Մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի և մարդկանց՝ տեղեկություններ ստանալու իրավունքի բախումը հին խնդիր և մարտահրավեր է լրատվամիջոցների ու հանրության համար, ու դրա լուծումը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում յուրահատուկ է:
Թեպետ և կան մշակված ու արդեն շատերի համար ընդունելի կանոններ, կան նաև Եվրոպական դատարանի նախադեպեր:
Այսպես՝ անձնական կյանքի շրջանակները նեղանում են, երբ մարդը պետական բարձրաստիճան պաշտոնյա է, պետական, հասարակական գործիչ կամ ձգտում է հանրային ուշադրության: Երբ ասում ենք շրջանակը նեղանում է, չի նշանակում մտնել այդ մարդու ննջասենյակը և պարզել, թե բարձը անկողնու որ կողմում է դնում… Սակայն…
Սակայն, եթե դու բարձր պետական պաշտոնյա ես, ավելին՝ հավակնում ես պայքարելու կոռուպցիայի դեմ, ապա ձեռքիդ մի քանի հազար դոլարանոց ժամացույցը, մի քանի միլիոնանոց առանձնատունը արդեն քո անձնական գործը չեն, դրանք գրավում են հանրության ուշադրությունը: Նույն կերպ Վերահսկիչ պալատի նախագահի, իր մեկնաբանմամբ՝ նվեր ստացած առանձնատունը իր անձնական կյանքի մի մասը չէ, որովհետև նման մակարդակի պաշտոնյայի նման նվերը մի անուն ունի միայն…
Իրենց անձնական կյանքի որոշ պահերի հրապարակումից ապահովագրված չեն նաև նույն այդ հանրային և պետական դեմքերի հարազատները, եթե իրենք էլ ձգտում են հանրային ուշադրության: Հայաստանյան շատ պաշտոնյաների հարազատներ (կին, որդի, հայր և այլն) հանգիստ ապրում ու աշխատում են, և նրանց դեմքով անգամ ճանաչողներ չկան:
Սակայն, օրինակ, նախարարի կինը, որը, հասարակական կազմակերպություն ղեկավարելով հանրային գործունեություն է իրականացնում, ավելին՝ ամեն առիթով դա հիշեցնում է, այսինքն՝ ինքն է ձգտում հանրային ուշադրության, ճանաչելի է դեմքով, պետք է հանդուրժող լինի նաև, եթե հանրության ներկայացուցիչը, ի դեմս լրագրողի, նրան տեսնում է էլիտար խանութից դուրս գալիս և հետաքրքրվում է առևտրով…
Չէ, ես չեմ ասում, թե նա պարտավոր է պատասխանել անձնական բնույթի այդ հարցերին: Քավ լիցի: Բայց հասկանալ, որ լրագրողը իրավունք ունի և կարող է նման հարցեր տալ, պարտավոր է ու պիտի դրան արձագանքի հանգիստ, այլ ոչ թե ագրեսիվ:
Այլ է խնդիրը, երբ որևէ միջադեպ դառնում է հանրային հետաքրքրքասիրության առարկա, սակայն դրա մասնակից մարդիկ երբեք չեն ձգտել հանրային ուշադրության և չեն էլ ցանկանում հանրայնացնել իրենց անձը: Այստեղ է, որ պետք է զգույշ լինել մարդու մասին անձնական տեղեկություններ հայտնելիս:
Անդրադառնամ մի նախադեպի, որի դասերը շատ օգտակար են, կարծում եմ, նաև այլ լրատվամիջոցների համար. «Newmag» հանդեսի առցանց տարբերակում հրապարակվել էր «Ո՞վ էր փախած հարսնացուն և ի՞նչ եղավ նրա հետ» հոդվածը, որում անդրադարձել էին ամիսներ առաջ ԶԼՄ-ների հաղորդած և իսկապես հանրային հետաքրքրասիրության առարկա դարձած միջադեպին:
«Newmag» հանդեսի հոդվածում ներկայացվել էին նաև միջադեպի հերոսի վերաբերյալ անձնական տվյալներ, այդ թվում՝ անունը, ազգանունը, աշխատանքի, ուսման վայրերը, ինչպես նաև՝ լուսանկարը: Այսինքն՝ տեղեկություններ, որոնցով հնարավոր է ճանաչելի դարձնել մարդուն:
Երբ այդ հրապարկամանն արձագանք եղավ ՖԲ-ի «Հանուն բարեխիղճ լրագրության խմբում», Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հանդեսի խմբագրությանն առաջարկեց հարցը քննել էթիկական տեսանկյունից: Խմբագրության համաձայնությամբ այդ քննարկումը կայացավ:
Եզրակացությունը հետևյալն էր. «…Թեպետ նկարագրվող իրադարձությունը հանրային հետաքրքրասիրության առարկա է, սակայն տվյալ հրապարակման հերոսը հանրային դեմք չէ և չի ձգտում հասարակական ուշադրության» հետևաբար՝ «տեքստում առկա փաստական տվյալների և ուղեկցող լուսանկարի հրապարակումն արդարացված չէ մասնավոր կյանքի պաշտպանության սկզբունքը հարգելու տեսակետից և կարող է հոդվածի հերոսին ճանաչելի դարձնել»:
Դիտորդ մարմինն առաջարկեց ամսագրի խմբագրությանը՝ «հոդվածից հեռացնել հերոսին ճանաչելի դարձնող բոլոր տեղեկությունները (անուն, ազգանուն, ծննդավայր, ուսման վայր, աշխատատեղեր), ինչպես նաև` լուսանկարը, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել այլ քայլեր՝ հրապարակման հերոսի հետ հնարավոր վեճը արտադատական կարգով լուծելու ուղղությամբ»:
Դիտորդ մարմինն առաջնորդվել էր Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 4-րդ՝ «Հարգանք մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ» բաժնի 4.1 կետով, ըստ որի՝ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են «պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության և նամակագրության նկատմամբ: Բացառապես հասարակական շահի առկայությամբ կամ պաշտպանության անհրաժեշտությամբ կարող է արդարացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակումը»:
Ի պատիվ «Newmag» հանդեսի պետք է ասել, որ այն ամբողջությամբ ընդունեց եզրակացությունը՝ հրապարակելով այն և կատարեց Դիտորդ մարմնի առաջարկությունը՝ վեճի առարկա հոդվածը ներկայացնելով նոր խմբագրությամբ:
Այս նախադեպի մի քանի կարևորագույն դասերն են.
Առաջին անգամ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը սեփական նախաձեռնությամբ, չսպասելով դիմումի, քննեց մի հրապարակման համապատասխանությունը էթիկական սկզբունքներին:
Առաջին անգամ Դիտորդ մարմինն անդրադարձավ մարդու անձնական կյանքին միջամտության խնդրին և, ըստ էության, տվեց նախադեպային եզրակացություն, որը պետք է հաշվի առնեն նաև ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ու Կանոնագիրը ստորագրած մյուս լրատվամիջոցները:
Վերջապես՝ առաջին անգամ այդ պահին ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չհանդիսացող լրատվամիջոցը համաձայնեց ամբողջությամբ ընդունել Դիտորդ մարմնի եզրակացությունը և հետագա քայլերը կատարեց ըստ դրա:
Մեսրոպ Հարությունյան
Հ. Գ. Ի դեպ, Դիտորդ մարմնի եզրակացությունը հրապարակելուց հետո «Newmag» հանդեսը միացավ ինքնակարգավորման նախաձեռնությանը՝ դառնալով Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագիրը ստորագրած 41-րդ լրատվամիջոցը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: