Ցանկացած հեղափոխությանը նոր հերոսներ ու հակահերոսներ են պետք, որպեսզի պարզ ու հասկանալի լինի, թե ինչին է պետք ձգտել և ինչից խուսափել:
Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Հայաստանում սկսեցին հնարվել ու գործի դրվել այն հերոսներն ու հակահերոսները, որոնք հնի ու նորի պայքար էին մղում: Հներն ու հետադիմականները, բնականաբար, միշտ նահանջում էին, իսկ նորն ու մոդեռնը՝ հաղթում:
Հաղթանակի ու պարտության վիզուալ ու տեքստային ապացույցները տալիս էին մամուլն ու պլակատային արվեստը:
Հատկապես 1920-30 թթ.-ին սովետական թերթերում ակտիվորեն սկսվեց գործածվել ծաղրանկարը: Այդ ժանրում աշխատում էին հայտնի նկարիչներն ու, ինչպես ասում են, սովետական շտամպերով՝ վրձինը ծառայեցնում նոր գաղափարախոսությանը:
Ծաղրանկարը հիմնական միջոցն էր, որն օգնում էր սովետական իրականության մեջ հասկանալ, թե ինչ է կատարվում արևմուտքում, և ինչին է պետք սպասել երկրի ներսում: Էմոցիոնալ ու ծայրահեղ չափազանցությունները անշուշտ գաղափարական էին:
Ծաղրանկարներում հինը ներկայացվում էր որպես փոքր, տգեղ ու վախկոտ, իսկ նորը՝ որպես մեծ, ուժեղ ու քաջ: Այդ նույն մոդելով ներկայացվում էր նաև մամուլն ինքնին, որը, նոր ու թարմ լինելու կոչով տոգորված, կոտրում ու հաղթանակում էր հին կարծրատիպերը:
Հին մամուլը անվանվում էր «բուրժուական», իսկ նորը՝ «աշխատավորական»: Եվ՛ կենտրոնական (մոսկովյան), և՛ գավառական (հայաստանյան) թերթերում այդ հակադրությունները ներկայացվում էին ուռճացված, գրոտեսկային ոճով:
«Ավանգարդ» թերթն, օրինակ, 1924 թվականի մայիսի 29-ի իր համարում այսպիսի ծաղրանկար է պատկերում:
«Բանվոր թղթակցի հանդես գալը» վիզուալ քարոզչական պատկերում բանվորը գեղեցիկ ու խոշոր է, իսկ նրան հակադրվող ոչ բանվոր թղթակիցները՝ մանր-մունր ու անարտահայտիչ:
Ծաղրանկարը դիպուկ զենք է, քանի որ օգնության է կանչում ծիծաղը: Ծիծաղից ոչ ոք չի փրկվում, անգամ եթե թիկունքումդ հսկա բանակ է կամ բանտային հսկա համակարգ: Եթե ծիծաղելի ես, դա արդեն ախտորոշում է: Ծիծաղի դեմն առնել չի լինի: Եվ սովետական գաղափարախոսները լավ օգտագործում էին ծիծաղի էությունը՝ առաջարկելով լայն զանգվածներին ծիծաղել անցյալի վրա ու նորը կառուցել առանց ափսոսանքի ու առաջադեմի համոզմունքով:
Հիմա ծիծաղելու ու հեգնելու հրավերները մեդիայում ավելի նուրբ ու հաճախ ավելի բազմաշերտ են արվում, բայց 90 տարի առաջ մոդայիկ ու հեռանկարային էր համարվում իմաստների աներևակալելի ճակատային ու կոպիտ հակադրությունը: Դա մաքուր պլակատային քարոզչություն էր, որի օրենքներից մեկը սա էր. ծաղրանկարը պիտի չար ու պարզ լինի, այդպես ավելի հեշտ էր կոնտակտ ստեղծել զանգվածների հետ:
«Կոմերիտական մամուլի զարգացման ու ծավալման շրջան, երբ կենտրոնում միության հրատարակչությունները ուժեղանում են, և համարյա բոլոր գավառներում նոր թերթիկներ (страничка) են ստեղծվում»,- այսպես էր ներկայացվում աշխատավոր մամուլի ի հայտ գալը:
Երբ կոնտրաստը աչք է ծակում, մարդու մոտ ցանկություն է առաջանում ուժեղի ու մեծի կողքին լինելու: Իսկ մեծն ու ուժեղը նոր դասակարգն էր, որը ազատագրում էր ամեն ինչն ու ամենուրեք: Այդ թվում՝ նաև մամուլի էջերում ու մամուլի ընթերցողներին:
Ո՞վ կուզի, օրինակ, իրեն նույնացնել կոկորդիլոս-բուրժուական մամուլի հետ:
Ավելի լավ է մուրճով հարվածել:
«Մուրճի հարվածով ենք նվաճել բանվորի ու աշխատավոր գյուղացու մամուլի ազատագրումը»:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: