Արդեն քանի տարի ուղղորդված լրատվությունը զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում «ապահովում էր» կայուն մթնոլորտ։
Արտաքուստ ազատ լրագրության տողատակերում հանրությանն էր տրամադրվում ցանկալի լուրը, վերլուծությունը։ Մեթոդն, իհարկե աշխատեց՝ չթերագնահատենք։ Բայց ապրիլին սկսված շարժման ժամանակ անկողմնակալ լրատվությունն ապացուցեց իր գերակայությունը։
Ուղիղ եթերով հավաքների, գիշերային նստացույցերի, երթերի հեռարձակման շնորհիվ աստիճանաբար բոլորը ներգրավվեցին կատարվողի մեջ։
Դեռ Ֆրանսիայի հրապարակում, թեև փակված փողոցների պայմաններում, բայց՝ սակավամարդ հավաքների օրերին, իմ գործընկեր Արմեն Հովհաննիսյանն ասում էր, որ ուղիղ եթերը խոչընդոտում է, որ հավաքները բազմամարդ դառնան, մարդիկ նստած հեղափոխության ալիք են նայում ու տներից, ֆուտբոլ նայելու նման գոռում, թե որ շենքը գրավեն, հետո ուր գնան, ինչ պահանջեն։ Ու ես համամիտ էի այդ պահին։
Հիմա, երբ հետ նայելով ենք խոսում կատարվածի մասին, հասկանալի է մի պարզ բան. ուղիղ եթերը անդադար տեղեկատվությամբ, դժգոհող հասարակությանը բերում է մի կրիտիկական կետի, որից հետո բոլորը, կամ գերակշռող մեծամասնությունը, անջատելով «հեղափոխության ալիքը», միանում են ցույցին ու երթին, որովհետև անկարելի են համարում իրենց անմասն մնալը։
Անկողմնակալ ու չընդհատվող լրատվությունը, ակամա, դառնում է ամենաազդեցիկ քարոզչամիջոցը։
Հեղափոխության երրորդ շարժիչը
Եթե համարակալենք, ապա առաջին երկու, գուցե անհաջող ձևակերպված, բայց պայմանականորեն ասված շարժիչը Նիկոլն ու ուսանողներն էին։
Նրանք թվով քիչ էին և քչերն էին հավատում նրանց հաջողությանը։
Երրորդ շարժիչը անկողմնակալ լրատվությունն էր, որն անտեսանելիորեն օր օրի ավելացնում էր դեռ քչերի հավատն ու Նիկոլի և ուսանողների շարժման մասնակիցների թիվը։
«Բայց կարող ա՞ մի բան ստացվի» հուսահատ ու էպիկական հարցը ժամ առ ժամ փոփոխության էր ենթարկվում։ Սկզբում այս էպիկական ու քրոնիկ հուսահատական նախադասությունից դուրս ընկավ հարցական նշանը, սակայն «բայց կարող ա» կապակցությունը դեռևս մուգ տառերով վազող տողի նման վազվզում էր մարդկանց գլուխներում։
Ֆրանսիայի հրապարակում վերջին հավաքի օրը ուսանողների բացարձակ վստահ աղմուկի մեջ ավելի բարձր լսվում էր վաթսունին մոտ մի զույգի շատ հիմնավորված, բայց ընդհանուր տրամադրության մեջ բոլորովին չներդաշնակվող տրամաբանական հարցադրումները Նիկոլի ելույթի ժամանակ։
Նիկոլը նշում էր այն փողոցների անունները, գլխավոր մայրուղիները, որոնք պետք է փակվեին։ Թերահավատները շատ էին, այդ թվում՝ և ես։
Ուսանողներն այս գործողություններն իրականացրին այնպես, կարծես մի քանի տարի ուսանել էին դրսի լավագույն բուհերում մայրուղի փակելու բարձրագույն դասընթացներ։
Երբ անկողմնակալ լրատվամիջոցները հաղորդում էին քաղաքի տարբեր հատվածներից տեսանյութեր, թե ինչպես են ուսանողներն իրականցնում այդ գործողությունները, պատահաբար փողոցում հանդիպեցի նախորդ օրը Ֆրանսիայի հրապարակում Նիկոլի ամեն տողը խիստ ու տրամաբանված, բայց քրոնիկ հուսահատության դրոշմով ու բարձր ձայնով քննադատող մարդուն, որը հեռախոսով ուղիղ հեռարձակումը նայելով շտապում էր դեպի այն փողոցը, որտեղ այդ պահին ուսանողները դժվարություն ունեին։
Ուղիղ հեռարձակմամբ տեսնելով հաղթական երթ՝ դժգոհություն ունեցող մարդը դժվար է անհաղորդ մնում ու աստիճանաբար չի բավարարվում միայն կարեկցող հանդիսատեսի կարգավիճակով։
Բռնություն տեսնելու պահին, ոմանք ավելի ապահով են զգում բռնության էպիկենտրոնում չգտնվելու համար, ոմանք էլ ուղղակի հնարավոր չեն համարում հանդիսատես մնալը, երբ իրենց հասակակիցները փորձում են արտահայտել բոլորի, այդ թվում և իրենց դժգոհությունը ու ենթարկվում են բռնության։
Եվ աստիճանաբար երկրորդ հատվածը շատանում է։
Անգամ ամենահետաքրքիր ուղիղ հեռարձակումը մի պահից սկսկած այլևս սպառում է հեղափոխական մթնոլորտում հանդիսատեսի կարգավիճակ ստանձնած մարդու հետաքրքրությունն ու նրան բերում հաջորդ՝ մասնակցի փուլի կարգավիճակի։
Այս ամենի հիմքում, իհարկե, երկարաձգված անօրինության առկայությունն է, առանց որի որևէ ուղիղ եթեր չի կարող ունենալ որևէ հզոր կամ թույլ ազդեցություն։
Ապրիլ-մայիսյան մեր անկողմնակալ լրատվամիջոցները հաղթեցին տարիներ շարունակ ուղղորդված, ամեն ինչով ապահովված այն արատավոր ցանցին, որն իրականացնում էր վարպետորեն սարքած քարոզ ու ապացուցեցին, որ լավագույն «քարոզը» անկողմնակալ լրատվահեղեղն է։
Մենք բոլորս լրագրող ենք
Գոնե մի քանի օր դա այդպես էր։
Թումանյան-Տերյան խաչմերուկում ոստիկանական բռնության ժամանակ այդ շենքերում ապրող տնային տնտեսուհիներ, որոնց գիտեմ դեմքով, ուղիղ եթեր էին մտնում, քանի որ այդ պահին տեսագրող լրատվամիջոց չկար։
Իրենք մի ձեռքով փորձում էին խոչընդոտել ցուցարար ուսանողների բերման ենթարկելուն, մյուս ձեռքով կատարում էին լրագրողի երբևէ չսովորած գործառույթը։
Հասարակությունը մի քանի օր շարունակ որոշ չափով լրագրող էր, և շատ դեպքերում տեսագրված լինելուց խուսափելու համար ոստիկանները դադարեցնում էին բռնությունները։
Մի պահից, լրատվամիջոցները հարթակ տրամադրեցին քաղաքացիների արված տեսանյութերը տեղադրելու համար։
Միաձուլվում էր պրոֆեսիոնալն ու ոչ պրոֆեսիոնալը, քանի որ դա պահանջեց լարվածության ու վտանգի սանդղակը։
Անշուշտ, բարձրագույն տեխնոլոգիաներին ենք պարտական այս հնարավորության համար, բայց նաև այն տիկնանց ու տղամարդկանց, որոնք երբևէ չէին արել այդ գործը և արեցին իրավիճակից դրդված ու համարձակորեն։
Կային օրեր, երբ բոլորը լրագրող էին ու քաղաքացի։
Հետևաբար, շնորհավոր բոլորիս մամուլի ազատության օրը՝ պրոֆեսիոնալների ու «ակամա լրագրողների»։
Եվ մեր հարգանքը մեր այն պրոֆեսիոնալ ընկերներին, որոնց շնչահեղձ, հևիհև ու անկողմնակալ ձայնը պատիվ ունեցանք լսելու բոլոր երթերի, վազքերի, բռնությունների ընթացքում։
Անկողմնակալ լրատվությունը հաղթեց։
Լուսինե Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: