Սովորաբար տարեվերջին շատ պահանջված են դառնում լրագրողները: Անգամ՝ հույժ պահանջված: Տարբեր գերատեսչություններ, կազմակերպություններ ու միավորումներ իրար հետևից հանդիպում են լրագրողներին ու արժանացնում նրանց պատվոգրերի, շնորհակալագրերի, պարգևների ու էլի զանազան ուշադրության նշանների: Դրանց շարքում են նաև շքանշանները, հուշամեդալներն ու կոչումները:
Այսինքն, այն բոլոր ատրիբուտները, որոնք խորհրդանշում էին պարգևատրման սովետական ողղահայաց մոտեցումը: Պարզապես այսօր այդ մոտեցումը ոչ թե ռետրո-պետության ծես է համարվում, այլ ժամանակից գործիք, որը աջ ու ձախ գործածվում է՝ պարբերաբար ու կասկածելի հաջողությամբ:
Ամանորի տոներին ընդառաջ լրագրողները տոնական հաշվետու միջոցառումների պարտադիր մաս են կազմում արդեն ոչ միայն որպես լուսաբանող, այլև լուսաբանվող կողմ: Այդ ավանդույթը թերևս կարող էր սահուն ու անարդյունք անցնել, եթե չկրեր համատարած բնույթ ու չընկալվեր որպես ճիգ՝ միտված ինչ-որ բան ապացուցելու:
Ասենք, որևէ գերատեսչություն հայտարարում է, որ պարգևատրում է իր ոլորտը լուսաբանած ամենալավ (իր կարծիքով) լրագրողին: Եվ դրանով չափման մի սանդղակ է առաջարկում՝ ասելով, որ լավը սա է:
Օրինակ, ՀՀ վարչապետը լրագրողների համար տոնական ընդունելություն կազմակերպելով, ասաց, որ նրանցից ակնակալում է լավատեսություն վաղվա օրվա հանդեպ:
«Չեմ թաքցնում, որ մենք ձեզանից ակնկալում ենք և´ քննադատություն, և´ խորհուրդ, և´ առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որ այդ ամենը լինի կառուցողական, կիրառական, առարկայական և մասնագիտական»,-ասաց վարչապետը ու ՀՀ կառավարության հուշանվերներ հանձնեց «կառուցողական, կիրառական, առարկայական և մասնագիտական» քննադատություն-խորհուրդ տվող լրագրողներին։
Վարչապետը նախանշեց, որ իր կարևորության սանդղակում առաջինը լավատեսությունն է:
Իսկ Աժ նախագահը, որը լրատվության և խոսքի ազատության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալներ և ՀՀ ԱԺ հուշամեդալներ շնորհեց, առաջնահերթ համարեց խոսքի ազատությունն ու անկաշկանդ մթնոլորտը:
«Անկաշկանդ» բառը հարց առաջացրեց անցնող տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի մասին:
ԱԺ նախագահը պատասխանեց. «Երբեք ու երբեք բռնություններ լրագրողների նկատմամբ չկան Հայաստանում: Պարզապես, քաղաքական վիճակն այնպիսին է, որ ցանկացած միջոցառման դեպքում լրագրողն ինքը դառնում է նաև մասնակից այդ ամեն ինչին և շատ հաճախ նման դեպքեր տեղի են ունենում»:
Իհարկե, ԱԺ նախագահը մեծ հռետոր է, որի համար կարևորը ոչ այնքան խոսքի տրամաբանությունն է, որքան տրամադրությունը (օրինակ այս ռիթմը՝ երբեք, երբեք չկան, բայց երբեմն տեղի են ունենում)
Բայց ամեն դեպքում նրա այս խոսքը հնչեց որպես հուշում լրագրողներին՝ մի՛ եղեք մասնակից, որ բռնություններ չլինեն:
Հայաստանում շատ բան հիմնված է ոչ թե օրենքի, այլ հարաբերությունների վրա: Մանավանդ գնահատելի են հատուկ հարաբերությունները: Եվ երբ իշխանությունները պատվոգրեր են հանձնում լրագրողներին, փորձում են ի ցույց դնել, թե ինչպիսի հարաբերություններ են ակնկալում նրանցից:
Պարգևների հոսքը երկու բացատրություն ունի:
Առաջինը՝ ողջ դաշտի համար նշաձող սահմանելն է: Օրինակ, երբ ԱԺ նախագահը պարգև է հանձնում Գագիկ Շամշյանին, նա չափ է սահմանում՝ ասելով, որ սա է լավ աշխատանքը: Եվ եթե նույնիսկ այդ չափը խիստ կասկածելի և անգամ՝ անընդունելի է, դա չի կարող հակակշիռ լինել, քանի որ shamshyan.com-ը հռչակվում է որպես ընտրյալ կայք՝ իր բոլոր թերություններով, լրագրողական էթիկայի հետ կապված խնդիրներով ու վիճելի բառապաշարով:
Իսկ երկրորդ բացատրությունն ավելի հեռանկարային է, քանի որ եթե իշխանությունները լուրջ պրոֆեսիոնալներին ուշադրության են արժանացնում, ուրեմն սպասում են հակադարձ քայլերի: Առնվազն, ավելի հանդուրժող ու բարեհամբույր անդրադարձների ու լավատեսական լուսաբանումների:
Սովետական ժամանակաշրջանից սկսած միշտ պարգևատրվել են իշխանություններին գաղափարապես հաճելի մասնագետները: Կամ էլ հաճո լինելու սպասումը նյութականացնելու նպատակով:
Պրոֆեսիոնալ լրագրողն իր էությամբ ընդդիմադիր է իշխանություններին, անգամ եթե լավատես է: Ցանցակած պետական որոշում «դատապարտված» է՝ վառ ու հուսադրող լույսի ներքո ներկայացվելուն իշխանությունների կողմից: Այդ լույսը է՛լ ավելի վառ դարձնելու կարիք չկա:
Կարիք կա որոշումների ճեղքերն ու ծուղակները տեսնելու, այսպես ասած՝ գտնելու մութ կողմերը: Եվ հենց դա են անում լրագրողները, եթե իրապես պրոֆեսիոնալ են ու մտահոգ են սեփական հեղինակությամբ:
Իսկ հատուկ հարաբերությունները մեր օրերում շատ հեղհեղուկ նյութ են, դրանք այսօր կան, իսկ վաղը չկան: Ինչպես իշխանությունները (այսօր կան, վաղը չկան):
Պարգևատրումների ծեսը վերահսկման փոքր օղակ է, ավելի մեծ օղակն արդեն ամուր շրջանակված է: Դա լրատվամիջոցների գլխավոր խմբագիրերի ինստիտուտն է, որն արդեն մեծամասամբ վերածվել է կառավարվող գործիքի:
Եվ այս հանգամանքներում (գլխավոր խմբագիրները կառավարելի են, իսկ անհատ լրագրողները տեղյակ, թե ում են պարգևատրում) առավել կարևոր է դիմադրողականության պահպանումը: Լրագրողական իմունիտետը:
Պարգևների տարափը չի ավելացնում լրագրողի հեղինակությունը, ավելի շուտ հեղինակազրկում է մասնագիտությունը: Իհարկե, պարգև ընդունելու կամ չընդունելու, ընդունելություններին մասնակցելու կամ չմասնակացելու հարցը յուրաքանչյուր լրագրողի որոշումն է:
Բոլոր ժամանակներում էլ, ցանկացած գաղափար հաջողությամբ արժեզրկելու համար բավարար է եղել այն ուռճացնել ու հասցնել գրոտեսկի մակարդակի:
Ի վերջո, լրագրողին կարող են դադարել կանչել տարբեր միջոցառումներին, չընդգրկել պարգևատրվողների ցուցակներում, անգամ ցուցադրաբար անտեսել նրա աշխատանքը, բայց եթե լրագրողը արժեքավոր գործ է անում և ինքնաբավ է, նրան կարդալու ու լսելու են:
Եվ երբ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, թե «գալիք տարում հայաստանյան լրատվական դաշտն արժանապատվորեն կդրսևորի իրեն՝ առաջնորդվելով համապետական և համաժողովրդական շահերով», հուշամեդալ ստացած ոչ մի լրագրող չմիջամտեց, ասելով, թե համապետական ու համաժողովրդական շահերը կարող են նաև հակասել իրար:
Ստացվեց, որ այսուհետ, դրանք նույնն են, և պետության ցանկացած քայլ այլևս նույնանալու է ժողովրդի շահի հետ: Պարգևատրված լրագրողները ուզած-չուզած ընդունեցին դա, քանի որ արդեն շքանշանակիր են:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: