2016.05.06,

Քննադատ

Մամուլի հաղորդագրություններից նյութ սարքելը արվեստ է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մամուլի հաղորդագրությունները, որոնք դարձել են Հայաստանի լրահոսի հիմքը, լուրջ պատուհաս են լսարանի համար ու բավականին խանգարող հանգամանք՝ լրագրողի ինքնադրսևորման տեսակետից:

Իհարկե, ոչ ոք չի վիճում, որ տարբեր գերատեսչությունների կամ հիմնարկների փաստաթղթային տեքստերը հարմար ու մատչելի հումք են լուր սարքելու համար, մանավանդ, երբ լրագրողները պարտավորված են օրական որոշակի աշխատանքային տեքստեր թողարկել:

Այդ դեպքում, պաշտոնապես կազմված ու բոլոր լրատվամիջոցներին ուղարկված մամուլի հաղորդագրությունը փոքր-ինչ կրճատվում, փոփոխվում է (կամ էլ չի կրճատվում ու փոփոխվում) ու հայտնվում մեդիա դաշտում որպես լուր: Քիչ չեն այն դեպքերը, երբ մեկ մամուլի հաղորդագրություններից «հմուտ» լրատվամիջոցը միանգամից մի քանի լուր է սարքում: Դա թույլ է տալիս անընդհատ թարմացվող լրահոսի պատրանք ստեղծել:

Օրական տպագրված ինֆորմացիայի /բառերի/ վերնագրերի քանակը որոշում է նաև լրատվամիջոցի շուկայական հարաբերությունները: Լուրերի արտադրանքի ծավալը դառնում է լրատվամիջոցի ակտիվ աշխատելու փաստացի ապացույցը (շատ ենք հրապարակում, ուրեմն պետքական ենք թե՛ լսարանի, թե՛ գովազդատուների համար):

Կազմակերպության PR բաժնի կողմից գրված ու ամենայն հավանականությամբ մի քանի անգամ խմբագրված ու «սանրված» հաղորդագրությունը շատ հազվադեպ է լինում հետաքրքիր: Տեղեկություն իր մեջ, իհարկե, կրում են, բայց «մարդավարի» ոճն ու լայն իմաստով՝ պատեհությունը, կաղում է:

Այսինքն՝ դա մի փաստաթուղթ է, որը ոչ միայն ենթակա է մշակման, այլև անգամ՝ անտեսման:

Լինում են դեպքեր, երբ լրատվամիջոցի ղեկավարներն ասում եմ՝ դե, մենք գրել ենք լուրը՝ հիմնվելով պաշտոնապես ստացված պաշտոնական պրես ռելիզի վրա, և ուրեմն ամեն ինչ կարգին է, և մենք ոչ մի օրենք չենք խախտել: Այս պնդումը զավեշտալի է դառնում, երբ ասում են, որ միտքը հայտնել է ոմն հոգեբանը, քաղաքագետը, արվեստագետը, և ուրեմն դա անբեկանելի մի փաստ է ու կարող է ներկայացվել լրահոսում որպես ճշմարտություն:

Պատահարների, վթարների ու տարբեր տրամաչափի արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհ, սողանք, սպանություններ և այլն) գերատեսչությունների մամուլի հաղորդագրությունները լավ մեկնակետ են սեփական հետաքննությունը սկսելու կամ էլ՝ հենց այնպես, ինչպես որ այն կա, հրապարակելու համար: Այս պարագայում, արագ ու առանց մշակման ու անգամ ստուգման՝ հրապարակումը անհրաժեշտ է:

Բայց անտեսումը (մասնակի կամ ամբողջովին) հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ հաղորդագրություն է ստացվում արվեստի ոլորտի այս կամ այն իրադարձության լույս աշխարհ գալու կապակցությամբ:

Լրագրողը, որը հոդված կամ լուր է գրում, օրինակ, ցուցահանդեսի, ներկայացման կամ ֆիլմի մասին, գրեթե միշտ արտատպում է այն մտքերը, որոնք ուզել են տարածել արվեստի գործերի հեղինակները: Ասենք` այսպես. «Կինոռեժիսորն ասաց, որ ցանկացել է արտահայտել …» կամ «Նկարիչը պատմեց, թե ինչ խորհուրդ ունեն իր նկարները…»:

Որպես կանոն՝ արվեստն ու ճշմարտությունը բարդ հարաբերությունների մեջ են: Եվ եթե ասվում է, որ «ցանկացել է ասել», դա դեռ չի նշանակում, որ, ի վերջո, ասել է դա: Կամ էլ՝ որևէ բան ասել է ընդհանրապես: Միգուցե ստացվել է ճիշտ հակառակը. հեղինակը ուզել է ասել մի բան, իսկ դիտողը տեսել բոլորովին ուրիշը:

Մշակութային իրադարձությունների մասին գրող լրագրողները հազվադեպ են այդ մասին հիշում: Եվ շտապում են որպես տեղեկության աղբյուր ընդունել հեղինակի մտքերը ու անպայման մեջբերել նրա կարծիքը իր իսկ ստեղծագործության մասին:

Պարզ է, որ նա միայն լավ բաներ է ասելու իր գործի մասին, անգամ՝ հայրենանվեր ու հերոսական: Ինչպես և միայն լավ ու առաջադեմ է փորձելու ներկայանալ այն գերատեսչությունը, որը մամուլի հաղորդագրություններ է ուղարկում մեդիա դաշտ՝ վստահ լինելով, որ դրանք պետք է տեղ գտնեն լրահոսում:

Ընդհանրապես մշակութային թեմաներին անդրադարձող լրագրողները կարծես լրահոսի կցորդն են. բացերն ու դադարներն են լցնում: Հիմա երբ արդեն գոյություն չունի առաջին կամ վերջին էջերի գործոնը, որը կար տպագիր մեդիայում, արվեստը ողջ լրահոսում տարրալուծվելու շանս է ստացել: Այսինքն՝ այն շանսը, որը մասնագիտացված պարբերականները չեն տալիս և որը արվեստի գոյության ամենալուրջ վկայությունն է (լինել ամենուրեք, քիչ-քիչ ու իմաստ ձևավորել):

Բայց մամուլի հաղորդագրություններով արվեստի մասին խոսելը ընդհանուր հանրային միջավայրին ոչինչ չի ավելացնում: Ընդհակառակը՝ խլում է, քանի որ բացառում է հակասելու, մտորելու ու վիճարկելու դերը:

Եթե լրագրողը չի վիճարկում ու չի վերլուծում հաղորդագրության ինֆորմացիան, դա արջի ծառայության է նմանվում: Ասենք՝ գրվում է, որ սա լավ ու նոր բան է, բայց իրականում այդ լավ բանը զուրկ է ձգողությունից ու չի առաջացնում արվեստի գործի հետ հաղորդակցվելու ցանկություն:

Չենք ասի, որ այս դեպքում լրագրողը ստել է, բայց հաստատ՝ ընթերցողին (որը ասենք, մի քանի գլուխ լրագրողից ավելի տեղյակ է ու արվեստից սպասումներ ունի) միտումնավոր մոլորեցրել է:

Իսկ ավելի քիչ տեղյակ ու թատրոն կամ ցուցահանդես չայցելող ընթերցողն էլ հասկանում է, որ արվեստը այնքան էլ պետքական ու էական չէ. այն արժանի է ընդհանուր բառերով լուր դառնալու, բայց իր ուշադրությանն ու ժամանակին՝ ոչ:

Թե՛ հեռուստատեսությունում, թե՛ ցանցային լրատվամիջոցներում այդպես են աշխատում. վերցնում են մամուլի հաղորդագրությունը, միացնում ասուլիսի ընթացքում ասված նույն այդ հեղինակի մտքերը ու բաց թողնում այդ բառակույտերը լսարանի առջև՝ որպես լրագրողական նյութ: Միտքը հեղինակինն է, խոսքերը՝ նույնպես, իսկ լրագրողին մնում է միայն պաթոսով դրանք ներկայացնելը: Պաթոսն էլ իր հերթին է սպանում արվեստի հետ առնչվելու ցանկությունը:

Այն դեպքերում, երբ լրագրողն իր անունից շատ բան ասել չի համարձակվում կամ էլ պարզապես չի հասցնում դիտել ֆիլմերն ու ներկայացումները, միգուցե կարելի է ծայրահեղ քայլի դիմել. վերցնել մամուլի հաղորդագրությունն ու գլխիվայր շրջել այն: Դիտարկել արվեստի գործը լրիվ այլ տեսակետից:

Ամենահարմար ու ադեկվատ տեսակետները քաղաքականությունն ու հոգեվերլուծությունն են: Ցուցահանդեսը կամ ֆիլմը կդառնան հանրային ինքնազգացողությունը վերլուծելու առիթ, որտեղ արժեքավորը ոչ թե ընդհանուր (օսլայված ու արդուկած) բառերն են, այլ մտքերի ու կարծիքների բախումը, մտորելու դրդող ու երբեմն հակասող տեսակետները:

Ցանկացած վիճելի միտք արվեստում ավելի արժեքավոր է, քան մամուլի հաղորդագրությունների անվիճելի ձևակերպումները:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Մամուլի հաղորդագրություններից նյութ սարքելը արվեստ է”
  1. Միշա Շահինյան says:

    Ըստ իս’ ամեն ինչ գալիս է
    Ըստ իս’ ամեն ինչ գալիս է մարդու տրամաբանելու կարողությունից: Կարևոր են ամեն գործում խորքային գիտելիքները և դրանք ավելացնելու ձգտումը: Լրագրությունը’ չնայած առաջին հերթին լուրերը հանրությանը հասցնելու գործառույթն ունի, բայց և այնպես պետք է լինի իրադարձությունը ամեն կողմից ներկայացնող գործիք, այլ ոչ սոսկ լուր հաղորդող: Կարճ ասած’ պետք է ընթերցողին լուրը հասցնելուց բացի, նաև ականջը շոյի նուրբ պրոֆեսոնալիզմով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *