2016.12.01,

Քննադատ

Ով էր ժամանել Հայաստան հոկտեմբերին. լրատվամիջոցները ջանք չթափեցին պարզելու

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Այս տարվա հոկտեմբերի 22-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց. «Այսօր երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը: Այցի շրջանակներում նախատեսված են Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, աշխատանքային ճաշ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ…»:
 
Հայաստանի բոլոր լրատվամիջոցները տարածեցին այս հաղորդագրությունը, իսկ հետագա օրերին լայնորեն լուսաբանում էին, այս, ընդգծենք, ՊԵՏԱԿԱՆ այցը: Չխորանանք այցի մանրամասների մեջ. այդ մասին լիքը տեղեկություներ կան և՛ նախագահականի կայքում, և՛ լրատվամիջոցներում:

Սովորաբար նման մակարդակի (դարձյալ ընդգծենք՝ ՊԵՏԱԿԱՆ) այցերի ժամանակ պաշտոնական հաղորդագրություններին նաև կցվում է տեղեկանք տվյալ երկրի և նրա ղեկավարի մասին: Այս անգամ այս իմաստով լռություն էր, իսկ լրատվամիջոցներն էլ չփորձեցին պարզել, թե, ի վերջո, ո՞ր երկրի ղեկավարն է ժամանել Հայաստան (ես, համենայնդեպս, չեմ հանդիպել. եթե որևէ մեկն այս մասին արդեն գրել է, ներողություն եմ խնդրում), իսկ հայ ընթերցողի, հեռուստադիտողի և ռադիոլսողի մոտ մնաց այն տպավորությունը, թե մեզ մոտ պետական այցով ժամանել էր Մալթայի ղեկավարը:

Խոստովանեմ՝ տողերիս հեղինակի մոտ էլ այդ տպավորությունն էր, մինչև որ մի օր ընկերս՝ Ավետիք Իշխանյանը, պատահական զրույցի մեջ հարցրեց. «Դու գիտե՞ս՝ ով էր ժամանել Հայաստան… Դե, մի հատ փնտրում տուր «Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ», իսկ հետո՝ Մալթա»:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մասին հայկական Վիքիպեդիայում ոչինչ չգտանք, իսկ, այ, ռուսերենը հրաշալի տեղեկություններ տվեց:

Արդ, պարզվում է, որ «Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ» անվանումով պետական կազմավորումը (այո, հենց այսպես, ոչ թե պետություն), ոչ մի կապ չունի Մալթայի հետ. դա ընդամենը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ասպետական եկեղեցական ուխտ է (օրդեն), այն ոչ մի երկրի կողմից չի ընդունվում իբրև պետություն, ընդամենը համարվում է պետական կազմավորում, դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում և Եվրոպայի խորհրդում: Իսկ այդ «պետության» «մայրաքաղաքը», իսկ ավելի ճիշտ՝ «գլխադասի գրասենյակը» Հռոմի Կոնդոտի փողոցի տուն 68 հասցեում գտնվող ահա այս շենքն է.

Մալթական պալատը <br>Լուսանկարը՝ <a href="https://en.wikipedia.org/wiki/File:Palazzo_Magistrale_(Rome)_1.jpg" target="_blank">Վիքիփեդիայի</a>Ի դեպ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը դեսպանություն ունի Հայաստանում, ինչպես նաև մեզ նման 100-ից ավելի երկրում ևս, թեպետ պաշտոնապես նրա «բնակչությունը» կամ, ավելի ճիշտ, ուխտի անդամների թիվը 13 հազար է:

Դե, իսկ մեր իմացած Մալթան պետություն է համանուն կղզում, Վալետա մայրաքաղաքով, իր խորհրդարանով, նախագահով ու վարչապետով, որոնցից ոչ մեկը այդ օրերին չի այցելել Հայաստան:

Արդ, ինչո՞ւ էր պաշտոնական լրատվությունը լռում այս մասին: Պարզ է, այդ, ըստ էության շարքային այցին ՊԵՏԱԿԱՆ կարգավիճակ էր տրված, և պետք չէր մարդկանց տեղեկացնել, թե իրականում ինչ մակարդակի «պետության» ղեկավար էր այցելել Հայաստան:

Ձևական առումով պաշտոնական քարոզչությունը կեղծ կամ սխալ տեղեկութուն չի տարածել. տվել է «պետության» լրիվ անվանումը, նրա ղեկավարի պաշտոնն ու անունը, սակայն ինչո՞ւ որևէ լրատվամիջոց չփորձեց պարզել, թե որ պետության և ղեկավարի մասին է խոսքը ու իրազեկել հանրությանը: Սա էլ, երևի, վերջերս արմատացած մի սովորության հետևանք է. բոլորը պաշտոնական հաղորդագրությունները լրատվամիջոցներում հրապարակվում են առանց անգամ կարդալու, խմբագրելու, էլ չենք ասում դրանից լուր սարքելու: Բայց սա արդեն այլ հոդվածի թեմա է:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *