Հոկտեմբերի 22-ին Կառավարության շենքում ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր առաջին հարցազրույցը տվեց լրագրողներին: Վարչապետի հետ հարցազրույցին հրավիրվել էին «Առաջին ալիք»-ից Գևորգ Ալթունյանը, «Արմենիա» հեռուստաընկերությունից՝ Սաթիկ Սեյրանյանը, «Շանթ»-ից՝ Արամ Աբրահամյանը, «Կենտրոն»-ից՝ Պետրոս Ղազարյանը: Եվ վերջ:
Վարչապետի համար մեդիա դաշտը (կամ հեռուստադաշտը) ամբողջությամբ ամփոփվում էր այս հեռուստաընկերություններով՝ 12-ից 4-ով: Եթերային այլ հեռարձակողներ, այդ թվում՝ «Երկիր մեդիա»-ն, «հ2»-ը և երկրի միակ լրատվական հեռուստաալիք «Արմնյուզ»-ը, խաղից դուրս էին: Խաղից դուրս էր նաև օնլայն մեդիան՝ օնլայն թիվիներով ու կայքերով:
Լրատվամիջոցների այս ընտրությունը հստակորեն ցույց տվեց, թե վարչապետը մեդիայի ո՛ր տեսակն է համարում առաջնային ու այդ տեսակի հատկապես ո՛ր հեռարձակողներին: Այս ընտրությունը ցույց տվեց նաև, որ երկրում փոփոխություններ ու նորություններ կատարելու մասին հայտարարող վարչապետը որոշել է հավատարիմ մնալ լրատվության ավանդական, փակ ու կարծրացած մոդելներին՝ պահպանելով ոչ ամենաթարմ մոտեցումները:
Օնլայն մեդիան անտեսելու ավանդույթը
Օնլայն մեդիայի կարևորությունն ու նշանակությունը թերագնահատելու ավանդույթը ձևավորել է նախագահ Սերժ Սարգսյանը: Թեև տարատեսակ միջոցառումների ժամանակ նա թռուցիկ պատասխանում է տարբեր լրատվամիջոցների լրագրողների հարցերին, սակայն մեդիայի հետ հիմնական հանդիպումներին նախագահը հրավիրում է գլխավորապես հեռուստաընկերություններին:
Այս ավանդույթը թեթևակիորեն խախտվել է նրա պաշտոնավարման մեկ տարվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին և 2013-ին, երբ եթերային հեռարձակողների հետ մեկտեղ նախագահի հետ հարցազրույցին ներկա էր նաև «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը: 2015-ին, սակայն, Սարգսյանի հետ հանդիպմանը օնլայն լրատվամիջոցները դահլիճում դարձյալ տեղ չունեին:
Ինչու էր կարևոր օնլայն մեդիայի ներկայությունը
Այսօր ամբողջ աշխարհում մեդիա խաղացողների դերերի վերաբաշխում է կատարվում, և սա, ավելի քան երբևէ, վերաբերում է նաև Հայաստանին: Թեև մեդիայի մասին հետազոտություն Հայաստանում վերջին անգամ իրականացվել է 2013 թվականին, «անզեն աչքով» էլ կարելի է տեսնել, որ մեր երկրում այս գործընթացը սկսվել է՝ մեդիայի սպառման համամասնությունը փոխվում է: Հեռուստացույցը դադարել է լինել ամենագլխավոր ու անբեկանելի ճշմարտություն հաղորդող տուփը:
Հակառակը՝ այն հաճախ ասոցացվում է պաշտոնական/քարոզչական, ռաֆինացված/աղավաղված ու կիսատ հաղորդած տեղեկատվության հետ: Ու հեռուստատեսության՝ գլխավորը լինելու դերը վիճարկել է հենց օնլայն մեդիան: Վիճարկել է տարբեր ժամանակներում ու տարբեր կերպ, բայց իրավացիորեն ու հաջողությամբ:
Օնլայն մեդիան գնալով ավելի հզոր է դառնում ու ավելի շատ սպառողներ է գրավում, քանի որ այն ժողովրդավարական մեդիա է՝ ավելի արագ, անմիջական, անկախ ու հարմար: Դա է պատճառը, որ հատկապես երկրի կարևոր իրադարձությունների (#ElectricYerevan, #NKPeace, #ErebuniUprising) ժամանակ մեդիասպառողները ոչ թե հեռուստացույց են միացնում, այլ ինտերնետ: Ու օնլայն թիվիներն ու կայքերը ամեն անգամ աննախադեպ այցելությունների թվեր են գրանցում՝ դեպքի վայրում ուղիղ և չմոնտաժված հեռարձակումների շնորհիվ: Սոցիալական մեդիայի ու սմարթֆոնների դարաշրջանում մեդիասպառողները մինիմալ միջնորդավորված ու real-time շփումներ են ակնկալում իրենց համար հրապուրիչ հարթակներում:
Ինչու պետք է Կարեն Կարապետյանը կարևորեր օնլայն մեդիան
Որովհետև Կարեն Կարապետյանը վարչապետության եկավ ռեֆորմատորի իմիջով՝ տեղական սուպերմենի, որը թեև կախարդական փայտիկ չունի, բայց կարևորում է նոր մոտեցումներն ու կարող է փոփոխությունների հասնել: Դեմ է կոռուպցիային, փողերի լվացմանը և ավանդաբար ժառանգվող վնասակար այլ սովորություններին:
Եվ որովհետև երբ հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ քաղաքական ուժերից մեկը կառավարության ծրագիրը քննադատելով ասաց, թե ծրագրում թիրախներ ու թվեր նշված չեն, վարչապետը հղում արեց միջազգային փորձին՝ հակադարձելով, թե «բազմաթիվ երկրներում կառավարության ծրագրում թվեր չեն նշվում, միայն ասում են, թե որակապես ուր են շարժվելու»: Ու մեդիասպառողները ակնկալում էին, որ վարչապետը մեդիայի հետ շփման մեջ էլ կառաջնորդվի միջազգային պրակտիկայով՝ բաց շփվելով բոլոր լրատվամիջոցների հետ, չսահմանափակվելով թվերով:
Հ.Գ. Ճակատագրի հեգնանքով, հեռուստաընկերություններին տված հարցազրույցը հեռուստացույցով հեռարձակվելուն զուգահեռ այն տեղադրվել է նաև կառավարության YouTube-յան էջում:
Աննա Բարսեղյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: