Ռեպորտաժն այնպես է մատուցված, որ հետաքննության հիմնական նպատակ է երևում ընդդիմության անգործությունը ցույց տալը: Իսկ բուն բացահայտումը, որ հնարավոր է քվեարկել ուրիշի նույնականացման քարտով, լղոզվել է քաղաքական այս սոուսի մեջ
«Ժողովուրդ օրաթերթի լրագրողը քվեարկել է ուրիշի փոխարեն. լրագրողական հետաքննություն»: Այս վերնագրով հոդվածն ու տեսանյութը դեկտեմբերի 6-ին տարածեց նույն լրատվամիջոցի Armlur.am կայքը:
Օրինակը հետաքրքիր է նրանով, որ Հայաստանում ոչ այնքան հաճախադեպ մեթոդ է կիրառվել՝ որոշակի նպատակով լրագրողական հետաքննություն անցկացնելու համար: Փորձենք մոտեցումը քննարկել երկու տեսանկյունից. լրագրողական ի՞նչ պրոդուկտ է տվել յուրօրինակ գաղափարը և որքանո՞վ է էթիկապես ընդունելի նման մեթոդը:
Հետաքննության նպատակը
«Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը Media.am-ին հեռախոսային զրույցում փոխանցեց, որ իրենց հետաքննության նպատակն էր՝ «ապացուցել, որ նույնականացման քարտերով քվեարկությունը կատարվում է անվերահսկելի մթնոլորտում, և հնարավոր չէ որևէ կերպ ստուգել, թե ընտրողը նույն քարտով քանի անգամ և որ տեղամասերում է քվեարկություն կատարել»:
ՀՀ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար:
Ինչպես է արվել հետաքննությունը
Դատելով հետաքննության պրոդուկտ ռեպորտաժից՝ լրագրող Տաթև Հարությունյանը, ընտրական տեղամասում ներկայացնելով թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի նույնականացման քարտը, ստացել է տվյալ տեղամասում գրանցված մի երրորդ անձի փոխարեն քվեարկելու իրավունք: Իր ստացած քվեաթերթիկի «այո» և «ոչ» բաժիններում նշումներ չի արել, թերթիկի ներքևում գրել է՝ հանուն լրագրողական հետաքննության: Քվեախցից դուրս գալուց հետո իր քվեարկած թերթիկը նա չի գցել քվեատուփի մեջ, այլ հենց տեղամասում հրապարակավ բացահայտել է, թե ինչ է արել և ինչու:
Հետաքննության պրոդուկտը
Հետաքննության պրոդուկտ ռեպորտաժը սկսվում է ընդդիմադիր մի քանի գործիչների ելույթներով՝ ընտրակեղծիքների դեմ, ավարտվում է ռեպորտաժի հեղինակային խմբի գնահատականներով. օրինակ. «Ընդդիմությունը, որ կոկորդ է պատռում՝ ընտրակեղծիքներ գոռալով, կոնկրետ գործ անելու ժամանակ, մեղմ ասած, թերանում է»:
Մինչդեռ չկա (համենայն դեպս, ռեպորտաժում չի երևում) շատ ամուր պատճառա-հետևանքային կապն այս գնահատականի և հետաքննությամբ բացահայտվածի միջև: Ոչ միայն լրագրողական հետաքննությունը, այլև լրագրողական ցանկացած պրոդուկտ եզրահանգումների, գնահատականների դեպքում պահանջում է ներկայացված փաստերից բխող շատ ամուր և ուղիղ կապ:
Ռեպորտաժն այնպես է մատուցված, որ հետաքննության հիմնական նպատակ է երևում ընդդիմության առնվազն անգործությունը ցույց տալը: Իսկ բուն բացահայտումը, որ հնարավոր է քվեարկել ուրիշի նույնականացման քարտով, լղոզվել է քաղաքական այս սոուսի մեջ: Ի դեպ, նախընտրելի կլիներ ոչ թե հեղինակային տեքստով, այլ չմոնտաժված տեսնել ամբողջական պահը՝ թղթակցի մոտենալուց մինչև քվեաթերթիկը ստանալը:
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանին հետաքննության գաղափարը դուր է եկել, բայց. «Իրենք մի քիչ զգացական են դարձրել: Չեմ հասկանում, թե ընդդիմությունն ինչ կապ ուներ իրենց հետաքննության հետ: Քաղաքական տեքստ են մտցրել, որը, կարծում եմ, չարժեր»:
Իսկ արդյո՞ք մեկ տեղամասում հետաքննությունն անցկացնելը բավարար էր եզրակացություններ անելու համար. նույնականացման քարտ ունի Հայաստանի ընտրազանգվածի ավելի քան 7 տոկոսը:
Թագուհի Թովմասյանը Media.am-ին փոխանցեց, որ միայն մեկ տեղամասում են անցկացրել հետաքննությունը. «Անկեղծ ասած, առաջին փորձից ստացվեց: Մտադրություն ունեինք, եթե մեկը չստացվի, մյուս ընտրատեղամասերում փորձել: Բայց որ ստացվեց, անիմաստ էր նույն շրջապտույտի մեջ ընկնելը»:
Ընդունելի՞ է, երբ հետաքննող լրագրողը փորձում է օրենք խախտել
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ եթե հետաքննող լրագրության պատմության մեջ այդպիսի միջոցների չդիմեին լրագրողները, հետաքննական լրագրությունը չէր կայանա. «Այս ժանրի դեպքում չեն աշխատում լրագրության համընդհանուր էթիկայի այն կանոնները, որոնք նորմալ, ոչ սուր իրավիճակների համար են: Հետաքննության դեպքում ավելի լայն են լրագրողի զինանոցի օգտագործման իրավունքներն ու հնարավորությունները: Դա հանցագործություն բացահայտելու նպատակով է արվում, և լրագրողը գնում է որոշակի պատիժ կրելու ռիսկի: Նա շատ դեպքերում նույնիսկ պարտավոր է գնալ այդ կարգի հնարքների»:
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Media.am-ի հետ հեռախոսային զրույցում ասաց, որ չնայած Հայաստանում սակավադեպ է կիրառվում հետաքննության նման մեթոդը, բայց աշխարհի հետաքննող լրագրողներն այդպիսի օրինակներ շատ ունեն. «Մենք էլ երկար ժամանակ փորձում ենք մեր աշխատակիցներից մեկին ձևակերպել որպես բանվոր՝ մի հաստատությունում կեղծիքները բացահայտելու համար, առայժմ չենք կարողանում: Մինչդեռ միայն այդ ձևով կարող ենք բացահայտել իրականությունը»:
Ռուզան Խաչատրյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: