2018.07.09,

Քննադատ

Ինչպե՞ս ալիք վարել Տելեգրամում․ մի քանի խորհուրդ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Քանի որ արդեն Կառավարությունն է Տելեգրամ օգտագործում, և Տելեգրամը դառնում է շատերի համար առօրեական տեղեկատվական գործիք, խոսենք այն մասին, թե ինչպես  ունենալ սեփական ալիք այդ հարթակում։

Ամենակարևորը, Տելեգրամում ալիք բացելը կես րոպեի գործ է։ Պարզապես պետք է այն ունենալ, բացել New channel բաժինը, որոշել ալիքի անունը և հղումը։ Արդեն ձեր երևակայության և կրեատիվության գործն է, ստեղծել հետաքրքիր, բայց հասկանալի մի անվանում, ընտրել հղում, որը կլինի ձեր ալիքի այցեքարտը: Ալիքը կունենա t.me/dzeranuny տեսքի հղում, ինչպես նաև կներկայա որոնման մեջ @dzeranuny տեսքով։

Ալիք վարելու համար արժե Տելեգրամն ունենալ և՛ հեռախոսի, և՛ համակարգչի վրա։

Այս տեսքով ալիքն արդեն պատրաստ է օգրագործման։ Սակայն կարելի է օգտագործել մի քանի կարևոր գործիքներ, որոնք թույլ կտան ավելի հետաքրքիր դարձնել ձեր գրառումները։

Առաջինը, հաշվի առեք, որ Տելեգրամով չեք կարողանա շատ մեծ տեքստեր  ուղարկել։ Շատերը օգտագործում են իրենց անհատական բլոգը, ուր տեղադրում են տեքստը, իսկ հետո հղումը ուղարկում Տելեգրամի ալիքով։ Բայց Տելեգրամը հենց այդ նպատակով ունի  լրացուցիչ գործիք, որը կոչվում է Տելեգրաֆ։ Այստեղ դուք կարող եք ստեղծել նորմալ տեքստեր, ներառել լուսանկարներ, տեսանյութեր և հղում տալ դրան Տելեգրամում։

Մի կարևոր հանգամանք, Տելեգրաֆի գրառումները անոնիմ են, ձեր անձը չի բացահայտվում։ Ավելին, Տելեգրամի ալիքն էլ է անանուն, ձեր անձը չի բացահայտվում, կողքից նայողի համար հայտնի չէ, թե կոնկրետ ով է վարում ալիքը։ Ալիքն, իմիջիայլոց, կարող է ունենալ մեկից ավելի ադմին, դուք պարզապես պետք է դրանց ավելացնեք ալիքի կարգավորումների բաժնից։

Տելեգրամի պարզությունը ունի նաև իր բացասական կողմերը, քանի որ շատերը ուզում են ունենալ ավելի հագեցած տեքստեր, որոնք, օրինակ, պարունակում են ընգծված բառեր, ակտիվ հղումներ հենց տեքստի մեջ և այլն։ Կամ ցանկություն կա ստեղծել հարցումներ, վերջիվերջո ստանալ լայքեր հիանալի գրառումների համար։

Նման գործողությունները ունեն լուծումներ։ Օրինակ, կարելի է ստեղծել սեփական բոտ, այսինքն, Տելեգրամի ռոբոտ, որը կօգնի ձեզ այլ հարցերում։ Այստեղ տարբերակները շատ են, բերեմ մեկ օրինակ։

Գնում ենք մի հատուկ բոտի մոտ, որը թույլ է տալիս ստեղծել ձեր անձնական բոտին․ @BotFather։ (Բոտերին գտնելու համար պարզապես Տելեգրամի որոնողական բաժնում տեղադրեք դրա անունը)։ Հրաման ենք տալիս ստեղծել մեր բոտին։ Մեր այս նորաթուխ երիտասարդին դարձնում ենք մեր էջի ադմիններից մեկը։

Սրանից հետո պարզապես պետք է փորձել տարբեր հնարավորությունները։ Օրինակ, այցելում ենք մեկ այլ բոտի՝ @ControllerBot-ին։ Սա բոտ է, որին կցում եք ձեր բոտին։ Դրանից հետո ձեր գրառումները կարող եք խմբագրել այստեղ և ուղարկել ձեր ալիք։ Կարող եք այստեղ ստեղծել նախնական գրառումներ և որոշել դրանց հրապարակման ժամը։

Մեկ այլ բոտ, @VoteBot-ը թույլ է տալիս ստեղծել հարցումներ։ @markdownbot-ը թույլ է տալիս html հագեցած տեքստեր գրել։ Իրականում բոտերը բազմաթիվ են և հետաքրքիր։ Պարզապես պետք է անընդհատ որոնել և գտնել նոր տիպի բոտեր և հնարավորություններ։ Բայց դե, չարժե շատ չարաշահել բոտային հնարավորություններ: Չմոռանանք, որ կարևորը բովանդակությունն է։

 

Սամվել Մարտիրոսյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *