Զանգվածային լրատվական միջոցները գրեթե հիմնովին տեղափոխվել են ամենազանգվածային տարածք՝ սոցցանցեր: Իրենց հասցեատիրոջը գտնում են, ասենք, Ֆեյսբուքում, ու հենց Ֆեյսբուքում էլ հրավիրում կարդալու՝ լավ հասկանալով, որ եթե հրավերը չընդունվեց, նյութը չի կարդացվի (կամ էլ՝ շատ քիչ կկարդացվի):
Ընդհանրապես, «հրավերը» ամենահարմար բառն է՝ բնութագրելու համար լրատվամիջոց-լսարան հարաբերությունները: Լրատվամիջոցը փորձում է տարբեր քայլերով ու գնով հաճելի հրավիրող լինել:
Օրինակ, հաճոյանում է, ընդգծում է իր մոտ լինելը լսարանի ենթագիտակցական սպասելիքներին, ի վերջո, չի զլանում հրավիրելու ընթացքում ընդգծել իր թերությունները, քանի որ այդ թերությունների ֆոնին միջին վիճակագրական ընթերցողն իրեն զգում է միաժամանակ թագավոր (թագուհի) ու Էյնշթեյն (Լևոն Արոնյան):
Աննկատ, բայց անկասելիորեն փոխակերպվում են լրատվամիջոցների նյութերի թե՛ կառուցվածքը, թե՛ բովադակությունը:
Գլխավոր խմբագիրները նաև մարքեթինգի մասնագետներ են. ուզում են, որ նյութերը շատ դիտումներ ու տարածումներ ունենան և ամեն ինչ կենտրոնացնում են վերնագրի մեջ, քանի որ դա առաջին ու հաճախ միակ տեքստն է, որն իրականում կարդացվում է:
Ֆեյսբուքում երևում է միայն վերնագիրն ու առաջին մի քանի տողերը: Եվ ստացվում է, որ նյութերը հենց այդպես էլ կառուցվում են՝ վերնագիր ու մի քանի տող: Որպեսզի ամեն ինչ միանգամից պարզ դառնա ու ընթերցողը ուժ չգործադրի մի քանի սեղմում ավելի անել:
Եվ ծագում են այնպիսի վերնագրեր, որոնք ոչ միայն կարճ ու գրավիչ են, այլև իբրև թե հրավիրող-բացատրող են:
Վերլուծելով Թվիթերում ու Ֆեյսբուքում տարածում ստացած 100 միլիոն վերնագրեր, եզրակացություն է արվել, որ ամենից շատ ընթերցվել ու դիտվել են այն նյութերը, որոնց վերնագրում կա «Միայն պատկերացրեք…», «Դա կստիպի ձեզ…», «Ահա, որն է պատճառը, որ սա պիտի կարդաք», «Ահա, թե ինչու…» , արտահայտությունները:
Այսինքն, բացատրություն է տրվում, թե ինչու է պետք այս նյութը կարդալ:
«Սա իմանալուց հետո…» արտահայտությունը գերիշխող է հաջողակների շարքում: Այն կարծես ուղղված է ընթերողի հոգու նուրբ լարերին: Չէ՞ որ բոլորն են ուզում, որ ինչ-որ բան կարդալուց հետո իրենց հետ ինչ-որ բան փոխվի:
Ամենատարածված ենթատեքստը սա է. «Եթե սա չկարդաք, կարևոր բան բաց կթողնենք»: Օրինակ, ձեզ հետ կատարվող փոփոխությունը:
Խոսքը էմոցիանալ վերնագրերի մասին չէ, դրանք կլինեն որպես հավելված միշտ («Սա դիտելուց հետո ձեր սիրտը կհալվի», «Արցունքները կհոսեն», «Չեք դադարի ծիծաղել», «Ալևս նույնը չեք լինի», «Կփշաքաղվեք…»), այլ ավելի շուտ՝ հարաբերությունների:
Տպավորություն է, որ ստեղծվում է նոր բացատրական լրատվական մոդել, որը հիմնավորում է, թե ինչու է պետք կարդալ, քանի որ լսարանի մոտ խախտվել է (միգուցե) պատճառահետևանքային շղթան:
Լսարանը ուզում է հասկանալ, թե ինչու կարդալ: Եվ լրատվամիջոցը բացատրում է, թե ինչու: Կամ էլ հակառակը՝ սկզբից մեդիան է որոշում բացատրել, իսկ լսարանի ինֆանտիլ մոտեցումը դրա հետևանք է:
Ամեն դեպքում՝ նման ուղիղ, կոշտ ու անթաքույց հրավերաբացատրական ոճը օգնում է պատրանք ստեղծել, որ լսարանը միատարր չէ, քանի որ բացատրությունը անձնավորված է (մեդիան ոչ թե զանգվածին, այլ հենց քեզ է դիմում, քանի որ դու յուրահատուկ ես ու կարդալուց հետո ավելի յուրահատուկ կդառնաս):
Հայկական մեդիայում ընդունված է նաև «Սա պիտի իմանան բոլոր հայերը…», վերնագրային մատրիցան, որը սակայն նույնպես անձնավորված է, քանի որ արդի Հայաստանում մոդայիկ է համարել, որ ազգը մեկ անձ է (ինչպես բանակը):
Առաջարկելն ու հրավիրելը հիմա քիչ է, պետք է պատճառաբանել, թե ինչու է արվել այդ առաջարկը: Դպրոցում ընդունված էր շարադրություն գրել, բացատրելով, թե ինչ էր իր ստեղծագործությամբ ցանկացել ասել հեղինակը:
Իրավիճակը գրեթե նույնն է: Մեդիան իր ասելիքը ոչ միայն ասում է, այլև բացատրում: Հետո էլ այդ պատճառաբանությունները տեղադրում նյութերի վերնագրերում, որպեսզի ընթերցողը հանկարծ չսխալվի:
Եթե իրեն ասվել է, որ նյութը հուզիչ է, ուրեմն նա պետք է հուզվի, եթե ասել են, որ հարկավոր է լաց լինել, ուրեմն պիտի լաց լինի, եթե ասել են, որ կյանքը փոխվելու է, ուրեմն փոխվելու է:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: