2018.05.28,

Քննադատ

Ընտրեք ՀՅԴ-ին և հաց կունենաք. Առաջին հանրապետության խորհրդարանական ընտրությունները

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Առաջին հանրապետության մամուլին անդրադարձել էինք: Այս անգամ առանձնացրել ենք, թե ինչպես է լուսաբանվել մամուլում Առաջին հանրապետության 2,5 տարվա գոյության ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններից մեկը՝ 1919 թվականի խորհրդարանական միակ ընտրությունը:

Մինչ այդ՝ օրենսդիրի գործառույթն իրականացնում էր Խորհուրդը: Այն ձևավորվել էր 1918-ի ամռանը, անկախության հռչակումից երկու ամիս անց: Ընդ որում, ձևավորվել էր ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում:

Այս խորհրդարանում ժողովրդավարությունն ապահովված էր բառիս բուն իմաստով. նիստերի դահլիճում ազատ աթոռներ կային՝ նախատեսված հետաքրքրասեր քաղաքացիների համար.

«Վերջերս հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի Խորհրդարանի նիստերը: Թեև իստի սկիզբը հայտարարված էր ժամը 7-ին, բայց 6.30-ին արդեն հասարակությանը հատկացված տեղերն արդեն լիքն էին» («Կառավարության լրաբեր», 1918, սեպտեմբերի 6):

Ինչպես այսօր, 100 տարի առաջ էլ Հայաստանում կառավարման մոդելը խորհրդարանականն էր:

1919թ-ի մարտի 12-ին կառավարությունը խորհրդարանի ընտրությունների անցկացման համար հիմք ընդունեց համառուսական Սահմանադրական ժողովի ընտրական օրենքը: Սրա հիման վրա մշակվեց «Օրենք Հայաստանի խորհրդարանի ընտրությանց»:

Ըստ այդմ՝ 20 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի՝ առանց սեռի, դավանանքի խտրության, իրավունք ուներ մասնակցելու ընտրություններին, որոնք պիտի կատարվեին ընդհանուր, գաղտնի, հավասար, ուղղակի և համեմատական քվեարկությամբ:

Խորհրդարանի անդամների թիվը սահմանվեց ութսունը: Ընտրությունների օրերը հունիսի 21,22,23-ն էին:

Ընտրությունները համամասնական սկզբունքով էին: Ընտրաթերթիկներում ներկայացված էր 7 ցուցակ՝

Հ.Յ.Դաշնակցություն՝ 120 թեկնածու,
Հայ ժողովրդական կուսակցություն՝ 65 թեկնածու,
Սոցիալիստ հեղափոխոխական կուսակցություն՝ 35 թեկնածու,
Քրդական ցանկ՝ 2 թեկնածու,
Ասորական ցանկ՝ 3թեկնածու,
Անկուսակցական գյուղացիական միություն,
Թրքական ցանկ:

Ինչպիսի՞ն էր Առաջին հանրապետության խորհրդարանն ու ինչպե՞ս էին անցել խորհրդարանական ընտրությունները:

Առաջին հանրապետության շրջանում էլ մամուլը ուներ նույն բաժանումն, ինչ այսօր՝ իշխանական, ընդդիմադիր:

Իշխանական, այս դեպքում՝ դաշնակցական մամուլը գրում էր խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի փայլուն հաղթանակի մասին: Ընդդիմադիր մամուլը վկայում էր՝ ընտրություններն անցել են վարչական լծակների կիրառմամբ, ընտրակաշառքով:

Հայ ժողովրդական կուսակցությունը ընտրություններից անմիջապես առաջ որոշեց չմասնակցել ընտրություններին: Ինչու՞:

«Շատ բան կարելի է ասել այս բուրժուաների աղա-գործիչների կուսակցութեան մասին, բայց ի՞նչ ասես, երբ կուսակցութիւնն ինքը, տեսնելով, որ ժողովրդի մէջ հեղինակութիւն ու դիրք չունի, հրաժարուել է ընտրութիւններին մասնակցելուց» («Հայաստանի աշխատաւոր», ՀՅԴ օրգան,1919, 15 հունիսի):

Ընդդիմադիր մամուլի միջոցով արդեն հնարավորություն ենք ունենում 100-ամյա վաղեմության իրադարձությունները հասկանալ ՝ առանց առասպելաբանության:

«Դրությունը Հայաստանում» հոդվածում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը փորձում է հիմնավորել, թե ինչու չարժե քվերակել հօգուտ ՀՅԴ-ի՝ առաջարկելով քվերակել իր՝ N 3 ցուցակի օգտին.

«Մենք անցեալ անգամ շեշտեցինք այն քաոսային վիճակը Հայաստանի ներքին կյանքում, որը արդիւնք է հայ կեանքի ղեկավար շրջանների ստեղծագործական սնանկութեան: Երեսուն տարուայ իր ամբողջ գոյութեան ընթացքում Հայաստանի ղեկավար կուսակցութիւնը հայ ժողովրդին դարձրել է արտաքին ինտրիգների զոհ: Դաշնակցութիւնը իր քայլերը շարունակ յարմարեցրել է արտաքին ոյժերի հետ, … և հայ ժողովրդի վերջին տարիների և այժմ շարունակւող մարտիրոսագրութիւնը հետեւանք է այդ անմիտ քաղաքականութեան» («Սոցիալ-դեմոկրատ» բանւորական շաբաթաթերթ, 1919, հունիսի 15):

Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ՀԺԿ-ն արձանագրում է. «Կարծես դաշնակցականները նպատակ էին դրել ի ցոյց աշխարհի արտայայտել իրենց ծաղրը ու արհամարհանքը դէպի ընտրական ազատութիւնը ապահովող բոլոր կանոնները: Այդ սանձարձակ խուժանախաբեութիւնը տեսնելով՝ մարդ նողկանք է զգում դէպի այդ ընտրական բռնութիւն-ֆարսը» («Մարդկայնություն», 1919, հ.10):

Ըստ թերթի՝ ընտրություններին իշխող ՀՅԴ-ն սովյալներին հաց է խոստացել:

«Դաշնակցութիւնն ու իր հակառակորդները» հոդվածում ՀՅԴ-ն հակադարձում է. «Հ.Յ.Դաշնակցութեան յայտնի ու անյայտ հակառակորդները գործի վրա են: Անոնք նենգամիտ ու ստոր պրովոկացիաներով կը ջանան ոչ միայն վարկաբեկել Դաշնակցութիւնը, այլ նաեւ Հայաստանի կառավարութիւնը… Գիտենք, որ անոնք իրենց ծոծրակը կը տեսնեն, բայց իրենց որևէ նպատակի իրագործումը բնաւ («Աշխատանք», 1919, հ.38):

Ընտրություններն անցան սահմանված ժամկետում:

ՀՅԴ-ի օգտին քվեարկեց 230 272 ընտրող: Այս կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն էր՝ իր 72 պատգամավորով:

Սոցիալիստ հեղափոխականների օգտին քվերակեց 13 239 ընտրող (4 պատգամավոր), թուրքերի օգտին՝ 8 187 ընտրող (3 պատգամավոր), Անկուսակացական գյուղացիական  միության օգտին՝ 4 224 ընտրող (1 պատգամավոր): Ցուցակում ընդգրկված քրդերը, ՀԺԿ-ն ու ասորիները բավարար ձայներ չունեցան՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար:

Խորհրդարանի աշխատանքները մամուլում լուսաբանվում էին բավականին մանրամասն, գրեթե սղագրված տարբերակով «Յառաջ» թերթում:

Հայաստանի խորհրդի հաստատած օրենքները լույս էին տեսնում հատուկ տեղեկագրով: Ծախսերի մասով հաշվետվությունը չափազանց թափանցիկ էր:

Ֆինանսական հատկացումներ բաժնում տեղ կար նաև ԱԺ պատգամավորների սիրելի կետին՝ «Համաձայնութեան պետութիւնների մոտ ուղարկւող պատվիրակութեան համար եօթ հարիւր հազար ռուբլու վարկ բանալու համար» («Հայաստանի խորհրդի հաստատած օրենքները», 1918-1919 թթ.,մաս 1-ին):

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *