2016.10.18,

Քննադատ

Ինստագրամ և հայաստանյան մամուլ․ in a complicated relationship

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մեկ ու կես տարի առաջ էինք անդրադարձել Ինստագրամի և հայաստանյան մամուլի միջև եղած հարաբերություններին։ Վերադառնալով թեմային՝ փորձենք հասկանալ, թե ինչպիսին է իրավիճակը հիմա։

Ինստագրամի հետ այս ընթացքում շատ բան է փոխվել։ Այն հասցրել է դառնալ առաջատար հայաստանյան հարթակներից մեկը․ եթե անցյալ տարվա առաջին կեսին Ինստագրամը 26-րդ տեղում էր Հայաստանից այցելությունների քանակով, ապա հիմա արդեն 11-րդն է։

Աշխարհում լրատվամիջոցներն ակտիվորեն օգտագործում են Ինստագրամը, քանի որ այստեղ ոչ միայն լսարանն է մեծ (ու շարունակում է աճել), այլև լսարանն ավելի ակտիվ ու ավելի երիտասարդ է։ Սակայն մեծ հաշվով Հայաստանում մամուլը մինչ այժմ չի գտել այս հարթակում լսարանի հետ աշխատելու արդյունավետ ձևը։

Եթե համեմատենք նախորդ ուսումնասիրության ժամանակաշրջանը և այսօրվա տվյալները, ապա կտեսնենք, որ նորմալ տրամաբանական աճ ունեցել է Bravo.am-ը, որը 2000 բաժանորդից աճել է մինչև 12 000:  

Բայց, օրինակ, Panarmenian Photo-ն 320 բաժանորդից աճել է 2800-ի:  Արմենպրեսը 200 բաժանորդից աճել է 330-ի: Իսկ Ֆոտոլուրը 520 բաժանորդից աճել է 1230-ի։

Չնայած, որ այս ընթացքում Ինստագրամի լսարանը աճել է անգամներով։ Ու նաև այն դեպքում, երբ այս ժամանակահատվածում տեղի են ունեցել Էլեկտրիկ Երևանը, ապրիլյան պատերազմը, Հռոմի Պապի այցը, Սասնա Ծռերի և մի շարք այլ իրադարձություններ, որոնք մեծ ուշադրության են արժանացել ինչպես հայաստանյան լսարանի, այնպես էլ ողջ աշխարհի կողմից։

Միանշանակ է, որ նշված լրատվամիջոցներն ու ֆոտոգործակալությունները հիանալի են աշխատել այդ իրադարձությունների ժամանակ, բայց չեն կարողացել այս հարթակում լսարան հավաքել։

Եվ սա դեռ դրական օրինակներ են, որոնց հիման վրա կարելի է քննարկել աճի տեմպերը։ Բայց հաճախ հայաստանյան սոցցանցերը մի այլ խնդիր ունեն ֊ հաշիվները ստեղծվում են, սառեցվում են և այդպես էլ մնում են հուշարձանների պես։ Շանթ հեռուստաընկերության, Civilnet-ի հաշիվները ինչպես սառեցված էին, այդպես սառած էլ մնացել են։

Մյուս խնդիրը «ծույլ» թարմացումներն են, երբ ամենաարագ տեմպը շաբաթական մեկ նկար հրապարակելն է։ Այսպես են աշխատում Հայաստանի ամենաընթերցվող կայքերից երկուսը՝ News.am Photo-ն ու 1in.am-ը, որոնք թարմացվում են շաբաթը մեկ անգամ, ինչը սոցցանցերի արագությունների համար շատ ցածր տեմպ է (News.am-ի հիմնական հաշիվն իր հերթին արդեն մեկ տարուց ավելի է չի թարմացվում): Միանգամից մի քանի հաշիվներ ունեն Blognews-ը, Tert.am-ը, բայց այդ հաշիվների հետ էլ տեղի է ունենում նույն պատմությունը։

Բոլոր դեպքերում Ինստագրամը թարմացվում է «ձեռի հետ», երբ ազատ ժամանակ կա։ Բացառություններից է, օրինակ Հանրային հեռուստատեսությունը, որն ակտիվ է պահում իր էջն ու 7000-ից ավելի հետևորդ ունի:

Հասկանալի է, որ Ինստագրամը չունի Ֆեյսբուքի թրաֆիկածին հատկությունները, և ամեն հրապարակած նկար անմիջապես չի ապահովի հազարավոր այցելուներ դեպի կայք։ Պարզապես, Ինստագրամն ուրիշ հատկություններ ունի, այստեղ հնարավոր է ավելի լուրջ աշխատել լրատվամիջոցի բրենդի, ճանաչելիության վրա։ Դրան դեռ շատ դանդաղ ենք հասնում։

Այնքան դանդաղ, որ մինչև հասնենք, Ինստագրամն արդեն կարող է փակվել։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *