2015.11.13,

Քննադատ

Նոր հաղորդումներ եւ հարցեր հանրաքվեից առաջ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Թերեւս հիմա այն պահն է, երբ լրատվական դաշտը արդեն չի կարող չեզոք ու հավասարակշիռ լինել, քանի որ շահ ունի. ուզում է, որ մինչ իրենց քվեները տալը մարդիկ հարցեր տան

Դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն, որի արդյունքում պարզ կլինի, թե ինչ Սահմանադրությամբ է (գործող, թե փոփոխված) այսուհետ ապրելու Հայաստանի հանրապետությունը, մեդիայի համար ակտիվ գործելու մակերես ստեղծեց:

Որոշ հեռուստաալիքներ սահմանդրական փոփոխությունները ոչ միայն լուրերի ու բանավիճային հաղորդումների թեմա դարձրեցին, այլեւ եթեր հեռարձակեցին նոր ձեւաչափի ծրագրեր: Լայնամասշտաբ ու որպես «աննախադեպ» է ներկայացվում  «Արմնյուզ» ալիքի մարաթոնային ռեալիթի շոուն: Նախատեսվում է 20 օր շարունակ հեռարձակել «այո» եւ «ոչ» կողմնակիցների մասնակցությամբ արշավը Հայաստանի մարզերում:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները  հանդիպում ու դեռ հանդիպելու են տարբեր մարդկանց հետ՝ ներկայացնելով սահմանադրական առաջարկների թերություններն ու առավելությունները, եւ այդ ամենը արվելու է ուղիղ եթերի ռեժիմով՝ միաժամանակ երկու ուղղությամբ (հարավից ու հյուսիսից):

Դիտելով առաջին օրվա եթերը, կարելի է նկատել, որ Հայաստանի բնակիչները հայտնվելով եթերում՝ խոսում են իրենց ամենօրյա դարդերի, նվաճումների, մատաղ սերնդի, պատմամշակութային հուշարձանների մասին ու շնորհակալություն հայտնում տարբեր պետական այրերին: Հետո խառը ելույթներ են լինում խառը հարցերով՝ գազի, դպրոցների, կուռ ապրելու եւ այլն:

Մի խոսքով՝ ասվում է, որ եթե նույնիսկ մարդիկ լավ են ապրում, նրանք ուզում են փոխել Սահմանադրությունը, որ ավելի լավ լինի: Զրույցները, որ հայտնվում են հեռուստատեսությամբ, մե՛րթ քաոտիկ  են, մե՛րթ գծագրված այնպես, ինչպես դա ընդունված էր խորհրդային ժամանակներում: Երբ Հայաստանը անկախ չէր: Եվ երբ կենտրոնի մարդիկ այցելում էին գյուղ, իսկ գյուղը ուրախ էր:

Անդրանիկ քաղաքական շոուն ստեղծվեց նաեւ Հանրային հեռուստաընկերության նոր ղեկավարության օրոք: «Եռանկյունի» վերնագրված շոուն մեծ արձագանք ստացավ ոչ այնքան իր բովանդակային բաղադրիչի, որքան ոչ միանշանակ ընկալվող վարողի (ԿԳՆ նախարարի) ու նրա կուսակցական պատկանելիության պատճառով: «Եռանկյունու» դեբյուտային թողարկումը հայտարարվեց որպես անդրադարձ սահմանադրական նախագծին, բայց ավելի շատ մնաց պատմության մեջ վարողի բուռն ու բարձրագոչ կերպարով:

Նախարար-հաղորդավար Արմեն Աշոտյանը այսպիսի մի հարց հնչեցրեց եթերում. «Ինչու՞ լրատվական դաշտի պրոֆեսիոնալիզմը չի համապատասխանում այսօրվա մարտահրավերին»: Հետո էլ հարցրեց. «Արդյոք չե՞նք կարող զանազանել զանգվածային լրատվությունը մտավորական եւ ինտելեկտուալ լրատվամիջոցներից»:

Բարդ է ասել, թե ինչպիսի չափանիշներ պետք է ունենա «մտավորական ու ինտելեկտուալ» լրատվամիջոցը (սա միգուցե ավելի շուտ գիտության ու կրթության ոլորտից է), բայց լրատվական դաշտում գործող բոլոր միավորները հիմա փորձում են ներկայացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթն այնպես, որ այն ընկալելի դառնա լսարանի համար: Հատկապես կարիք կա վերծանել փոփոխությունների ստորջրյա վտանգներն ու խութերը, իսկ որոշ դեպքերում՝ հայերենից հայերեն թարգմանել բարդ իրավաբանական դարձվածքներն ու խրթին ձեւակերպումները:

Նման վերծանման լավ օրինակ է «Բուն» ինտերնետային ալիքի շարքը, որը կարճ անդրադարձներ է կատարում գործող ու նախագծային դրույթներին: «Բունի» շարքն, իհարկե, զանգվածային չէ, բայց հաստատ «մտավորական» է:

Մեդիան հաճախ է թարգմանիչ-վերծանողի դերն իր վրա է վերցնում, եթե, իհարկե, այդպիսի նպատակ են ունենում գլխավոր խմբագիրները: Եթե չեն ունենում, շեշտադրումը դնում են հուզական ու այսպես կոչված՝ հայրենասիրական ու ժողովրդասիրական քարոզի վրա. «Այո-Ոչ» ռեալիթի-շոում, օրինակ, հաճախ է հնչում «Ժողովուրդ ջան», «Ցավներդ տանեմ», «Մենք այստեղ ենք, որ ձեր խնդիրները լուծենք»: Նման դիմելաոճը զանգվածայինի պատրանք է ստեղծում, թեեւ անհայտ է մնում, թե ով ում խնդիրներն է լուծում: Եվ ինչու են ընդհանրապես ծագել այդ խնդիրները: Կամ էլ՝ ինչու չի կարելի այդ խնդիրը լուծել գործող Սահմանադրության առկայությամբ:

Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ կամ կողմ լինելը պայմանավորված է լսարանի (ընտրազանգվածի) հարցերով: Որքան շատ լինեն հարցերն ու հետաքրքրությունը, այնքան պարզ կդառնա «այո»-ի եւ «ոչ»-ի տարբերությունը: Եվ այնքան իմաստալից կդառնա ընտրությունը:

Բնական է, որ մեդիան գոնե այս ժամանակահատվածում պիտի աշխատի հարց տվողների քանակն ավելացնել: Քարոզն ու լուսաբանումը միմյանցից տարբերվում են կոնկրետ (ոչ հռետորական) հարցերով ու կոնկրետ (ոչ լղոզված) պատասխաններով: Կոնկրետ հարցը պիտի կոնկրետ մարդու հասցեագրվի ու կոնկրետ պատասխան ստանա:

Եվ քանի որ արդեն մեկնարկել է առաջարկվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, շատ պետական ու հասարակական կազմակերպություններ փորձում են թե՛ պատասխաններ տալ, թե՛ ճակատային քարոզել: Լրատվամիջոցներն էլ հայտնվել են դրանց արանքում:

Թերեւս հիմա այն պահն է, երբ լրատվական դաշտը արդեն չի կարող չեզոք ու հավասարակշիռ լինել, քանի որ շահ ունի. ուզում է, որ մինչ իրենց քվեները տալը մարդիկ հարցեր տան: Նաեւ ինստիտուցիոնալ ու համակարգված «Այո»-ի կողքին նույնքան համակարգված «Ոչ» տեսնեն: Որպեսզի ընտրությունն էլ լինի ոչ միայն զանգվածային, այլեւ մտավոր:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *