Անցած դարի կեսերին փորձ եղավ աշխարհում, նաև Հայաստանում, էսպերանտոն՝ իբրև միջազգային հաղորդակցության լեզու,մասսայականացնել: Էսպերանտոն, արհեստական այդ լեզուն, ստեղծել է Լյուդվիգ Զամենհոֆը, 1880-ականներին:
1920 թվականին, ԽՍՀՄ-ում փորձ արվեց էսպերանտոն դարձնել «համաշխարհային պրոլետարիատի ու հեղափոխության» լեզու: Լույս էին տեսնում թերթեր ու ինքնուսույցներ:
Արհեստականորեն կառուցված այդ լեզվով թարգմանվում էին գեղարվեստական տեքստեր: Հայաստանում էսպերանտոն տարածելու աշխատանքը կատարում էր ակադեմիկոս, լեզվաբան Գուրգեն Սևակը:
Նա էսպերանտո դարձրեց Իսահակյանի, Չարենցի, Թումանյանի, Շանթի որոշ գործեր:
Լեզուն տարածելու և այդ լեզվի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով Հայաստանում օգտագործվեց նաև ամենազանգվածային միջոցը՝ մամուլը:
Դեռևս 1910-1914 թթ. Թիֆլիսում լույս էր տեսնում «Կովկասյան էսպերանտիստ» («Kaukaza esperantisto») կիսամսյա գրական հանդեսը՝ հայերեն, ռուսերեն և վրացերեն: Խմբագիրն էր Հ. Աստվածատրյանը:
Էսպերանտոյով թարգմանվում էին հայ, վրացի, ռուս և այլ ազգերի գրողների գործեր՝ Պուշկին, Չեխով, Կուպրին, Հյուգո, Մոպասան: Հայ հեղինակներից՝ Սմբատ Շահազիզ, Ալեքսանդր Ծատուրյան, Ավետիք Իսահակյան: Հանդեսը տարածում էին նաև Մոսկվայում, Վարշավայում, Թավրիզում, Փարիզում:
Այս հանդեսից որևէ օրինակ չի պահպանվել ո՛չ Ազգային գրադարանում, ո՛չ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում:
Թեև 1914-ից հետո էսպերանտոյով հայկական թերթեր լույս չէին տեսնում, սակայն թարգմանություններ արվում էին:
Ըստ 1935-ի ապրիլի 4-ի «Ավանգարդ» թերթի՝ Գ.Սևակը էսպերանտոյով թարգմանել էր Չարենցի բանաստեղծությունները, որոնք պատրաստվում էր հրատարակել նույն թվականին: Ժողովածուն, սակայն, լույս չի տեսել:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էսպերանտոն հնարավորություն ուներ դառնալու Ազգերի լիգայի պաշտոնական լեզու, սակայն ֆրանսիական կողմը կասեցրեց որոշումը:
1958-ին Երևանում սկսեց լույս տեսնել «Հայկական էսպերանտիստ» («Armena esperantisto») 16 էջանոց հանդեսը: Տպաքանակը՝ 1000 օրինակ:
Թե ինչ խնդիր էր ցանկանում լուծել «Հայկական էսպերանտիստ»-ը, կարդում ենք ամսագրի առաջին համարում.
«Մենք հաճույքով լույս ենք ընծայում «Հայկական էսպերանտիստ» բյուլետենի անդրանիկ համարը: Մեր խնդիրն է նախևառաջ ընտիր ոճով ընթերցանության նյութ տալ նոր էսպերանտիստներին և սպասարկել նրանց, որոնք ցանկանում են սովորել միջազգային լեզուն, բայց չեն կարող գտնել դասագիրք ու բառարաններ»:
Հանդեսում անդրադարձ կար նաև 1910-14 թթ. լույս տեսնող «Կովկասյան էսպերանտիստի» մասին.
«Այո՛, «Կովկասյան էսպերանտիստ»-ը ազնվաբար տանում էր ժողովուրդների եղբայրացման և ինտերնացիոնալիզմի ջահը՝ աշխարհի էսպերանտիստներին ներկայացնելով կովկասյան ժողովուրդների գրականության հմայքները՝ հրաշալի թարգմանությունների միջոցով»:
«Հայկական էսպերանտիստ»-ը պահպանել էր ամսագրի բոլոր կանոնները՝ փորձելով հետաքրքիր նյութերով հաճելի ու երկարատև ընթերցանություն ապահովել: Հոդված՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին, Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ը՝ էսպերանտոյով, այլ թարգմանություններ, զվարճապատումներ, Երևանի մասին երգ:
Նաև դասընթաց՝ էսպերանտո սովորել ցանկացողների համար:
Այդ դասընթացից էլ պարզ դարձավ, որ Էսպերանտոն ունի 28 տառ. «Այդ տառերի մեծ մասը՝ բացի 6 տառից, որոնք ունեն հատուկ գլխադիր նշան, ծանոթ է յուրաքանչյուր մարդու դեռևս դպրոցից»:
Էսպերանտոն համարվում է հեշտ յուրացվող լեզու, քանի որ ունի կարևոր առավելություն՝ ինչպես լսվում է, այնպես էլ գրվում է: Շեշտը դրվում է բառի նախավերջին վանկի ձայնավորի վրա: Ի դեպ, Էսպերանտոյում կան հայերեն բառեր՝ խաչքար, լավաշ-lavaso…
Հանդեսը, սակայն, չէր կարող երկար կյանք ունենալ. Էսպերանտոյով հետաքրքրվողները չափազանց քիչ էին՝ ամսագիր ունենալու համար:
Անգամ միջազգային կառույցների ջանքերով անհնար է արհետսականորեն մարդկանց շփվելու միջոց դարձնել արհեստական լեզուն, որքան էլ այն սովորելը հեշտ լինի:
Հայհոյանքներ ու օրհնանք…Առանց էմոցիոնալ բաղադրիչի՝ որևէ լեզու չի կարող կենսունակ լինել: Վկան՝ էսպերանտոն:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: