2016.05.23,

Քննադատ

Ինչպես աղջիկս փրկեց լրագրությունը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Այն օրը 13 տարեկան աղջիկս փրկել էր լրագրությունը: Հայաստանյանը չէ: Ամբողջ աշխարհի լրագրությունը:

Էդպիսի խաղ կա՝ եթե աշխարհը վերանար ու կյանքը զրոյից սկսվեր, ո՞ր երեք  մասնագիտությունների տեր մարդկանց պետք կլիներ պահպանել ապագայի համար: Խաղի յուրաքանչյուր մասնակից մի մասնագիտություն է պաշտպանում:

Աղջկաս բաժին էր հասել լրագրությունը: Նա էլ խաղի մասնակիցներին կարողացել էր համոզիչ բացատրել, որ եթե լրագրող չլինի, ապա ոչ ոք չի հիշի, թե ինչպիսին է եղել մարդկությունը, ու չի կարողանա ճիշտ պատմություններ փոխանցել նոր կյանք սկսող մոլորակի ապագա բնակիչներին: Լրագրողի մասնագիտությունը փրկվել էր:

Այս պատմությունը ինձ ոգեշնչում է գրելու լրագրողների ուժեղ հատկանիշների մասին: Հասկանալի է, որ ես չեմ ճանաչում բոլորին ու յուրաքանչյուր լրագրող առանձնահատուկ է, սակայն կան հատկանիշներ, որոնք ընդհանուր են:

Լրագրողներն արագ են սովորում: 

Մասնագիտությունն է այդպիսին՝ ամեն օր ծանոթանալ-հետազոտել նոր գործ, մարդու, բնագավառ, ու հետո սովորածդ ու ընկալածդ փոխանցել լսարանին: Տեղեկություն ստանալու, լրացնելու, ստուգելու ու պատմելու հմտությունը շատ արժեքավոր է:

Լրագրողներն անընդհատ կատարելագործվում են:

Աշխատանքային տարիների ընթացքում նրանք հղկում են այն, ինչից այնքան էլ ուժեղ չեն եղել: Սովորում են լուսանկարահանել ու տեսանկարահանել, աշխատել նորանոր համակարգչային ծրագրերի ու բջջայինների հավելվածների հետ, կիրառել անընդհատ զարգացող տեխնոլոգիաները:

Լրագրողները պահպանում են վերջնաժամկետը:

Երբ ամեն օր պետք է ժամանակին նյութ պատրաստես, սովորում ես կառավարել ժամանակը ու չուշանալ: Այս կարևոր հմտությունը լրագրողներին իրենց աշխատանքի նկատմամբ շատ պատասխանատու է դարձնում:

Լրագրողներն աշխատասեր են:

Այս մասնագիտությունը նորմավորված աշխատանքային ժամանակ չունի: Լրագրողներն օրվա մեջ սովորաբար աշխատում են այնքան, որքան անհրաժեշտ է նյութը ավարտելու համար: Նրանք չեն խուսափում նոր պարտականություններից ու պատվով են կատարում դրանք:

Լրագրողները քննադատաբար մտածողներ են:

Համալսարաններում նրանց ասում են՝ «Եթե մայրդ ասում է` քեզ սիրում է, ստուգիր»: Նրանք պետք է ստուգեն սեփական փորձով, հայտնաբերեն անտեսանելի կապերը, կոտրեն կարծրատիպերը, ստուգեն տեղեկատվությունը ու գտնեն բոլոր գլխավոր հարցերի պատասխանները:

Լրագրողները միաժամանակ մի քանի գործ են անում:

Նրանք միայն տեքստեր չեն գրում. կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել, համակարգչային մոնտաժային ծրագրերի օգնությամբ պատկերներ մշակել : Նրանք գիտեն` ինչպես անհրաժեշտ տեղեկությունը արագ գտնել ինտերնետում: Շատ դեպքերում լրագրողները հետազոտողի աշխատանք են կատարում՝ ռեկորդային կարճ ժամանակում առաջ քաշելով վարկածներ, ստուգելով դրանք ու եզրահանգումներ անելով:

Լրագրողները բարոյական արժեքներ կրողներ են:

Լրագրությունը մարդասիրական մասնագիտություն է: Պատահական չեն էթիկայի կանոնագրերը, որոնք ստորագրող լրագրողները խոստանում են նվերներ չընդունել, հեռու մնալ շահերի բախումից ու էլի աշխատանքային շատ սահմանափակումների են համաձայնում կամավոր: Լրագրողները գիտեն` ինչպես աշխատել երեխաների հետ, ինչպես ներկայացնել հասարակության խոցելի խմբերը: Նրանք չեն միանում մարդատյաց ուղղվածություն ունեցող նախաձեռնությունների:

Լրագրողները սիրում են իրենց աշխատանքը:

Նրանք աշխատում են շատ ու հաճախ վաստակում են քիչ, սակայն չեն տրտնջում: Պատճառը մասնագիտական սերն է: Լրագրությունը աշխարհում ամենահետաքրքիր մասնագիտություններից է, լրագրողներն էլ հետաքրքիր մարդիկ են:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Ինչպես աղջիկս փրկեց լրագրությունը”
  1. Հերմինե says:

    Լրագրություն
    Հիանալի էր ասված: Անչափ հետքրքիր հոդված էր: Լրագրողները , իրոք հետաքրքրասեր մարդիկ են: Երբ ժամանակին մտածում էի մասնագիտության հարցում, բավական շատ ոլորտներ կային, որ իրոք հետաքրքրում էին ինձ ու ես որոշեցի ՝ լրագրությունն այն է, ինչ ինձ պետք է ՝ ես կունենամ լայն հնարավորություն առաջինը տեղեկանալու և տեղեկացնելու, կստանամ բոլոր հարցերի պատասխանները, եթե իհարկե դիմեմ ճիշտ հասցեատերերին:), ինփ հետաքրքիր է դերասանի վարպետությունը, ինչպես բուժել այս կամ այն օրգանը, կամ ցանկացած այլ բան, հոգ չէ ՝ ես դա կանեմ առանձին – առանձին ՝ հոդվածի տեսքով, կուսումնասիրեմ ոլորտը ՝ ստանալով այն, ինչ ինձ էր հետաքրքրիր ՝ միևնույն ժամանակ բավարարելով ինձ նման շատերի հետաքրքրասիրությունը, և այլ , և այլ, և այլն,: Ահա թե ինչքան հետաքրքիր մասնագիտություն է լրագրությունը…պատմության յուրօրինակ կերտում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *