Ապրիլի 13-ից Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, որոնք ծագեցին որպես հակակշիռ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրմանը, փաստեցին զուգահեռ երկու իրականությունների մասին:
Մի իրականությունում՝ կայուն կերպով անշարժ, լավագույն սովետական ավանդույթներով՝ Ազգային ժողովն էր քվեարկում Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման օգտին:
Իսկ մյուս կողմից՝ Երևանի փողոցներում ու հրապարակներում արդեն մի քանի օր շարունակ հազարավոր մարդիկ մասնակցում էին երթերի ու անհնազանդության ակցիաների, պարբերաբար հիշեցնելով, որ «Մերժիր Սերժին» ասելով, նկատի ունեն ազատագրումը միանձնյա կառավարումից ու ամեն գնով իշխելու ձգտումից:
Եվ այդ երկու մակարդակներում էլ աշխատում էր մեդիան. հեռուստատեսության համար փողոցը երկրորդական էր, իսկ փողոցում գտնվողների համար չկար հեռուստատեսությունը, քանի որ փողոցում գտնվողները իրենք էին լրատվամիջոցներ, ամեն վայրկյան հեռարձակում էին իրենց տեսածն ու տեղի ունեցածը:
Փողոցում երիտասարդ ու խանդավառ մարդիկ ասում էին՝ արա քո քայլը, մերժիր Սերժին, իսկ Ազգային ժողովի նախագահն ասում էր՝ շնորհակալություն, Սերժ Ազատի…
Մերժելու ու ազատ լինելու գաղափարը արդեն երկրորդ տասնամյակը ղեկավար պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանի հետ միաձուլումը դարձավ հոգեբանական երկատվածության պես մի բան:
Քանի որ Հայաստանի Հանրապետությունում չեն դիմում հայրանունով, իսկ եթե դիմում են, այն էլ բարձր ամբիոնից, ուրեմն պարզապես դիմողներին դուր է գալիս ազատ լինելու հիշատակումը «Սերժ» բառի հետ միասին:
Ազգային ժողովի գլխավոր ուժի պատկերացմամբ՝ ազատ լինելը հավասարազոր է ոչինչ չփոխելուն, չմերժելուն, քանի որ այդպես հանգիստ է, կանխատեսելի ու տաքուկ, ինչպես լճացման ենթակա ավազաններում:
Իսկ #ԻմՔայլը ակցիայի հիմքը լրիվ հակառակն էր՝ ազատ լինելով, մերժելը և չհանդուրժելը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը սկսեց այս շարժումը, հայտարարեց «թավշյա հեղափոխության» ու անհնազանդության ակցիաների պարբերական բնույթի մասին:
Այդ ակցիաները, որոնք սկիզբ առան Երևանի Ֆրանսիայի հրապարակում, Ռոդենի արձանի հարևանությամբ, դարձան շարժական: Ու թեև ինքաբուխ էին զարգանում ու տեղափոխվում, ունեին մարդակենտրոն բնույթ:
Մարդիկ ներքին մղումով էին միանում ակցիաների, քանի որ ցանկություն ունեին իրենց մարդ զգալու: Լինել մարդ՝ մյուս մարդկանց կողքին, ինքնահաստատվել՝ առանց մեկուսանալու ու պարփակվելու:
Զուգահեռ դրան Հայաստանի Հանրապետության նորընտիր (իսկ մինչ այդ 10 տարի նախագահած) վարչապետը որպես շնորհակալական խոսք ասաց: «Պրծավ, վերջ, սահմանադրական բարեփոխումներից հետո ոչ մի անհատ իրավունք չունի խոսել ժողովրդի անունից: Ժողովրդի անունից իրավունք ունի խոսել միայն քաղաքական ուժը»: Այս բառերը սիմվոլիկ էին, քանի որ հստակ ձևակերպվեց, որ քաղաքական ուժը բացառում է մարդուն որպես արժեք, նպատակ, ուժ և իշխանության կրող:
Այդ միտքը վարչապետի պաշտոն ստանձնած նախկին նախագահը կրկնեց մի քանի անգամ. «Մարդու իշխանություն չէ, քաղաքական ուժի իշխանություն է»:
Մինչդեռ Երևանի Հանրապետության հրապարակում #ՄերժիրՍերժին շարժումը շարունակում էր մերժել հենց այն իրավիճակը, որտեղ կրկին մարդը հաշիվ չէ:
Փաստացի միակուսակցական դարձած Հայաստանը դարձել է «հանգած հրաբուխների» (Սերժ Սարգսյանի ձևակերպմամբ) երկիր, որտեղ մարդիկ հանգչում են ու յուրաքանչյուր հնարավորություն (ոչ միշտ արդյունավետ ու ճիշտ) օգտագործում արթնանալու ու ժայթքելու համար:
Եվ որտեղ յուրաքանչյուր մարդ ինքն է ստանում ու տարածում այն ինֆորմացիան, որի կարիքը ունի և որն օգնում է չկորցնել հումանիստական նկարագիրը:
Արդեն պարզ է, որ հումանիստական ուղերձները փակվել ու մերժվել են իշխանությունների կողմից:
Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կաթողիոկս Գարեգին Բ-ին, երբ հրապարակը ալեկոծվում էր մերժումով:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: