Այսպիսի վերնագիր ուներ հայերեն առաջին, այսպես կոչված՝ սարսափ ժանրի գրքերից մեկը: Հիմա այն մասին, թե ինչու հիշեցինք Էդգար Ալան Պոյի պատմվածքների այդ ժողովածուն:
Մշակույթի նախարարության կողմից հայտարարած դրամաշնորհների երկու մրցույթների ծրագրերը բուռն քննարկումների առիթ դարձան ինչպես մամուլում, այնպես էլ՝ սոցիալական կայքերում, հատկապես՝ Ֆեյսբուքում:
«Աջակցություն գրողներին» ծրագրով մեկ միլիոն դրամ է տրվում այն գրողներին, ովքեր կներկայացնեն առնվազն տասը էջ իրենց անավարտ ստեղծագործությունից և կպարտավորվեն ավարտել այն առավելագույնը մեկ տարվա ընթացքում:
Առաջին դժգոհությունները վերաբերում էին արձակ ստեղծագործության ժանրերին: Նախարարությունը կաջակցի միայն արկածային, դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, ֆենթըզի, սարսափ պատմություն, գեղարվեստական հուշագրություն գրող հեղինակներին: Առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ մշակույթի խնդիրները կարգավորող պետական գերատեսչությունում կարևոր են համարել ստեղծվելիք գրքերի իրացման խնդիրները: Այսինքն՝ շուկան: Սրանք իրենց սպառման հնարավորությամբ զիջում են գուցե թե միայն մանկական գրականությանը: Բայց եթե նկատի առնենք, որ արկածային ժանրի ներքո հասկացվում է մանկապատանեկան ստեղծագործություն, ուրեմն որոշ չափով այս բացը լրացվում է: Ամենից խնդրահարույցն այստեղ սարսափ ժանրի առկայությունն է: Հայ գրականությունը չունի այս ժանրի որևէ ավանդույթ, եթե չհաշվենք Ցեասպանության սահմռկեցուցիչ ու նվաստացնող նկարագարություններով մի քանի գործերը: Առհասարակ, եթե նկատի չունենանք Էդգար Ալան Պոյի և էլի մի քանիսի գործերը, կարող ենք ասել, որ սարսափ տերմինը՝ որպես ստեղծագործության ժանր, ավելի շատ կինոյի հետ է առնչվում, քան գրականության: Եթե մրցույթի կազմակերպիչներն իրենց հայտարարության մեջ ընդգծեին հետագայում դրանցով կինոսցենար ստեղծելու և ֆիլմ նկարահանելու հնարավորությունը, գուցե այս ժանրի գոյությունը տրամաբանական դիտվեր և հույս փայփայեինք, որ մի օր մրցակցելու ենք Ալֆրեդ Հիչքոքի հետ: Հետաքրքրիր է, թե մեկ միլիոնը քանի ժամանակակից գրողի է գայթակղելու՝ փոխել սեփական նախապատվություններն ու վերաորակավորվել: Այնուհանդերձ, կարծում ենք, որ ամենաշատը հենց սարսափ ժանրն է գերիշխելու, որովհետև մեծ թվով գրամոլներ փորձելու են առիթից օգտվել և ինչ ժանրում էլ հայտ ներկայացնեն՝ սարսափ է ստացվելու, կամ գոնե՝ սարսափելի:
Արձակագիր Սուսաննա Հարությունյանն իր ֆեյսուբուքյան էջում անդրադառնալով սարսափ ժանրին՝ արդարացիորեն գրում է. «Հետաքրքիր է, ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ մշակույթի նախարարությունը պատերազմող երկրի գրողին՝ սահմաններում ամեն օր զոհվող հարազատ զավակների մահը տեսնող ժողովրդի ընթերցանության համար սարսափ ժանրի գործեր պատվիրելով»։ Նրա այս գրությանը համերաշխ Կարո Վարդանյանը հեգնում է. թե սարսափելի գրքերով կարելի է թշնամուն ահաբեկել:
Նույն խնդրին անդրադառնալով՝ տեղին դիտողություն է անում նաև արձակագիր, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում. «Մշակույթի նախարարության առաջին նոր ձեռնարկներից մեկը ինձ շատ զարմացրեց… գեղարվեստական հուշագրությունը բաց թողնեմ։ Մնացած ժանրերը՝ արկածային, դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, ֆենթըզի, ամբողջ աշխարհում կոմերցիոն գրականություն են՝ մեծ տպաքանակով վաճառվում են, շահ բերում հեղինակին ու հրատարակչին։ Պետության ի՞նչ հոգսն է էդ գրականությունը։ Բա «սարսափ պատմությունը»։ Չէ, լո՞ւրջ։ Չեմ ուզում էժանագին հնարքի դիմել, թե մեզ հենց սարսափ պատմություններն էին պակաս վերջին քսան տարին, բայց ո՞ւմ են պետք դրանք, կա՞ հանրային պահանջ, իսկ ի՞նչ ազդեցության նպատակ եք դրել»։
Թվարկելով, թե ինչ թեմաներ կնախընտրեր, որ խրախուսվեն, գրողը ավելացնում է.«Իսկ առայժմ էս հայտարարությունը համարում եմ մշակույթի զարգացման գործում պետության դերի թյուրըմբռնման արդյունք»։
Նույն մրցութային ծրագրից, անշուշտ ամենից շատ դժգոհ են բանսատեղծները: Պոեզիայի համար դրամաշնորհ սահմանված չէ: Այս հարցում էլ նախարարությունում առաջնորդվել են շուկայի տրամաբանությամբ, որովհետև փաստ է, որ պոետների գրքերն ավելի վատ են վաճառվում, քան՝ արձակագիրներինը:
Եվ վերջապես՝ դժգոհ են նաև հրատարակիչները: Այս դժգոհության արտահայտողը հիմնականում եղավ «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Թե իր ֆեյսբուքյան էջում և թե լրատվամիջոցներում նա խնդրահարույց էր համարում այս ծրագրի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների հակասությունը, ըստ որոնց պետությունը ոչ թե ստեղծագործողին է փող տալու, այլ հասարակությունն է ավելի բարեկեցիկ դարձնելու, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան գիրք գնել, թատրոն կամ համերգասրահ այցելել:
Այո, իսկապես այստեղ հակասություն կա: Սակայն լրատվամիջոցներում ամենաշատ շրջանառվողը ստեղծագործողին ֆինանսավորելով՝ պետությունից, կամ ավելի ստույգ՝ իշխանությունից կախվածության մեջ պահելու հարցն է:
Չուզենալով օգտագործել «կզզացնել» կիսագողական բառը, բանավիճողները կիրառում էին իրենց կարծիքով առավել բարեհունչ «կռացնել» ձևը: Մի կողմ թողնենք, որ հայերենում չի կարող այդպիսի անմիտ բառ լինել՝ որպես խոնարհեցնելու հոմանիշ: Իրականում կախվածությունը իշխանությունից կամ պետությունից ոչ այնքան նրա տված դրամաշնորհից կամ մրցանակից է կախված, որքան ներքին ազատության ամրությունից: Այո, ես գիտեմ տասնյակ գրողների ու այլ արվեստագետների, որոնք մինչ այսօր պետությունից ոչ որևէ օժանդակություն են ստացել և ոչ պարգև ու մեդալ, բայց իրենք իրենց դրել են կախվածության հոգաբանական վիճակում: Եվ հակառակը, իհարկե, ոչ նախորդների չափ, բայց գիտեմ նաև պետության օժանդակությամբ գրքեր հրատարակած ու մրցանականեր ստացած գրողների, ովքեր երբեք չենք կորցրել ներքին ազատությունն ու անկախությունը ու «երախտամոռ» կերպով մշտապես ընդդիմադիր դիրքերում են եղել:
Երկրոդ դրամաշնորհային ծրագիրը, որի մրցույթի մասին հայտարարել են ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունները՝ կոչվում է «Քո արվեստը դպրոցում»: Այս մեկն արդեն վերբերվում է ինչպես գրողներին, այնպես էլ՝ նկարիչներին ու երաժիշտներին: Սրա շուրջ մամուլում եղած նյութերն այնքան առատ ու բուռն չեն, ինչպես նախորդի դեպքում: Ըստ մրցույթի կազմակերպիչների ՝ ծրագրի նպատակը հանրակրթության ոլորտում «մշակութային կրթության» բաղադրիչի բացը լրացնելն է, ընթերցանության, դասական երաժշտության և կերպարվեստի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելը և այլն: Նպատակների մեջ նաև դպրոցականների ու երիտասարդության շրջանում ժամանակակից ստեղծագործողներին ու նրանց արվեստը ճանաչելի դարձնելու ձգտումն է: Անկեղծ ասած, գոնե գրողների մասով կարող եմ պնդել, որ միշտ էլ ցանկալի են եղել հանդիպումները ու ոչ միայն դպրոցներում, և չգիտեմ դեպք, որ գրողը մերժի, ավելի ճիշտ՝ ձեռքից բաց թողնի այդպիսի հանդիպումների առիթը: Հիմա եթե դրա համար պետությունը նաև գումար է տալիս, բնականաբար շահագրգռությունը կրկնապատկվում է: Եթե մոռանանք «կզելու» կամ «կռանալու» մտահոգությունը, այս հարցում մեկ այլ կարևոր վտանգ է մնում: Մրցութային հանձնաժողվը պիտի այնքան բծախնդիր ու պրոֆեսիոնալ լինի, որ պետությունուից վերջապես դրամական օժանդակություն ստանալու արվեստագետների ու գրողների անուրջները դպրոցականների համար չդառնան մղձավանջ, և իսպառ չվերացնեն նրանց տկարացած հետաքրքրությունը արվեստի և գրականության նկատմամբ:
Հովհաննես Երանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: