2018.04.23,

Քննադատ

Յուրաքանչյուրը նախագահ է և յուրաքանչյուրը սիրո կարիք ունի

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն կարող ուղիղ կերպով նախագահ ընտրել: Այսինքն, քայլ անել՝ քվեարկելով կոնկրետ մարդու օգտին:

Բայց միևնույն ժամանակ, եթե ցանկանան, կարող են ամեն օր էլ ընտրել:

Նման ընտրության խաղ առաջարկեց «Նախագահական լյուքսում»  ցուցահանդեսը, որը բացվեց «Քայլ արա» զանգվածային շարժումի մեկնարկից առաջ:

Լինել նախագահ նշանակում է զբաղեցնել արտոնյալ դիրք, գտնվել «լյուքս» պիտակավորմամբ մի տարածքում ու ամենակարևորը վավերացնել սեփական իշխանությունը՝ ասելով «Ես նախագահ» եմ:

Արվեստագետ Սամվել Սաղաթելյանը, ստեղծելով «Նախագահական լյուքսում»  մուլտիմեդիա արվեստի նախագիծը, որոշեց «Ես նախագահ եմ» պնդումը կրկնապատկել և անգամ եռապատկել:

Ի վերջո, երբ օրվա ընթացքում մի քանի անգամ ասում ես «Ես նախագահ եմ, ես նախագահ եմ», անգիտակցորեն մտնում ես մի իրավիճակի մեջ, որը նմանվում է մանկական շուտասելուկ-խաղերին (նախագահ-նախագահը գրեթե նույնն է, ինչ բժիշկ-բժիշկը կամ տուն-տունիկը):

Որպես ցուցանմուշներ օգտագործված էին Հայաստանի Հանրապետության երեք նախագահների կիսադիմակները (նրանցից մեկը նաև այսօր վարչապետ է):

Դիմակները ունեին բռնակներ, ինչը ենթադրում էր, որ դրանք կարելի է օգտագործել թե՛ որպես դիմակ, թե՛ ցուցապաստառ:

Ասենք, վեր պարզել ինչպես ընդունված է անել ցույցերի ժամանակ, կամ հպել դեմքին, գոնե կիսով չափ դառնալով պատմական նշանակություն ունեցող անձերից մեկը:

Սամվել Սաղաթելյանը մոտեցել է իշխանության գրավչությանը ծայրաստիճան պարզությամբ: Չկան գեղագիտական ծուղակներ, բարդ իմաստային կառուցվածքներ, թաքնված ասելիքը կռահելու ճիգեր:

Ուզու՞մ ես դառնալ նախագահ, ուրեմն՝ դարձիր:

Այս ուղիղ առաջարկը ընդգծվում է ամենուրեք շարված, սփռված կարտոֆիլների բուրգերով (էքսկլյուզիվ «լյուքս»-ը կողք-կողքի և ընդդեմ զանգվածային բանջարեղենի):

Ցուցահանդեսի տեսահատվածում նույն կիսադիմակներով են նաև երեք արվեստագետները, որոնք շատ ուրախ են իրենց խաղից: Նրանք խաղում են այն երեք կապիկների դերերը, որոնք ուզում են չտեսնել, չլսել ու չխոսել: Միայն պարում են:

Հետաքրքրիրն այն է, որ հեղինակը հանգիստ սրտով ցուցանմուշներ է սարքում ոչ թե վերացական, այլ Հայաստանի հանրապետության երեք իրական նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, կերպարները:

Չորրորդը, որի լիազորությունները դեռ նոր են սկսվել, հաշիվ չէ, քանի որ արդեն այլ խաղի կանոններ են (խորհրդարանական, և ոչ նախագահական պետություն ենք, այսինքն՝ «կիսալյուքս»):

Պարզեցումը որպես սադրանք

Ժամանակակից արվեստը միշտ ունի քաղաքական աղերսներ, սովորաբար քողարկված ու գեղեցիկ գաղտնագրված:

Սամվել Սաղաթելյանը արել է հակառակը: Նա բնավ էլ չի համարում, որ քաղաքական թեման հարկավոր է թաքցնել տողատակերում ու օգտագործել այլաբանական լեզու: Նա քաղաքական ատրիբուտներն ու կերպարները բացում է, պարզեցնում, իջեցնում անձեռնմխելի պատվանդանից ու դարձնում կիրառական իրեր, թռուցիկներ, խաղալիքներ, որոնք կարող են հայտնվել հատակին, ոտքի տակ:

Կարող են փչանալ ինչպես ձեռագիր պաստառները, պատռվել, ինչպես դիմակները, փտել, ինչպես կարտոֆիլը:

Բացարձակապես պարզեցնելը կարևոր է, երբ շրջապատում անընդհատ օգտագործվում են մանիպուլյատիվ բազմահարկ հնարքները և հեգնվում են հիմնարար ազատությունները:

Օրինակ, ընտրության բերկրանքը (ում էլ ընտրես, նույնն է լինելու), ընտրելու որոշումը (տես, թե ինչ ընդդիմություն ունես, բա արժե՞ նրան ձայն տալ), անկախությունը (միևնույն է, անկախ լինել չենք կարող):

Հեգնանքը ավտորիտար համակարգերի զենքն է, որով կասկածի տակ է դրվում կարևոր որոշումներ կայացնելու մարդու ունակությունը՝ դարձնելով  որոշում կայացնելը երկրորդական, անիմաստ զբաղմունք:

Սամվել Սաղաթելյանը փորձում է հեգնանքը օգտագործել հակառակ արդյունքի հասնելու համար. ոչ թե լղոզելու ասելիքը, այլ հեգնանքի միջոցով այն նորից արդիականացնելու:

Ու թեև այս ցուցահանդեսը ջանում է միաժամանակ մի քանի կարևոր բաների մասին խոսել, ամենահաջողվածը հենց փորձն է հեգնանքին հեգնանք հակադրելով՝ չեզոքացնել հեգնական ֆոնը:

Այսպես ասած՝ հասնել զրոյական դիրքին, երբ նախագահը ընդամենը դիմակ է, և եթե կրում ես այդ դիմակը, ուրեմն ինքդ ես նախագահ:

«Եթե նույնանում ես իշխանությունների հետ, պակաս խոցելի ես դառնում: Ինչպես ճապոնացի նետաձիգը, որը նետը արձակում է միայն այն պահին, երբ թիրախային կետը տեսնում է իր մեջ: Ուզում եմ, որ մարդիկ փորձելով դիմակները, իրենց չտարանջատեն այս նախագահներից»,- ասում է Սամվել Սաղաթելյանը:

Իրականում, հիմա Հայաստանում այնպիսի պահ է, որ ներքուստ խաղաղ աշխատելու համար հարկավոր է ջանք գործադրել ու որքան կարելի է հեռու մնալ իշխանական տարբեր միավորումներից (հատկապես, եթե աշխատում ես մեդիայի կամ արվեստի ոլորտում): Կարճ՝ ասած կղզիանալ, որ ապրել մաքուր:

Իսկ արևելյան մարտարվեստների փիլիսոփայության սիրահար Սամվել Սաղաթելյանը վստահ է, որ կղզիանալը ժամանակավրեպ է, քանի որ, մարդը կարողանում է հարաբերվել հակառակորդի հետ միայն այն ժամանակ, երբ նույնանում է շրջապատի հետ (միևնույն է՝ վատ, լավ, շնչավոր, անշունչ) և դրա արտացոլումը տեսնում է իր մեջ:

Դա օգնում է չապավինել ուրիշին ու չսպասել, որ ինչ-որ մեկը քո փոխարեն քո խնդիրն ու անելիքը կձևակերպի, կլուծի, հոգեբանորեն կաջակցի:

Վերջին 11 օրերի ընթացքում Հայաստանում հոսող ու զարգացող «Քայլ արա, մերժիր Սերժիր» շարժումը այդ միտքը հաստատեց զանգվածային կերպով:

Ի վերջո, բոլոր հարցերի հիմքը մարդու ազատությունն է:

Հետաքրքիր է, թե ինչ տրամաբանությամբ են այցելուները դիմակներ ընտրում ու առավելևս լուսանկարվում այդ դիմակներով՝ հավերժանալով կիսով չափ «ես»-ի ու կիսով չափ «նրանց»-ի հետ: Թերևս շատերը ընտրում են ի հեճուկս, ամենավատին ու ատելիին:

Սամվել Սաղաթելյանը հույս ունի, որ ինտերակտիվ այս դիմակահանդեսը հետագայում այլ նախագիծ կդառնա, բայց հիմա պնդում է, որ ամեն ինչը բացատրվում է ոչ թե ատելությամբ, այլ սիրով.

«Թող անհեթեթ չհնչի, իշխանություններն էլ սիրո կարիք ունեն, և ողջ դեմոնիզմը, նույնիսկ ատելությունը ժողովրդի նկատմամբ, ուրիշին ճնշելու, ուրիշի հաշվին հարստանալու ցանկությունը ծնվում է սիրո պակասից»:

Դժվար է սիրել այն իշխանական բուրգը, որը ստեղծվել է Հայաստանում, և անիմաստ է այն հայհոյելը: Բուրգերը կազմաքանդվում են միայն ցանցային մոդելներով, թեկուզ կիսադիմակներով արված սելֆիների տարածմամբ:

Կանացին որպես փրկիչ

Իշխանական բուրգը, որի կառուցումը վերջնականապես հաստատվեց Հայաստանում, հստակ տղամարդկային (ֆալիկ) կառուցվածք ունի:

«Բուրգն, ընդհանրապես, տղամարդկային կառույց է, և եթե անգամ այնտեղ կին էլ հայտնվի, նա միևնույն է այդպես բրգաձև էլ մտածելու է»,- վստահ է Սամվել Սաղաթելյանը, ում համար կանացիության կոնցեպտը սահուն կերպով դառնում է իշխանական բուրգի հակակշիռը:

Նրա նոր նախագիծը՝ «Իշխանական բրգի հաղթահարումը», հիմնված է լինելու այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուրի ներաշխարհում կա կանացի ընկալում, և այն ընդամենը պետք է ընդունել: Ոչ թե պայքարել դրա դեմ ու ամեն կերպ վանել, այլ հաշտ համակերպվել ու ապրել ավելի ներդաշնակ:

«Տղամարդու էության հիմքը վերահսկումն է՝ control –ը, կնոջը՝ տարածելը՝ sharing-ը: Կինը ինֆորմացիան ստանում է, մշակում է և հակված է այն վերադարձնելու, իսկ տղամարդը վախենում է կորցնել ինֆորմացիան (կոպիտ ասած՝ իշխանությունը): Եվ այդ վախը ստիպում է վերահսկել ինֆորմացիան, դարձնել այն զսպման զենք, շանտաժի միջոց: Տղամարդիկ այնքան են վախենում իրենց ներսի կանացիությունից և թույլ չեն տալիս, որ այն արտահայտվի, որ վերածվում են հրեշների: Եվ բավականին խղճուկ հրեշների»,- ասում է նա:

Միաժամանակ ստանալու ու վերադարձնելու, ձևացնելու ու լինելու, գործելու ու արձագանքելու հիմքը հենց ցանցն է, որտեղ արմատները աճում են ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական: Եվ ի տարբերություն բուրգերի, ցանցեր կառուցելը ավելի ուրախ և շնորհակալական գործ է:

Այդ թվում նաև նախագահների այլընտրանքային ցանցը՝ կիսադեմքերով ու կիսադիմակներով:

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *