Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կողմից հաստատված «ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ 2017-18 թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման կանոնակարգի» 13-րդ հոդվածով ամրագրված է ակումբների պարտավորությունները, համաձայն որի` ակումբները պարտավոր են. «Յուրաքանչյուր հանդիպումից անմիջապես հետո ապահովել իրենց թիմերի գլխավոր մարզիչների (կամ նրանց պաշտոնակատարների) մասնակցությունը կազմակերպված մամուլի ասուլիսին կամ բրիֆինգին»:
Սա Հայաստանի ֆուտբոլային ակումբների և լրատվամիջոցների, լրագրողների միջև ամրագրված թերևս միակ դրույթն է:
Ընդ որում, սա այն նվազագույնն է, որ կա միջազգային պրակտիկայում: Ավելի ուժեղ առաջնություններում, մրցաշարերում, մարզիչները, ֆուտբոլիստները պարտավոր են նաև նախախաղային ասուլիսի մասնակցել, խաղից հետո հատուկ ստեղծված «խառը գոտում» պատասխանել լրագրողների հարցերին և այլն:
Ակումբներ–լրատվամիջոցներ կապը երկողմանի շահավետ է. ակումբները լուծում են իրենց փիառի հարցերը, լրատվամիջոցներն էլ կարողանում են անհրաժեշտ տեղեկություն հաղորդել իրենց ընթերցողներին: Սա միջազգային ֆուտբոլի անքննարկելի տարր է, ինչը, սակայն, Հայաստանում ունի իր նրբերանգները:
Յուրահատուկ երկիր է Հայաստանը, յուրահատուկ է նաև մեր ֆուտբոլի առաջնությունն ու նրա լուսաբանումը: Մենք միակ երկիրն ենք, որի բարձրագույն խմբում հանդես են գալիս ընդամենը 6 թիմեր («Ալաշկերտ», «Գանձասար Կապան», «Շիրակ», «Փյունիկ», «Բանանց», «Արարատ»), առաջին լիգայում էլ հանդես են գալիս այս 6 ակումբների փոխարինող կազմերն ու ևս 4 թիմեր («Լոռի», «Արցախ», «Էրեբունի», «Ավան Ակադեմիա»):
Ընդհանուր առմամբ Հայաստանում ներկա պահին գոյություն ունի ֆուտբոլային 10 ակումբ: Բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր թիմերը, նաև «Լոռին», «Արցախը» ունեն բավական ակտիվ ֆեյսբուքյան էջեր, բարձրագույն խմբի թիմերը, բացառությամբ «Գանձասար Կապանի», ունեն նաև գործող կայքեր («Փյունիկի» կայքը չի գործում սեպտեմբերից):
Մեր թիմերի մամուլի քարտուղարները մեծամասամբ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են, գործող լրագրողներ, կան անգամ խմբագիրներ, ինչը այլ երկրներում կբերեր շահերի բախման:
Բայց այստեղ էլ Հայաստանն աչքի է ընկնում իր յուրահատկությամբ. մամուլի քարտուղար–լրագրողներն ընդհանուր առմամբ ներկայացնում, արձանագրում են փաստերը, առանց քննարկումների կամ սեփական տեսակետի արտահայտման, մյուս թիմերի խաղի գնահատականի կամ քննադատության, հետևաբար չի կարող լինել շահերի բախում:
Հայաստանի առաջնությունը հանրությանն է ներկայացվում հիմնականում մամուլի քարտուղար–լրագրողների աչքերով՝ բնականաբար ակումբների համար շահեկան տեսանկյունից, և լրատվամիջոցներն էլ հանգիստ ընդունում են այս փաստը:
«Լրատվամիջոցներ-ակումբներ» համերաշխ այս ֆոնին ամեն դեպքում հետաքրքիր է, իհարկե, մեր թիմերի խաղը, անգամ՝ առօրյան, տեսնել ակումբի աշխատակիցների աչքերով:
Մասնավորապես ամենաակտիվ՝ «Բանանցի» կայքից տեղեկանում ենք, որ ֆուտբոլային հանդիպումներին նախապատրաստվելու հետ մեկտեղ ակումբի ֆուտբոլիստները հասարակական տարատեսակ միջոցառումներով լի առօրյա ունեն. այցելում են Երևանի տեսարժան վայրեր, համատեղ նշում են պետական և կրոնական գրեթե բոլոր տոները, կինո են գնում, ջրագնդակ խաղում և այլն:
«Փյունիկի» կայքից երևում է, որ ակումբը չունի ղեկավարություն. համենայնդեպս, կայքում «Ղեկավարություն» պատուհանի տակ դատարկ է:
Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ հենց ակումբների մամուլի պատասխանատուների ջանքերով է այսօր Հայաստանի առաջնությունը որոշ չափով հասանելի դարձել, մեծամասամբ՝ համացանցի հնարավորություն ունեցողների համար:
ՀՖՖ-ն «V Sport»-ի և «VivaroNews»-ի հետ համատեղ սկսել է բարձրագույն խմբի հանդիպումների հեռարձակումը յութուբյան իր ալիքով:
«Բանանցը», «Արցախը», «Գանձասար Կապանը», «Փյունիկը» իրենց յութուբյան էջերով նույնպես կազմակերպում են խաղերի ուղիղ հեռարձակումներ, «Շիրակի» պատվերով՝ այս թիմի խաղերը հեռարձակվում են «Շիրակ» մարզային հեռուստաընկերության կողմից:
Ընդ որում, համացանցում այդ խաղերը հիմնականում մեկնաբանում են ակումբների աշխատակիցները, նկարահանվում են նաև մարզիչների, երբեմն տեղադրվում են նաև ֆուտբոլիստների հետխաղյա մեկնաբանությունները:
Մարզիչների հետխաղյա ասուլիսներին ներկա են լինում հատուկենտ լրագրողներ:
Ասուլիսը լրատվամիջոցներին է հասնում հիմնականում ակումբների մամուլի քարտուղարների նկարահանած տեսանյութերի միջոցով և, կարծես, արդեն կորում է անգամ ՀՖՖ-ի կանոնակարգում ամրագրված հոդվածը՝ հետխաղյա ասուլիսների պարտադիր լինելու մասին:
Ընդ որում, մեր ֆուտբոլում, մասնավորապես «Փյունիկում» արդեն իսկ մեծ տեղ է հատկացվում «ռուսերենը որպես մայրենի լեզու» ընդունելու մասին խոսակցություններին. թիմի մարզչի հետխաղյա ասուլիսների ժամանակ հարցերն ու պատասխանները բացառապես ռուսերեն են՝ առանց հայերեն թարգմանության:
Նշեցի, որ բացառությամբ «Շիրակի» հանդիպումների, մեր առաջնության խաղերին հնարավոր է հետևել բացառապես համացանցով, ընդ որում, զուտ վիճակագրության առումով բավական հետաքրքիր պատկեր ենք ստանում:
Մասնավորապես, անցած օրերին տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի 3 հանդիպումների համացանցային հեռարձակումները ունեցել են հետևողների հետևյալ վիճակագրությունը.
«Արարատ» – «Շիրակ» (համաձայն պաշտոնական տվյալների՝ ստադիոնում ներկա է եղել 300 հանդիսական)
«Շիրակ ԹՎ»-ի հեռարձակում՝ 2900 դիտում
«Փյունիկ» – «Ալաշկերտ» (300 հանդիսական)
ՀՖՖ –ի հեռարձակում՝ 3301 դիտում
«Փյունիկի» հեռարձակում՝ 1779 դիտում
«Գանձասար Կապան» – «Բանանց» (400 հանդիսական)
ՀՖՖ –ի հեռարձակում՝ 1295 դիտում
«Գանձասար Կապանի» հեռարձակում՝ 2077 դիտում
Տարիներ առաջ, երբ գործընկերներիցս մեկին հարցրեցի, թե երբ ես գնալու ստադիոն (Հայաստանի հավաքականն էր խաղում), բավական ինքնավստահ պատասխանեց, թե ստադիոն գնալու կարիք չկա. խաղը ցուցադրելու են, ինքն էլ տանը նստած հանգիստ կնայի և բոլորից էլ շուտ կգրի խաղի արդյունքը:
Շատ էի զարմացել, թե ինչպես կարելի է նման ձևով լուսաբանել ֆուտբոլը: Բայց հիմա կարծես նման լուսաբանումը դարձել է համատարած:
Իհարկե, կան 1-2 լրատվամիջոցներ, լրագրողներ, որոնք սեփական տեսակետ են ներկայացնում, բայց ընդհանուր առմամբ հայկական ֆուտբոլը, մեր առաջնությունը հանդիսականին է հասնում համացանցով և հիմնականում ակումբի «աչքերով»:
Արմեն Նիկողոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: