«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ դեռ խաղի է նման, գոնե արդյունավետության տեսանկյունից։
5. Արդյոք բանակը հասարակության հայելի՞ն է – 2
«Քառօրյա պատերազմը» հանրային զորահավաքի մթնոլորտ ստեղծեց Հայաստանում։ Միաժամանակ, 800 հեկտարի տարածքային կորուստը, զոհերի զգալի թիվը լուրջ դժգոհություն առաջացրեց հասարակության մեջ քաղաքական ու ռազմական բարձրագույն ղեկավարության հանդեպ։
Ըստ մեդիայի նյութերի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հարձակման նախորդ երեկոյան բիլիարդ խաղալիս է եղել «իրեն պատկանող «Էյֆե» սրահում»: Նրան մի քանի անգամ զգուշացրել են ադրբեջանական կողմի զորաշարժերի մասին, բայց գեներալ-գնդապետը պատասխանել է. «Ազերիներին ուշադրություն մի դարձրեք»։
Galatv.am-ի տեսանյութում Խաչատուրովը, հաջողությամբ ճեղքելով լրագրողների շրջափակումը, բավական քամահրաբար ժխտում է այս տեղեկությունը։
Ճիշտ է, տասնամյա վաղեմության հրապարակումներ կան, որտեղ նա մեղադրվում է խաղամոլության համար, որը կարող էր հանցավոր անփութության պատճառ դառնալ։
«Բանակաշինության մասին զառանցողների մեջ արդյոք հարց չի՞ առաջանում, թե ում փողերով կամ ինչի հաշվին է Յ. Խաչատուրովը միլիոններ մսխում խաղատներում»,- հարցնում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը «Խաչատուրովին հաճախ են տեսնում խաղատներում և բիլիարդի սրահներում» հոդվածում (25.10.2008)։
Այս, ինչպես նաև Խաչատուրովի՝ արդեն 2016-ի օգոստոսին նոր, ընդ որում՝ աշխատավայրին ավելի մոտիկ բիլիարդի սրահ բացելու մասին նյութերը պաշտոնական արձագանքի չեն արժանացել։
2009-ին «Չորրորդ ինքնիշխանությունը» հոդվածների մի ամբողջ շարք է լույս ընծայել զինվորականների ապօրինի բիզնես-գործունեության մասին, որոնցից մեկի անունը հետագայում սերտորեն կապվելու էր «գոմեշի մսի» գործին:
Մյուսին, արդեն ոստիկանությունում աշխատելիս, մեղադրելու էին ցուցարարների հանդեպ բռնություններ կիրառելու և ընտրողների ահաբեկելու համար. «Որ լոռեցուն խոսեցնես, նա անպայման անտառը լափողների ցանկը կբացի գեներալ-մայորներ Արշալույս Փայտյանի և Լյովա Երանոսյանի անուններով» («Գեներալիտետը, դատախազն ու «Հայանտառը», 10.02.2009)։
«Ապրիլյան պատերազմին» ևս մեկ կոռուպցիոն սկանդալ հաջորդեց, մայիսին ձերբակալվեց ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյա։ Խոսքը 145 միլիոն դրամի յուրացման մասին էր։ Հետագայում ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոցը փոխվեց՝ առողջական վիճակի պատճառով, ու գործի ընթացքի մասին, առնվազն առցանց մեդիան այլևս չանդրադարձավ։
Բանակում, սակայն, բարձրաստիճան անձանց խաղամոլությունից ու ապօրինի բիզնես գործունեությունից ավելի կարևոր խնդիրներներ կան, առաջին հերթին՝ սպանությունները։
Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, մինչև 2000-ականների սկիզբը մեդիան առաջնորդվել է «բանակի մասին կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքով, իսկ իրավապահ մարմինները հրահանգ են ունեցել ինքնասպանություն ներկայացնել սպանությունները։
Ըստ մեդիայի հրապարակումների, հետագայում ևս կրկնվել են սպանությունները կոծկելու փորձերը։
Epress.am-ի տեսագրած հարցազրույցում փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը անմխիթար պատկեր է ներկայացնում. «Նախաքննական մարմինը, բոլոր ինձ հայտնի գործերով, ոչնչացնում է զենքի վրա եղած մատնահետքերը» («Տիպիկ սպանություն». փորձագետը մասնակցել է երեկ զոհված զինվորի դիահերձմանը», 06.21.2014)։
Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ այլևս չկա իշխանության կամ բանակի բարձրագույն հրամանատարության հրահանգը, և մատնահետքերի վերացումը զուտ իրավապահ մարմինների կոռուպցիոն գործարքների հետևանքն է, բայց, որոշ ահասարսուռ դեպքեր հուշում են, որ ՊՆ համակարգը դեռ մաքրման երկար ճանապարհ ունի անցնելու.
«ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ, գնդապետ Դավիթ Դավթյանը, ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից… զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին, օրենքով սահմանված կարգով, անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու դիմաց զինվորի ծնողից պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար» («Ձերբակալվել է կաշառք ստանալու պահին», «Հայաստանի Հանրապետություն», 11.09.2013)։
Ըստ այդմ էլ, ցավալի է, բայց ոչ զարմանալի, որ «ապրիլյան պատերազմից» հետո սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը բանակում չեն նվազել։
«Հետք» կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը համոզված է, որ «Բանակը պետք է դառնա մեդիայի հիմնական թեմաներից մեկը»։
Իսկ բանակի թեմաներին լավատեղյակ լրագրող Վահե Սարուխանյանի կարծիքով, մեդիայում «ներքին գրաքննություն կա` փորձում ենք չհարվածել բանակին», բայց ԶՈՒ ղեկավարությունն էլ չպետք է որևէ բան քողարկի։
Միանգամայն հասկանալի ու հրատապ է թափանցիկության պահանջը, որ առաջադրում են լրագրողները, բայց փոխարենը խառնաշփոթ է տիրում նույնիսկ այն սկանդալային կոռուպցիոն դեպքերի գնահատականներում, որոնք մեդիան լուսաբանում է արդեն 20-25 տարի։
(Շարունակելի)
Հոդվածաշարի սկիզբն՝ այստեղ:
Վահրամ Մարտիրոսյան
ՄՆԿ «Լրատուն» մեդիա-թանգարան նախագծի ղեկավար
Կոլաժը՝ Նորայր Այվազյանի
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: