2016.02.18,

Քննադատ

Հանրությունն իրավունք ունի տեղյակ լինելու, թե ինչպես է խորհրդարանի նախագահը

«Իմ սիրելի ամերիկացիներ,

ինձ վերջերս հայտնեցին, որ ես մեկն եմ այն միլիոնավոր ամերիկացիներից, որոնք Ալցհայմեր հիվանդություն ունեն:

Սա իմանալով՝ որպես արդեն մասնավոր քաղաքացիներ, ես ու Նենսին ( Ռոնալդ Ռեյգանի կինը,- խմբ.)  քննարկեցինք, թե արդյո՞ք սա գաղտնի ենք պահում որպես անձնական հարց, թե ներկայացնում ենք հանրությանը»:

ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1994 թվականին գրած հռչակավոր ու չափազանց անկեղծ բաց նամակից էր մեջբերումը: Նամակն ուղղված է ամբողջ երկրի հասարակությանը՝ հիվանդության մասին ամենայն անկեղծությամբ և քաջ գիտակցությամբ, որ որքան իր հիվանդությունը խորանա՝ ինքն այնքան ընկղմվելու է անգիտակցության խորքերը:

Ինչու՞ հիշեցի այս նամակը: Կարելի է ասել, թե իրավիճակների համեմատության եզրեր չկան: Կարելի է ասել, թե Ռեյգանն իր հիվանդության մասին անկեղծացել է իր իսկ կամքով գրած նամակում, և գրել է, երբ արդեն նախագահ չէր: Բայց համեմատության համար, կարծում եմ, վառ օրինակ է ( չնայած կարող էի ավելի դիպուկ օրինակներ բերել, թե օրական քանի լուր է աշխարհում տարածվում՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների, հանրային այլ դեմքերի առողջական վիճակի մասին: Եվ այդ լուրերի մեծ մասի աղբյուրները հենց այդ անձանց խոսնակներն են, գործակալները, հարազատները կամ իրավասու այլք):

Կասեն՝ արևմուտքում չափն անցնում են: Գուցե: Բայց բարոյական շարժառիթը սա է՝ աջակցություն այն անապահով, անհայտ, հոգեպես ոչ շատ ամուր մարդկանց, որոնք ևս առողջական խնդիրներ ունեն, դրանք միասին հաղթահարելու հույսի արթնացում:

Ուրեմն, ո՞րն է այս ամենը հիշելու առիթը:

Հայաստանի խորհրդարանի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում նախորդ երեկոյան, ապա նաև Ազգային Ժողովի՝ Ֆեյսբուքի էջում, վկայակոչելով բազմաթիվ հարցերը և սխալ լուրերից խուսափելու շարժառիթը, հանրությանը տեղեկություն փոխանցեց Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակի մասին:

Այստեղ անընդունելի կամ զարմանալի ոչինչ չկա. հակառակը, խոսնակը կատարել է իր պարտականությունը: Եվ, կարծում եմ, ոչինչ տարօրինակ չէր լինի, եթե այս տեղեկությունը հայտնվեր նաև Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի՝ լուրերի բաժնում:

Բայց Արսեն Բաբայանի երկմտում է. այսօր նա Ֆեյսբուքի իր էջում բանավեճ է բացել՝ հարցնելով՝ արդյո՞ք այդպիսի տեղեկություններն անձնական են, արդյո՞ք դրանք փակ (հրապարակման ոչ ենթակա) տեղեկություններ են: Նա նշում է նաև, որ դրանք հրապարակելու համար ունեցել է համաձայնություն ( մասնավորեցված չէ, թե ումից, բայց ենթադրվում է՝ Գալուստ Սահակյանից):

Բանավեճի մտած օգտատերերի մոտեցումները տարբեր են: Ի վերջո, իր կարծիքն է փոխանցել նաև արդարադատության նախարարության՝ անհատական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, որին էլ նախևառաջ ուղղված էր Բաբայանի հարցը:

Վկայակոչելով համապատասխան օրենքներից մի շարք դրույթներ, Դոդոյանը եզրափակում է.

«Քանի որ տվյալ դեպքում խոսքը հանրային կարեւոր դեմքի մասին է, այսինքն կա այդ տեղեկությունն իմանալու հանրային շահ, հասարակությունն իրավունք ունի տեղեկացված լինելու Ազգային Ժողովի նախագահի առողջական վիճակի մասին»։

Բանավեճը, սրանով, թերևս սպառված է:

Ռուզան Խաչատրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *