Սա այն հնարքն է, որն ամրապնդում է ցանկալի արդյունքը, այլ ոչ թե ներկայացնում իրականությունը: Եթե ասում ես «նոր Սահմանադրություն», կարծես ամրապնդում ես, որ այն ստացել է այդ կարգավիճակը: Բայց այն դեռևս նախագիծ է
Դեկտեմբերի 6-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն զանգվածային քարոզչական փուլում է: Մեդիան ճիգեր է գործադրում առաջարկվող նախագիծը առավել գրավիչ ու հավասարակշիռ քողով ներկայացնելու համար:
Սահմանադրության նախագծային տարբերակին «Այո» կամ «Ոչ» ասելու և քվեարկության ժամանակ հանրային ներգրավվածություն ապահովելու համար բազմաթիվ տեքստեր ու ռեպորտաժներ են հրապարակվում:
Լրագրողական անդրադարձները մոնիթորինգի են ենթարկվում «կողմ» և «դեմ» արտահայտվողներին եթերաժամանակ տրամադրելու տեսանկյունից: Փորձ է արվում նաև լրագրողական նյութերի բովանդակային վերլուծություն կատարել:
Խնդիրն այն է, որ, «բազմակողմանի լուսաբանում» ասելով, հաճախ ուշադրություն չի դարձվում կողմերից յուրաքանչյուրի մեդիա մատուցման վրա: Ի վերջո, կարևորը ոչ միայն այն է, թե ինչ է ասվում («այո» կամ «ոչ»), այլև ՝ ինչպես և ինչ համատեքստում է դա արվում:
Առցանց մեդիայի բովանդակային հետազոտություն իրականացրած «Սոցիոսկոպ» ընկերությունը, օրինակ, եզրակացրել է, որ «առցանց մեդիայի աշխատանքը չի ապահովում լսարանի լիարժեք իրազեկվածություն, և առկա են բազմաթիվ մանիպուլյատիվ մեխանիզմներ», որոնք թույլ չեն տալիս օբյեկտիվ ներկայացնել իրականությունը:
Քարոզարշավի պայմաններում ապրող հայաստանցիների համար օգտակար կլինի ծանոթանալ մի քանի մանիպուլյատիվ հնարքների, որոնք առավել ցայտուն ու աչք զարնող են:
Հարկ է հիշել, որ ցանկալին որպես փաստ ներկայացնելու և այդ միտքը բազմաթիվ անգամ կրկնելու դեպքում լսարանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ցանկությունը փաստի ուժ ունի:
Օրինակ՝ մի բան է, երբ ասվում է «փոփոխություններ», և բոլորովին այլ բան՝ «բարեփոխում»: Երկրորդ տարբերակի կիրառումն արդեն իսկ վերաբերմունք ու գնահատական է պարունակում: «Բարի» արմատը չի կարող չեզոք ընկալվել և ակամայից ասոցացվում է «չարի» հակառակորդի հետ: Ենթագիտակցաբար լսարանը ձգտում է բարեփոխումների, քանի որ բարին չարից գերադասելի է: Մինչդեռ իրականում փոփոխությունները կարող են թե՛ դրական, թե՛ բացասական լինել: Իսկ օբյեկտիվությունը դրա արանքում է:
Ընդհանրապես մեդիա լեզուն վերլուծելը շատ հետաքրքիր է, քանի որ հենց լեզվական կառուցվածքների միջոցով են գործում հստակ նպատակ հետապնդող, բայց օբյեկտիվության շղարշով քողարկված հնարքները:
Սահմանադրության փոփոխություններն այժմ գտնվում են նախագծի կարգավիճակում և ընդամենը առաջարկ են, բայց շատ լրատվամիջոցներ, խոսելով հանրաքվեի մասին, դուրս են թողնում «նախագիծ» բառը և դրանով իսկ ուղղորդում լսարանին՝ պատրանք ստեղծելով, որ փոփոխություններն արդեն իրականություն են:
Եթե փոփոխությունները նախագիծ են, դա պիտի շեշտվի, որպեսզի լսարանը տարբերակի Սահմանադրության իրական կարգավիճակը:
Բայց հաճախ մեր մեդիայում կարելի է հանդիպել ոչ թե «գործող Սահմանադրություն» և «Սահմանադրական փոփոխությունների նախագիծ», այլ ավելի պարզեցված ու մանիպուլյատիվ՝ «հին Սահմանադրություն» և «նոր Սահմանադրություն» ձևակերպումները: Այս դեպքում էլ (ինչպես բարու ու չարի) սկսում է աշխատել հուզական բաղադրիչը, քանի որ «նորը» հակադրվում է «հնին» ու դրդում ընտրել նորը, քանի որ այս համատեքստում նորը դրականի հոմանիշն է:
Հանրային հեռուստաընկերության լրատավական հաղորդման վարողն էլ՛ ավելի հեռուն է գնում՝ եթերից ասելով, որ քաղաքացիները պետք է կողմնորոշվեն, թե ինչու ասել «Այո» և ինչու «Ոչ» Սահմանադրությանը (10:04 րոպե):
Փաստորեն ստացվում է, որ եթե ասում ես «Ոչ», ուրեմն Սահմանադրություն չես ուզում:
Եթե ՀՀ Սահմանադրությունը գործող է, ինչու՞ է ասվում, որ այն հին է, անցած, նախորդ: Որ արդեն փոխել է իր կարգավիճակը: Պարզ է, որ եթե ռեպորտաժների ու հոդվածների հեղինակներին հարցնես, կպատասխանեն, որ դրա մեջ վատ բան չկա: Որ իրենք միտումնավոր չեն արել դա:
Իսկ դիտողին ու ընթերցողին կարող է թվալ, որ նորմալ նյութ են կարդում, բայց բառերի միջոցով նրանց համար հստակ դիրքորոշման պատրանք են ուզում ստեղծել:
Սա այն հնարքն է, որն ամրապնդում է ցանկալի արդյունքը, այլ ոչ թե ներկայացնում իրականությունը: Եթե ասում ես «նոր Սահմանադրություն», կարծես ամրապնդում ես, որ այն ստացել է այդ կարգավիճակը: Բայց այն դեռևս նախագիծ է:
Այդ մասին արժե հիշել: Առնվազն մինչև հանուն Սահմանադրության կարգավիճակի փոփոխման հանրաքվեն:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: