Մայիսի 1-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մայիսի 2-ի տոտալ դասադուլի ու գործադուլի մասին:
Քաղաքում փակվեցին բոլոր հնարավոր փողոցները, և աշխատանքի գնալը դարձավ անհնար: Ուսուցիչները, գրասենյակների, պետական հիմնարկների, մասնավոր սեկտորի աշխատակիցները աշխատանքի չգնալու ռեալ հիմնավորում ունեին՝ փողոցները փակ են, չենք կարող տեղ հասնել:
Բայց լրագրողների համար չաշխատելու ոչ մի նման հիմնավորում չկա: Լրագրողների ոսկե կանոններից մեկն է՝ դուռը փակ է, մտիր լուսամուտից: Եթե փակ են ճանապարհները, տեղ հասիր օդապարիկով կամ ոտքով:
Խնդիրն այն չէ, որ լրագրողը կարող է ղեկավարին ասել, որ փողոցը փակ է, և Դավիթաշենից ոտքով աշխատանքի գալ ֆիզիկապես չի կարող: Եվ ղեկավարը կհասկանա:
Խնդիրն այն է, որ լրագրողը ամեն գնով ցանկանում է գնալ իր աշխատանքին: Ինչպես «Սիվիլնեթ»-ի գործընկերս՝ Թաթուլ Հակոբյանը: Վերջին շրջանի գերլարված աշխատանքից ձեռք բերած ոտքերի ցավը Թաթուլին չէր խանգարել Նորքի 2-րդ զանգվածից աշխատանքի ուղևորվել ոչ միայն ոտքով, այլ նաև …ոտաբոբիկ:
Մայիսի 2-ին «Վէմ» ռադիոկայանի իմ գործընկերների օրինակով եմ ուզում պատմել, թե ինչպես անցկացրեցինք մեր աշխատանքային օրը:
Ռադիոյում հեղինակային հաղորդումներ վարող լրագրողները թերևս կհաստատեն, որ, անկանխատեսելի իրավիճակների համար ունենում ենք «պահեստային» հաղորդումներ:
Դրանք օրվա լրահոսից դուրս հաղորդումներ են, որոնց մեկ շաբաթ ուշացումով եթեր հեռարձակելը հաղորդման հրատապության վրա չի ազդում: Այդ հաղորդումները փրկում են իրավիճակը, երբ լրագրողը հիվանդ է, բացակայում է երկրից կամ ինչ-ինչ պատճառով չի կարողանում ժամանակին ձայնագրել հարցազրույցը:
«Վէմ» ռադիոկայանի շենքը Վերնիսաժի հարևանությամբ է: Աշխատակիցներից ոչ բոլորն են կենտրոնում ապրում:
Սակայն ռադիոկայանի աշխատակիցները, միևնույն է, եկել էին աշխատանքի, թեև կարող էին «պահեստային» հաղորդումներով, երաժշտությամբ լրացնել բացը: Եկել էին Նորքի 4-րդ զանգվածից, Երրորդ մասից, եկել էին ոտքով:
Մինչ փողոցների տոտալ փակման կոչը ես արդեն պայմանավորվել էի «Հայելի» հաղորդաշարի հյուրի հետ՝ հանդիպել մայիսի 2-ին, ժամը 15-ին:
Հանդիպումը հետաձգելն ազնիվ չէր. հյուրը պատրաստվել է, տրամադրվել է, թեման էլ հրատապ է… Բայց խնդիրը հենց կենտրոն հասնելն էր, այն էլ Արգավանդի խաչմերուկից:
Իսակովի պողոտան արդեն առավոտից փակ էր՝ բոլոր հնարավոր ելքերով ու մուտքերով: Ոտքով հասնելը վերջին, սակայն չափազանց ժամանակատար լուծումն էր: Հնարավորինս արագ աշխատանքի հասնելու միակ տարբերակը երեխաներիս սկուտերն էր…
Արգավանդից, Իսակովի պողոտայով, մինչև Վերնիսաժ հասա մեկ ժամ տասը րոպեում: Ճիշտ ժամանակին դիմավորեցի հյուրին, հարցազրույցն արեցի և տրանսպորտային նույն միջոցով էլ վերադարձա տուն:
Media.am-ը կայքը հրաշալի հոդվածաշար ունի «քայլող լրագրողների» մասին, որոնք օր ու գիշեր քայլում էին ու ուղիղ ռեժիմով լուսաբանում թավշյա հեղափոխությունը:
Նրանք այն լրագրողներն են, որոնք մասնագիտական պարտականություն, աշխատանք կատարելուց առաջ ուղղակի չափազանց սիրում են իրենց աշխատանքը:
Այնպես որ, մայիսի 2-ին լրագրողները, ինչպես նաև հացթուխներն ու զինվորականները, անխափան կատարեցին իրենց աշխատանքը:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: