2018.04.10,

Քննադատ

Նախագահի ու լրագրողների շփումները խաղաղ կերպով նվազել են

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի Հանրապետությունը հրաժեշտ տվեց նախագահ Սերժ Սարգսյանին ու տեղեկացավ, որ նա առաջադրվելու է վարչապետ:

Հրաժեշտը միշտ էլ արդյունքների ամփոփման եզրագիծ է: Եվ այդ եզրագիծը շատ թափանցիկ ու տեսանելի ապացուցում է, որ տասը տարիների ընթացքում այլևս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու լրագրողների շփումները ունեցել են նվազման միտում:

Նախագահության տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի շփումները մեդիայի հետ ու մեդիայի միջոցով զարգացել են կայուն:

Սկզբում դրանք շատ էին ու բազմազան, իսկ հետո դարձան ավելի սահմանափակ ու կանխատեսելի:

Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ ամենաբարձր պաշտոնը ողբերգական իրավիճակում. 2008-ի գարնան առաջին օրերը Հայաստանի պատմության մեջ կմնան որպես բռնության կիրառման, խաղաղ իրավիճակում զոհերով ու արյունալի դեպքերը բացատրելու ծանր պարտականություն (մինչ օրս ձգվող):

Նա իշխանության եկավ՝ ոստիկաններով շրջափակված հրապարակում երդմնակալության արարողությամբ: Մեդիայում դեռ երկար շրջանառում էր այդ օրվա խորհրդավոր պատկերաշարը, երբ նորընտիր նախագահը լիակատար միայնությամբ քայլում է Ազատության հրապարակով, իսկ քամին տարուբերում է սավառնող ցելոֆանե տոպրակը:

Միգուցե նաև դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը իր նախագահության առաջին տարիներին ցանկություն ուներ մեդիայում ներկայանալ որպես բաց անձ: Լրագրողների հետ ու լրագրողների միջոցով շփումը 2008-2011 թթ. նախընտրելի էր որպես հաստատման փորձ:

Ասենք, բացի իր պաշտոնավարման 100 օրվա կապակցության տված ծավալուն մամուլի ասուլիսից, նա շփվում էր նաև տարբեր միջավայրերում իրեն հանդիպած լրագրողների հետ:

Ասենք, աշխատանքային այցերով մեկնում էր Հայաստանի մարզեր ու պատասխանում մի խումբ լրագրողների (նաև տեղական) հարցերին: Օրինակ, նախագահի պաշտոնական կայքում հիշատակվում է, որ 2008-2010թթ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին Լոռու մարզի Շիրակամուտ գյուղ կատարած այցի ժամանակ (2008), Սարդարապատում  (2009),   օդակայանում (2009) Մոսկվա մեկնելուց առաջ,  Գեղարքունիք և Շիրակի մարզ կատարած այցերի ժամանակ (2010):

Ճեպազրույց ունեցել Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ (2010), պատասխանել լրատվամիջոցներին՝ Ծաղկաձորում (2011), կրկին պատասխանել լրագրողների հարցերին (2011), ասուլիս հրավիրել պաշտոնավարման մեկ տարվա առիթով:

Նույն տարիներին երկու անգամ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, «Ազատ Արցախ» թերթին և կրկին երկու անգամ   Արցախի հանրային հեռուստաընկերությանը (2009,2011):

Հետագայում հայաստանյան լրատվական դաշտի ու Սերժ Սարգսյանի հանդիպումները դարձան ավելի զգուշավոր ու միաժամանակ կանխատեսելի: Սերժ Սարգսյանը պատասխանում էր արդեն ոչ թե տարբեր լրատվամիջոցների հաճախ անսպասելի հարցերին, այլ անթաքույց նախընտրեց այն լրատվամիջոցներին, որոնք նախապես ընտրված, վստահված և ինչպես ընդունված է ասել՝ «պատասխանատու» հարցեր էին առաջարկում:

Այդպիսի լրատվամիջոցների սահմանները նույնպես միանգամից չորոշվեցին, այլ կրկին դանդաղորեն սահմանվեցին:

Հայաստանի այլևս վերջին նախագահը, որն անցել է համապետական ընտրության սխեմայով, դադարեց ասուլիսներ հրավիրել, հանդիպել ընդարձակ ընդգրկմամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, վերացրեց պարբերական ճեպազրույցների ավանդույթը և դադարեց հանդիպել լրագրողներին անսպասելի վայրերում ու առանց նախապես որոշված ցանկերի:

Մեդիան չէր ընտրում Սերժ Սարգսյանին, այլ Սերժ Սարգսյանն էր ընտրում մեդիան:

Եվ ընտրում էր ցուցադրաբար, անկաշկանդ ու լայն իմաստով՝ հենց այդ ցուցադրական ընտրության արդյունքում մեդիան զրկվեց իրավունքների պատրանքից:

Օրինակ, 2015 թվականին նա հարցազրույց տվեց մի քանի հեռուստաընկերությանը, բայց այդ մասին հեռուստաընկերությունները լռեցին մինչ այն պահը, երբ հրապարակվեց հանդիպման պաշտոնական սղագրությունը և տեղեկությունը դարձավ «երկրորդ թարմության»: Հետո նման ձևաչափով ու գրեթե նույն լրատվական կազմով հարցազրույց ունեցավ նաև ինքնաթիռում (2016):

Եվ այդպես փոխվեցին մեդիայի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները: Սերժ Սարգսյանը պատրաստ էր անսպասելի հարցերի, քանի որ պարզապես բացառել էր դրանք:

Վերջին տարում Սերժ Սարգսյանն իր մտքերի հեռարձակումը վստահում էր միայն մեկ հեռուստաընկերության: Նա մի քանի հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը («Բանաձև», 2017, «ՌԷվոլուցիա», 2017):

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *