2016.07.01,

Քննադատ

Հումորը որպես քաղաքական ռեալիզմ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Զվարճացնող բաղադրիչը հաճախ է դառնում տեղեկատվական հաղորդումների մաս: Թեթևամարս լուրերը տեղեկատվական թողարկումներում մատուցվում են որպես գունեղ, էմոցիոնալ հավելումներ, որոնք հաճելի են դարձնում երբեմն միապաղաղ, երբեմն էլ՝ ցնցումներով լի լրահոսի դիտումը:

Հեռուստատեսության ղեկավարները այդ նույն թեթևամարս նյութերի շարքին են դասում նաև հումորային հաղորդումները, թերևս համարելով, որ հումորը թեթև ժանր է:

Հումորը երբեք չի եղել բառիս բուն իմաստով՝ զվարճացնող բովանդակություն, քանի որ այն իր էությամբ միշտ պրովոկատիվ է: Առնվազն դրդում է մտածելու ու շեշտադրումները փոխելու:

Հումորը սրում է այն, ինչը մինչև հումորային հայացք նետելը սուր չէր, ուռճացնում է այն, ինչը մինչև այդ հաշտ ու հանգիստ էր ուզում ձևանալ:

Եթե մի կողմ դնենք գռեհիկ կենցաղային ծիծաղաշարժ իրավիճակները, որոնք հատուկ են դասական լեզվով ասած՝ փողոցային, բալագանային թատերախաղերին, ապա կհամոզվենք, որ հեռուստատեսային հաղորդումներում հայտնվող հումորն ավելի նման է քողարկված փիառի:

Հումորային ձևաչափը, որը գործելու կամ որևէ բան փոխելու չի դրդում, հենց փիառն է: Առնվազն, ներկա իրավիճակի փիառը, քանի որ եթե ծաղրական հնչերանգներով են մատուցվում որոշ մարդկանց մտքերն ու որոշակի իրավիճակները , բայց ոչ մի բան տեղից (կամ մտքից) չի շարժվում, ուրեմն դա ներկա իրավիճակի հետ հաշտեցնող գովազդային առաջարկ է, ներկայի փիառ:

«ԱրմՔոմեդի» հաղորդաշրը առիթ դարձավ մտորելու հեռուստատեսային հումորի դերի մասին, մանավանդ, որ վերջին հոբելյանական 500-րդ հաղորդումը հնչեղ ստացվեց:

«ԱրմՔոմեդի»-ն մի խառնուրդ է, որը ո՛չ կյանք է, ո՛չ էլ՝ հայացք կյանքին, ավելի շուտ ֆրագմենտացված դայջեսթ է, որը հիմնականում կազմվում է քաղաքական դեմքերի ասածներից ու ներկայացվում է որպես փաստերի հեղինակային դասավորում:

Հաղորդման հեղինակների գործը այդ դայջեսթը լսարանին մատուցելն է միամիտ ու միաժամանկ բարի գիտակների դեմքի արտահայտությամբ:

Ասենք, ծաղրվում է Գալուստ Սահակյանը…

Ծաղրելը ունի իմաստ, եթե նպատակ է դրված ազատվել օրիգինալից, հաշվիները մաքրել ծաղրի ենթարկվողի հետ, անգամ՝ նրան ոչնչացնելու գնով:

Բայց զանգվածային տարածքում հայտնվող ծաղրն ունի նաև այլ գործոն. այն շրջանառության մեջ է դնում է օրիգինալը: Ասենք, որքան շատ ես ծաղրում մարդուն, այնքան շատ է նա հիշատակվում ու դառնում ավելի ընդունելի ու ուժեղ: Նա դառնում է ամենուրեք գտնվող մեկը:

Պարզ ասած՝ «ԱրմՔոմեդին» առաջարկում է ծիծաղել մի բանի վրա, որը արդեն իսկ ծիծաղելի է առանց այդ հաղորդման միջամտության, ջանքների ու համադրությունների:

Բայց հենց հայտնվում են հեռուստատեսային ջանքերն ու դասավորումները, ծիծաղելին դառնում է օրինաչափություն և միաժամանակ զրկվում իր ծիծաղելի բնույթից:

Եթե օրինակ, որևէ մեկը գնա ու կաշառակերության մեջ թաթախված որևէ բարձրաստիճան պաշտոնյային ասի, որ նա գող ու կաշառակեր է, լավագույն դեպքում ասողին չեն նկատի, իսկ վատթարագույն դեպքում՝ բերման կենթարկեն, կտուգանենք կամ կծեծեն:

Իսկ եթե այդ նույն մարդը կաշառակերության մեջ թաղված պաշտոնյայի մասին ասի, որ նա բարեխիղճ, ազնվագույն, գեղեցկագույն ու անբիծ է (հետն էլ քրիստոնեական արժեքների ամուր կրող), բոլորը կսկսեն ծիծաղել:

Ծիծաղն անխուսափելի է, երբ շերտերը չեն համապատասխանում իրար:

«ԱրմՔոմեդին» ուզում է քաղաքական երգիծանք անել, բայց մոռանում է, որ երգիծանքը պետք է հստակ թիրախ ունենա, և այդ թիրախը մեկն է՝ ծաղրի ենթարկվող օբյեկտն ու նրա քաղաքական վերադասը:

Ցանկացած այլ թիրախային խումբ այդօրինակ երգիծանքը ընկալում է որպես ծիծաղի օբյեկտների փիառ:

Երբ հեռուստաալիքները վերահսկվում են քիչ թե շատ մեկ կենտրոնից, հումորային հաղորդումները դառնում են ավելի մեծ քաղաքական ռեսուրս, քան նույնիսկ լուրերի թողարկումները:

«ԱրմՔոմեդիի» ու ցանկացած ալիքի լուրերի մեջ շատ նմանություններ կան՝ լուրերը (կատակները) պոզիտիվ ու բարի են, լուրերի (ու կատակների) հերոսներ հիմնականում նույն մարդիկ են, լուրերի (կատակների) մեջբերումներն էլ արվում են նույն մարդկանցից ու նույն համատեքստում:

Ընդհանուր մեխը «Դե էսպես էլ ապրում ենք» ուղերձն է:

Եվ այդ տրամաբանության մեջ շատ լավ տեղավորվում է այն փաստը, որ «ԱրմՔոմեդիին» օրերից մի օր հանդիպեց նաև Սերժ Սարգսյանին:

Հաղորդման հեղինակները գնացին ՀՀ նախագահի մոտ, որտեղ իրենց հարց ուղղվեց՝ տղաներ, չե՞ք վախենում, որ բոլորին քննադատում եք: Տղաները կմկմացին, երկյուղեցին, հիշատակեցին, որ Եվրոպայում ճգնաժամ է, խոզի գրիպ, ի վերջո, կա խոսքի ազատություն և այլ բաներ:

Վերջում նախագահը սրտնեղեց, որ եթե բոլորին քննադատում են, ինչու՞ իրեն չեն անդրադառնում:

Տղաները խոստացան ուղղել այդ սխալը: Եվ գեղեցիկ ամբողջական պատկեր ստացվեց:

Միակ հարցը սա է. իսկ ու՞ր է հումորը:

Կարելի էր պատկերացնել, որ հաղորդման վարողները պատասխանում են նախագահին, ասելով՝ ոչ, ինչպե՞ս կարող ենք համարձակվել քննադատել Ձեզ, մենք Ձեզ երբեք չենք անդրադառնա, քանի որ Դուք անբիծ, վեհ, հայրենասեր ու հավատացյալ եք…

Հաստատ ծիծաղելի կլիներ:

Ծիծաղը անվրեպ գործող զենք է, որից վախենում են նույնիսկ նրանք, ովքեր ոչնչից չեն վախենում: «ԱրմՔոմեդիից» վախենալ հարկավոր չէ, ընդ որում՝ հումոր սպասել էլ դժվար է:

Կարելի է պարզապես երբեմն դիտել, ընդհանուր փիառի գիծը հասկանալու համար:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *