2017.10.13,

Քննադատ

Ատելության հռետորիկայի գրոհը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը , որը լայնորեն քննարկվում է հայաստանյան հասարակությունը, մեդիային ամեն օր նոր բան գրելու հնարավորություն է տալիս:

Եվ մեդիան այդ հնարավորությունից օգտվում է, քանի դեռ թե՛ օրենքի ընդունման նախաձեռնողները (ՀՀ կառավարությունը, մասնավորապես, արդարատության նախարարությունը), թե՛ ընդդիմադիրները (տարբեր անհատներ ու կազմակերպություններ, որոնք օրինագիծը համարում են կործանիչ), ամեն օր հայտարարում են մի նոր, թարմ հուզական բան:

Ի տարբերություն այլ օրինագծերի՝ այդ մեկը իրոք արժանացել է հանրային լսումների և հանրային կյանք նետել տարբեր պղտոր վարկածներ, թաքնված վախեր, հարձակումներ ու «մութ ուժերի» դավադրության որոնումներ:

Օրենքի մասին ամենասկանդալային կարծիքներից մեկն այն է, որ այն միտված է երեխաներին խլել իրենց ընտանիքներից՝ խարխլելով ու քայքայելով հայ ավանդական ընտանիքի հիմքերը:

Մեդիայի անդրադարձները կարծես մեկը մյուսի պատճենն են: Լրագրողական նյութերը կառուցվում են հիմնականում երկու բևեռային տեսանկյունների ներկայացմամբ ու առատ են հարցական նշաններով:

«Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք»,- հարցնում է Հանրային ռադիոն:

«Ընտանեկան բռնության  կանխարգելման մասին օրինագիծը հանուն, թե՞ ընդդեմ ընտանիքի ամրության», – թեման շարունակվում է գրեթե նույն հարցական վերնագրով:

Այդպես կարծես պահպանվում է լրագրողական հիմնական պահանջը (առնվազն երկու կարծիք), բայց արդյունքում ստեղծվում է ծայրաստիճան հուզական աղմուկ, և այդ աղմուկի մեջ արթանանում են սարսափի սպասելիքները:

Մեդիան կարծես անգիտակցաբար դառնում է ատելության լեզվի խողովակ, քանի որ որպես կարծիք ներկայացնում ու հաճախ վերնագիր է դարձնում որևէ սկանդալային խոսք կամ կարծիք: Այս դեպքում ձևավորվում է պատկեր, թե ստեղծվում է երեխաներին ընտանիքներից խլելու մեխանիզմներ:

«Հայի ընտանիք «ներխուժելու» փորձ կամ ի՞նչ է թաքնված ընտանեկան բռնության մասին օրենքի հետևում»,- այս հոդվածը ավելի է խրվում դավադրության ու հարցականների մեջ, խոսելով արդեն երեխաների թրաֆիքինգի մասին:

«Օրենսդրական բռնությո՞ւն», թե՞ կարգավորող օրենք» հոդվածը մեջբերում է մի մարդու կարծիք, ըստ որի՝ օրենքի հեռահար նպատակը երեխաների ապաստաններ ու աջակցման կենտրոնների ստեղծումն է: Օրինագիծը նույնացվում է «մաֆիոզ», «երեխաներին գողացող» բառերի հետ, իսկ «հոգեբանական բռնություն» տերմինը կասկածելի է համարվում: Այդ սիրողական կարծիքը տարածվում է ողջ հոդվածի վրա:

Ընթերցողի մոտ կայուն տպավորություն է ստեղծվում, որ դա հակամարդկային օրինագիծ է, ավելին՝ ուղղված ոչ թե երեխաների պաշտպանությանը, այլև երեխաների դեմ:

Շատերը վստահ են, որ երեխաներին խլելու են ընտանիքներից, տեղադրելու հատուկ կառույցներում, հետո վաճառելու են նրանց օրգանները: Եվ ուրեմն հարկավոր է օրինագծի նախաձեռնողներին ատել, քանի դեռ ուշ չէ:

ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել է, որ օրենքի պահանջը կա, քանի որ շատացել են բռնության դեպքերը և հարկավոր է դրանք կարգավորել օրենսդրորեն: Բայց թեման շատ արագ սկսեց շահարկվել՝ իր մեջ ներառավ ատելության լեզվին (hate speech) հատուկ ձևակերպումներ:

Քննարկման դաշտ դուրս եկան այն կազմակերպությունները, որոնց գոյության մասին հանրությունը տեղյակ չէր, բայց նման հռետորիկ ու մանիպուլյացիաների տեղ բացող թեմաների քննարկման ժամանակ դրանք դառնում են թելադրող:

Շատերը լուրջ չեն վերաբերում այն անձանց ու կառույցներին, որոնք խոսում են պոպուլիստական «պահպանողական» դիրքերից ու հայտարարում են, որ Հայաստանի մանուկներին պետք է զերծ պահել արևմտյան արժեքներից ու վերադարձնել «հայ ավանդական ընտանիք»:

Ատելության, թշնամանքի հռետորիկան ենթադրում է, որ որևէ խմբի մասին պետք է խոսել ոչ թե փաստերով, այլ բարոյականության տեսակետից:

Եվ այս դեպքում էլ՝ օրինագծի կողմակիցները որակավորվուն են որպես «այլասերվածներ», «ազգի թշնամիներ», «արևմտյան գրանտակերներ»  ու «հակաազգային տարրեր»,  հետո այս որակավորումները շրջանառվուն են մեդիայում, այդ թվում նաև՝ սոցիալական:

Ցանցում միշտ էլ ավելի ինտենսիվ է դառնում այն, ինչը կա իրական կյանքում:

«Այլասերվածություն» բառը ատելության նմուշ է, նաև հայհոյանքի պես կշիռ ունեցող բնութագրում:

Իրականում, ատելության լեզվի գործարկումը ջրի երես հանեց հանրային խնդիրները:

Եվ ամենակարևորը թերևս այն է, թե որոնք է մարդկանց տեղեկատվական աղբյուրները:

Ուզենք թե չուզենք Հայաստանում մեծ տարածում ունեն կասկածելի ռուսալեզու կայքերն ու, իհարկե, ռուսական դաշնային հեռուստատեսությունը, որոնք ցանկացած արևմտյան փորձառություն ներկայացնում են որպես թերի, վտանգով լի ու թշնամական քայլ:

Ռուսաստանը բավականին ճակատային ու «փնթի» կերպով է տարածում իր քարոզչությունը: Օրինակ, որպես տեղեկատվական թերթիկ Հայաստանում տարածվեցին ռուսերեն լեզվով թռուցիկներ, որոնց ստեղծողները անգամ ջանք չեն թափել դրանք հայերեն թարգմանելու, պարզապես տարածում են այն, ինչը պատրաստվել է Ռուսաստանում ու Ռուսաստանի համար:

Կամ էլ հրապարակում է ամբողջովին ապատեղեկատվության վրա հիմնված այս հոդվածը. «Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին»:

Հոդվածը բացահայտորեն օգտագործում է արհամարհական-թշնամական բառապաշարն ու ակնհայտ մանիպուլյատիվ է:

Այլին ստորացնելու, չընկալելու, թիրախավորելու փորձերին պետք է դիմադրել: Նաև պատասխանել պաթոլոգիկ տեքստերին ու ուղերձներին:

Ատելության լեզուն սկիզբ է առնում, երբ խաթարվում է երկխոսության մշակույթը: Դա առաջին հերթին խտրականություն է զրուցակիցներից մեկի հանդեպ, քանի որ կողմերից մեկը համոզված է, որ մյուս կողմը արժանի չէ հավասար վերաբերմունքի ու որակյալ քննարկման:

Իրականում, ատելության հռետորիկային դիմադրելու փորձը օգնում է քաղաքացիական հասարակության կայացմանը: Մարդիկ իրենք պետք է կողմորոշվեն այն օրենքներում, որոնք ստեղծվում, մշակվում, քննարկվում, լուսաբանվում, մեկնաբանվուն են: Հատկապես, երբ մեկնաբանվում են:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *