2018.10.19,

Քննադատ

Մշակույթը՝ չարյաց փոքրագույն

author_posts/karen-avetisyan
Կարեն Ավետիսյան

Lրագրող, կինոքննադատ

Շրջանավարտ կամ սկսնակ լրագրողների հետ շփումը ի հայտ է բերում մեդիա ոլորտում աշխատանքի ընդունելության հարցազրույցների օրինակներ, որոնք մի կողմից մտահոգիչ են, մյուս կողմից՝ լավագույնս դրսևորում են լրատվամիջոցների խմբագրական ռազմավարական կարծրատիպերն ու մեդիա օրակարգի խափուսիկ առաջնահերթությունները:

Լրագրության ֆակուլտետի շրջանավարտը, կամ նոր-նոր դաշտ ոտք դնող լրագրողը գնում է աշխատանքի ընդունման հարցազրույցի, որտեղ լրագրողական մեդիագնդապետ խմբագրի և իր՝ վախվորած շարքայինի, միջև ծավալվում է մոտավորապես հետևյալ պայմանական երկխոսությունը.

– Ազիզ ջան, կառավարության նիստ կարո՞ղ ես լուսաբանել:
– Եսիմ:
– Իսկ Ազգային ժողո՞վ։
– Դե, չգիտեմ:
– Տնտեսական վերլուծությու՞ն:
– Հմմմ…
– Դե լավ որ տենց ա, արի դու մշակույթ գրի:

Փաստորեն, ոչ մեկ անգամ հանդիպած այս միտումը ազդարարում է տագնապալից եզրահանգումներ:

Նախ, ստացվում է, որ մշակույթը ամենադյուրինն է լուսաբանման համար, երկրորդը՝ նրա պահանջարկը ամենասակավն Է, չնայած որ խորքային իմաստով մշակույթ է ամեն ինչը և՛ շոու բիզնեսը, և՛ Ազգային ժողովը, և՛ Շամշյանի քրոնիկոնները: Բայց դա առանձին քննարկման նյութ է:

Վերադառնանք մեդիա օրակարգի ձևավորման առաջնահերթություններին:

Լրագրության մեջ կա ակադեմիական դարձած մի ճշմարտություն, որը փիլիսոփայորեն ձևակերպված է այսպես՝ ընթերցողին ամենից շատ հետաքրքրում է սեփական մահը:

Ավելի պարզ ասած՝ հետաքրքրում է այն, ինչն անմիջականորեն կապված է իր կյանքի հետ՝ քաղաքական որոշումներ, սոցիալական փոփոխություններ, գնաճ, սպառողական զամբյուղ, ընտրություններ, հեղափոխություն, տրանսպորտ և այլն:

Նախապատվությունների այս սանդղակում մշակույթը երկրորդական էշելոնում է, քանի որ դիտարկվում է բացառապես արվեստային համատեքստում, արվեստն էլ իր հերթին դիտարկվում է որպես զվարճանք կամ հանդիսանք, ուստի և ոչինչ չի ասում տվյալ ընթերցողի ներկայիս կեցության և իր համար ակտուալ հարցերի մասին:

Սա Հայաստանում, ցավոք թե՛արվեստային, թե՛ արվեստաբանական, թե՛ մշակութային և մշակութաբանական խնդիր է, մեդիայի լեզվով ասած՝ և՛ տեղեկատվական առիթի խնդիր է և՛ առիթի լուսաբանման:

Դիցուք, բոլորովին վերջերս Լոնդոնում 1000-րդ անգամ բեմադրել էին «Լիր Արքան» ու 100-րդ անգամ Լիրին կերտում էր սըր Իեն ՄաքՔելենը: Թվում է, թե ի՞նչ կարող է լինել ավելի արխայիկ ու կոնսերվացված, սակայն հին Շեքսպիրը բեմադրվել է այնպիսի յուրահատուկ անկյան տակ, որ յուրաքանչյուր բրիտանացի նայելիս հասկանում է, որ բեմի վրա շեքսպիրյան տեքստով խոսվում է Բրեքզիթի մասին, այսինքն՝ բրիտանացու այսօրվա մասին:

Ու հավատացած եղեք, որ եթե անգամ որևէ ժամանակավրեպ ռեժիսոր բեմադրեր «Լիր Արքան» առանց բրեքզիթյան ենթատեքստի, ապա բրիտանացի մշակութային լրագրողն ինքը կստեղծեր նման մի զուգահեռ՝ լուսաբանման նյութը ներկայիս հետ կամրջելու համար:  

Որպես կանոն Հայաստանում տեղի ունեցող մշակությանին իրադարձությունը ինքնին քիչ աղերս է ունենում ընթացիկ կյանքի հետ, հետևաբար՝ դրա լուսաբանման վեկտորը նույնպես անցնում է սպառողի «ակտուալ միջակայքի» կողքով, չնայած առիթի ժամանակավրեպ լինելը չի արդարացնում նույնպիսի լուսաբանումը, քանի որ ցանկացած իրադարձություն, գործընթաց կամ արվեստի նմուշ պետք է անպայման լուսաբանվի ժամանակի, շատ ցանկալի է՝ ներկայի համատեքստում:

Միմիայն այս դեպքում լուսաբանումը կտա ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային արդյունք և մեդիայում կդառնա լուր, նորություն, հետևաբար՝ կունենա ազդեցույթյուն:

Չէ՞ որ մեդիան (համենայնդեպս, հոգևոր իմաստով) մի սուբստանցիա է, որը հաղորդիչ է:

Ոչ թե կոսմետիկ փաթեթավորման նկարագիր է, այլ առանցքային ուժի, խորքային ազդակների փոխանցում:

Գուցե այդ ժամանակ հայաստանյան խմբագրություններում կծավալվի հեղափոխական երկխոսություն, որտեղ լայնաշերտ մշակույթի արդիականացված լուսաբանումը ապահովել չհաջողած սկսնակ լրագրողին ճարահատյալ բաժին կհասնի Ազգային ժողովը:  

Կարեն Ավետիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *