Երկրագնդի գնդաձևությունը հայտնի է նույնիսկ կրտսեր դպրոցականներին. այն տեսականորեն ապացուցվել է դեռ հարյուրավոր տարիներ առաջ, իսկ ավելի քան 40 տարի առաջ Ապոլլոն արբանյակը ստացել է դրա առաջին պատկերը տիեզերքից:
Թեև ճշգրիտ մոտեցմամբ Երկիրը ոչ թե գնդի, այլ բևեռներից սեղմված էլիպսոիդի տեսք ունի, սակայն բազմաթիվ խնդիրներում Երկիրը որպես գունդ դիտարկելը բավականին ճշգրիտ արդյունքներ կտա: Սակայն գոյություն ունեն մարդիկ, ովքեր հերքում են Երկրի գնդաձևությունը՝ անտեսելով գոյություն ունեցող փաստերը, և պնդում, որ այն տափակ է:
Հենց այս օրինակն էլ ցույց է տալիս գիտության և կեղծ գիտության առանցքային տարբերությունը. մինչ գիտությունը հիմնվում է ապացուցված փաստերի վրա և զարգացնում դրանք, կեղծ գիտությունն ուղղակիորեն հերքում է փաստերն ու ապացույցները՝ հղում կատարելով ոչ թե գիտական հետազոտությունների, այլ կասկածելի աղբյուրների վրա:
Քանի որ հայաստանյան լրատվամիջոցներում հաճախ են հրապարակվում ոչ գիտական նյութեր, փորձել եմ ընդհանրացնել 5 հարց, որոնց պատասխանելը կօգնի տարբերակել գիտությունը կեղծ գիտությունից:
Առկա են ակնհայտ գիտական փաստերի հերքումներ և դավադրությունների տեսություններ
Տափակ երկրի արժանի հետնորդներն են նաև ՁԻԱՀ-ի գոյության փաստի հերքումը, այլմոլորակայինների կողմից Երկրի գրավումը, հավերժական շարժիչների ստեղծումը…
Այս շարքն անվերջ կարելի է շարունակել, սակայն նմանատիպ վերնագրերն այն կարմիր լույսն են, որոնց վառվելն ազդանշում է հերթական կեղծ գիտությունը:
Այսպիսի նյութերը հերքում են հայտնի և ապացուցված փաստերն ու տվյալները, երբեմն էլ ամեն ինչ վերագրում գաղտնի պլաններին կամ ընդհատակյա կազմակերպություններին, որոնց գլխավոր նպատակը մարդկությանն ինչ-որ կերպ վնասելն է: Դրանց վրա հիմնված նյութերն առավելագույնս հեռու են գիտական լինելուց:
Չի տրամադրվում տեղեկություն գիտական հաստատության մասին
Վաղուց անցել են ժամանակները, երբ անհատներն էին հեղաշրջում գիտական աշխարհը։ 21-րդ դարում գիտական հետազոտությունները, հատկապես՝ ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում, իրականացվում են գիտական խմբերի երկարատև և նպատակաուղղված աշխատանքների շնորհիվ։
Ուստի եթե նյութի հերոսը մի գիտնական կամ բժիշկ է, որը պարծենում է, թե միայնակ փոխել է գիտության զարգացման ընթացքը, ապա պարտադիր չէ, բայց շատ հավանական է, որ պնդումները կեղծ գիտական լինեն: Հայտնագործության գիտականության վերաբերյալ որևէ տեղեկություն չի տալիս բրիտանացի, ամերիկացի, հայ կամ ցանկացած այլ ազգի գիտնականների հավաքական անունը:
Իսկ գիտական նյութերում սովորաբար նշված են ոչ միայն հետազոտությունն իրականացրած կոնկրետ գիտական հաստատությունների և գիտնականների անունները, այլ նաև կիրառված մեթոդները և հստակ արդյունքները։
Անհիմն պնդումներ հաստատված գիտական արդյունքների փոխարեն
Որպես կանոն` երբ գիտական հայտնագործության վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են զանգվածային լրատվամիջոցներին, ապա այն արդեն իսկ հրապարակված է լինում գիտական ամսագրերում կամ գտնվում է հրապարակման փուլում:
Քանի որ գիտական ամսագրերի ազդեցության հարաբերական մակարդակը չափվում է այսպես կոչված ազդեցության գործակցով, որը կախված է տվյալ ամսագրի հոդվածների մեջբերումների քանակից, ուստի գիտնականները որևէ շահ չունեն իրենց հայտնագործությունը թաքցնելու:
Եվ դեռ ավելին՝ նրանք նույնիսկ շահագրգռված են, որ իրենց ստացած արդյունքներն ու մեթոդները կիրառվեն և մեջբերվեն այլ գիտնականների կողմից:
Իսկ կեղծ գիտական նյութերում իրենց գիտնական, բժիշկ կամ այլ մասնագետ համարող անձինք խոսում են ինչ-որ աշխարհ ցնցող հայտնագործության մասին, սակայն հրաժարվում են բացահայտել իրենց մեթոդները, ինչը բացառում է, որ մեթոդները կարող են ստուգվել, հետևաբար՝ նաև հերքվել կամ հաստատվել այլ անձանց կողմից։
Խոստանում են մի քանի հիվանդություն բուժել
Առողջապահությանը վերաբերող նյութերում հաճախ կարելի է հանդիպել մեթոդների, որոնք խոստանում են բուժել մի փունջ հիվանդություններ՝ սկսած գրիպից, վերջացրած ՁԻԱՀ-ով։ Նման դեպքերում նույպես կարելի է միանգամից հայտնաբերել կեղծ գիտությունը, քանի որ նշված հիվանդությունները հաճախն ունենում են լիովին տարբեր ծագում, պատճառներ, դրսևորումներ և ներկայացնում են տարբեր աստիճանի վտանգներ, ուստի յուրաքանչյուր հիվանդությանը թիրախավորված բուժում է անհրաժեշտ։
Բժշկական պրակտիկայում նույնիսկ նույն հիվանդության բուժումն է տարբերվում՝ ըստ դրա տեսակի, բարդության կամ բուժվողի օրգանիզմի առանձնահատկությունների։
Լրատվամիջոցների աղբյուրները
Կասկածելի կայքերին հղումները կամ առանց որևէ աղբյուրի և հիմնավորման պնդումներ անելն արդեն կարող է կեղծ գիտության ազդանշան լինել: Սակայն «Nature», «Science» և ազդեցության մեծ գործակցով այլ գիտական ամսագրերին կամ հայտնի գիտական հաստատություններին արված հղումները բավարար չեն նյութը գիտական համարելու համար:
Հայաստանյան լրատվամիջոցներում հաճախ գործում է փչացած հեռախոսի սկզբունքը. լրատվամիջոցը կարող է հղում անել հայտնի պարբերականին, սակայն նյութը կազմել ոչ թե սկզբնաղբյուրի, այլ միջանկյալ կայքի կամ կայքերի հիման վրա, ինչի արդյունքում էլ երբեմն նույնիսկ ամենագիտական նյութը կարող է կորցնել գիտականությունը։
Ուստի, եթե նյութի կեղծ գիտականության նույնիսկ ամենափոքր կասկածի դեպքում նյութի սկզբնաղբյուրը ստուգելն անհրաժեշտ քայլ է:
Ռուբինա Դավթյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: