում, հետն էլ՝ կշտամբում, որ եթե չեք հետևելու հորդորին, ուրեմն վատ քաղաքացի եք (հայ, հայրենասեր, ոչ թե սպիտակ, այլ սև):

Այդ նպատակին քարոզողները կարող են հասնել նաև այսպես.

2. Օրվա թեմա դարձնելով գոյություն չունեցող կամ ժամկետանց իրադարձությունը, որը վերակենդանացվում է արդեն նոր համատեքստում:

Օրինակ, այդպես եղավ «խոպանչիների» հարկման հետ լուրի շրջանառության դեպքում, երբ հիմնական մանիպուլյացիան խաղադրույք անելն էր էմոցիոնալ արձագանքի վրա (պաշտպանեք ձեր գրապանները ու թույլ չտաք, որ դժվարությամբ աշխատած մեր համեստ գումարները պետությունը խլի):

Տեղակատվական առիթը չկար, փոխարենը կար վախը շահարկելու փորձ:

Նման ճակատային գործելաոճը ընդունված էր հատկապես նախորդ իշխանությունների օրոք: Օրինակ, միշտ առաջին պլան էր մղվում պատերազմող հանրապետություն լինելը (ամենամեծ վախը), որի քողի տակ երկրորդ պլան էին մղվում սոցիալական, կրթական, տրանսպորտային ու այլ հարցեր:

Օրինակ, լուրը, թե Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Արթիկ է մեկնել ուղղաթիռով, ինչի արդյունքում «արթիկցիները զարմացել ու զայրացել են», կառուցվել էր վախի վրա, որ քաղաքական վերնախավի ամենաթողությունը  շարունակվում է: Այդ լուրը արագորեն հերքվեց, բայց նման լուրերը հետագայում էլ շատ կլինեն:

Ի վերջո, մենք ապրում ենք այնպիսի միջավայրում, որտեղ կարևորը ոչ այնքան փաստերն են, այլ դրանց մատուցման ձևը: Կարևոր է ոչ թե ռացիոն, այլ էմոցիան:

3. Իրադարձությունը ներկայացվում է այնպես, որ անհայտ է մնում արդյունքը:

Օրինակ, կարող են ասել, որ այս կամ այն թիմը կամ գերատեսչությունը քննարկել է ու առաջարկել, հետո գտնվել են լուծումներ, որոնք միտված են իրավիճակը բարելավելուն:

Այդ առաջարկներն ու լուծումները կարող են լինել հիանալի, բայց հարցն այն է, որ դրանք ոչինչ չեն ասում լսարանին:

Փնտրեք ոչ թե «քննարկվել» է ու «առաջարկվել են լուծումներ» բառերը, այլ արդեն կատարված գործողության հավաստիացումները՝ «ընդունվել» է, «ստորագրվել» է, «հայտարարվել» է:

Մարդիկ սովոր չեն ընկալել լուրը ապառնի ժամանակով, այն, ինչն իրենց ասվում է, ակամայից ձեռք է բերում փաստի նշանակություն:

Այնպես որ, կարևորը լուրի քերականությունն է: Լուրին կարելի է նայել որպես նախադասության, որն ունի ենթակա, ստորոգյալ, լրացում և կոնկրետ ժամանակում օգտագործվող բայեր: Լրացումն ու ենթական պիտի իրենց տեղերում լինեն, այլ ոչ թե կատարեն հակառակ դերեր:

4. Քարոզչական նյութերը չեն ենթադրում շարունակություն, իսկ կարևոր թեմաները աղերսում են շարունակության մասին:

Եվ եթե ձեզ պատմում են որևէ սենսացիոն իրադարձության մասին, փնտրեք դրա շարունակությունն ու ճյուղավորումը: Հաճախ եթե շարունակություն չկա, ուրեմն մեկնակետային թեժ լուրը բնավ էլ թեժ չէր: Կամ, ուներ մեկօրյա թեժություն, ոչ թե հանրային նշանակություն:

Լրատվամիջոցը բաց չի թողնի իրադարձություններից շղթա սարքելու հնարավորությունը: Նույնը կանի նաև քարոզող-համոզողը, բայց արդեն ավելի թույլ դիրքերից:

Եթե լրատվամիջոցը կարևորում է իր լսարանին, դժվար թե օրինակ, այսպիսի վերնագրերով լուրեր հրապարակի՝ «Արսեն Թորոսյանը վախի մեջ է ապրում, աշխատում»:

Այս վերնագիրը, որի կրկնօրինակեցին այլ լրատվամիջոցները  , մեկօրյա էր ու ուզում էր, որ մենք այն կարդալով վախենանք, թե նախարարը վախի մեջ է ապրում: Թվում է, կա այդ շարունակական շղթան, երբ ի հայտ եկավ նաև այլ նմանատիպ  լուր ՀՀ առողջապահության նախարարի մասին. «Նախարար, որն աշխատում է դեղեր խմելով. կարո՞ղ է Արսեն Թորոսյանը գերծանրաբեռնված աշխատել այդ պայմաններում»:

Բայց դա ավելի շուտ փուչիկ օրակարգ ստեղծելու փորձ էր, այլ ոչ թե շարունակաբար բացահայտվող խնդիր:

Ընդհանրապես, լուրջ և շարունակական հետաքննությունները մեդիայի իմունիտետն են, որը պաշտպանում է արագ սպառվող, սենսացիոն հարթակ դառնալու գայթակղությունից:  Այդ թվում նաև քարոզչական նյութերի բեռի տակից պատվով դուրս գալու ու թակարդներ չընկնելու շանս է:

5. Այլընտրանք չունենալու ուղերձներով լուրերը թակարդ են:

Իհարկե, 2018-ի աշնան վերջում Հայաստանում ստեղծված իրավիճակը բացառիկ է. ժողովրդական մեծ աջակցություն (և սեր) ունեցող քաղաքական ուժը դեռևս չունի իր այլընտրանքը:

Բայց ցանկալի է հիշել, որ բոլոր վատ բաները սկսվում են այլընտրանքի բացակայության մասին մտային կառույցներով:

Այդպիսի անփոխարինելի էին ներկայացվում ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, և մենք տեսանք, թե ինչ հետևանքներ ունեցավ դա թե՛ մեզ, թե՛ ՀՀԿ-ի, թե՛ Սերժ Սարգսյանի համար:

Հիմա անփոխարինելի է համարվում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր նոր կազմով: Եվ դա հղի է մանր ու խոշոր թակարդներով:

Երբ բացվել է հեռանկարներ ունենալու բերկրանքը, անփոխարինելի ուժի մասին ուղերձները բավարար չեն:

Ավելի արժեքավոր են հեռանկարների շուրջ բանավեճերն ու քննարկումները, որոնք հազվադեպ են (խոսվում է հիմնականում անցյալը հաղթահարելու, մաքրելու ու թարմացնելու կամ անցյալի սխալները ընդունելու մասին):

Առանց վախերի վրա շեշտադրումներ անելու ապագայում այլըտրանքներ տեսնելու ունակությունը թանկ ապրանք է մեդիա դաշտում: Այդ այլընտրանքը չկար ՀՀԿ իշխանության օրոք, և այն ձևավորելու պահանջը ժառանգել է «ՔՊ»-ն, որը ստիպված է այլընտրանքի առկայության երաշխավորողը լինել:

Ի վերջո, այն արդեն ունի մեծ ընտրազանգված, մնում է նպաստի մտածող ու մտահոգ լսարանի սպասելիքների իրականացմանը:

Չընկնի միակ ու անկրկնելի լինելու ցանկության թակարդը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *