2015.11.05,

Քննադատ

Ինչու է լավ, երբ լրատվամիջոցները ծառայություն են մատուցում ծառայողներին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Քաղաքականության ու մեդիայի փոխհարաբերությունները սովորաբար շատ հստակ են: Գրեթե բոլոր խաղացողներն այդ դաշտում գիտեն իրենց սահմաններն ու համերաշխ գոյատեւում են այնքան ժամանակ, քանի դեռ սահմանները չեն խախտվում

Մեդիան մի անվիճելի հատկություն ունի. այն մարդուն դարձնում է հանրածանոթ: Եթե որեւէ անձնավորություն պարբերաբար հայտնվում է լուրերում, ռեպորտաժներում եւ, առավել եւս, տեսանյութերում ու ինչ-որ բաներ խոսում (կարեւոր չէ, թե ինչ), նրան արդեն սկսում են ճանաչել:

Նյուզմեյքեր դարձած անձնավորությունն ապահովում է մեդիայի հանապազօրյա հացը՝ դիտումները, այցելությունները, քլիքերը: Դա, իհարկե, վաղուց օգտագործում են լրատվամիջոցները, որոնք ներդրումներ են կատարում իրենց բրենդային դեմքերը սարքելու համար, որպեսզի հետո արդեն այդ դեմքերը ճանաչելի դառնան ու շահույթ ապահովեն: Ընդ որում՝ դեմքի դերում կարող է լինել եւ՛ լրագրող-հաղորդավարը, եւ՛ նրա նյութի հերոսը: Այսինքն՝ թե՛ ստեղծագործողը, թե՛ ստեղծագործությունը:

Այդ գործնական մոդելը լավ աշխատում է այն դեպքերում, երբ մեդիան ընկալվում է որպես բիզնես: Երբ մրցակցություն ու ֆինանսական շահեր կան:

Հայաստանում մեդիան, երեւի թե, ընդամենը մեկ քառորդով է բիզնես, շատ լրատվամիջոցներ ավելի շուտ կցորդ են: Ասենք՝ որեւէ քաղաքական ուժի, կուսակցության կամ խմբավորման, որն ինքնուրույն ֆինանսական աղբյուրներ ունի ու իրեն սատարող մեդիային վերաբերվում է որպես սեփական մտքերն ու դեմքերը տարածելու հարթակի:

Սա ոչ լավ է, ոչ էլ վատ, պարզապես իրականություն է: Այդպես է այն երկրներում, որտեղ մրցակցությունը բխում է ոչ թե բիզնեսից, այլ քաղաքականությունից: Անգամ բիզնեսն ինքն է բխում քաղաքական դաշտի շահերից:

Հայաստանում լրատվամիջոցները շատ են, իսկ սեփական ֆինանսական աղբյուրները մեդիայի վրա ծախսող քաղաքական ուժերը՝ քիչ: Եվ եթե որեւէ լրատվամիջոց նեղսրտում է ֆինանսական անբավարարվածությունից, ստիպված է գումարի հավելյալ աղբյուրներ որոնել:

Ազնվորեն հույսը դնել գովազդային հոսքերի վրա հաճախ չի ստացվում, քանի որ բացի այն, որ գովազդը բիզնեսի ածանցյալն է, իսկ բիզնեսը քաղաքականության ածանցյալը, ընդհանուր գովազդային շուկան է անկում ապրում: Գովազդից եկող գումարները պակասում են, եւ որոշ լրատվամիջոցներ սկսում են փնտրել այլընտրանքային ֆինանսական աղբյուրներ: Շատերը գտնում են:

Թեեւ այդ աղբյուրները նույնպես քաղաքական ծագում ունեն, այնուամենայնիվ, դրանք փոքր-ինչ այլ են: Լրատվամիջոցը սկսում է ծառայություններ մատուցել: Եվ խոսքը միայն պատվիրված տեքստերի ու նյութերի մասին չէ՝ քողարկված թե անթաքույց, դրանք միշտ էլ եղել ու լինելու են:

Ավելի շուտ լրատվամիջոցը պատրաստ է դառնալ գործիք, որի օգնությամբ կառուցվում է այս կամ այն կերպարը, այս կամ այն իրականությունը: Այդ գործիքի կիրառմամբ անհայտները դառնում են հայտնի (առնվազն՝ հանրածանոթ), տարօրինակը՝ օրինաչափ, իսկ եզակին՝ առօրյա:

Կարեւոր է, թե ինչ ու ում է մեդիան դարձնում հանրածանոթ: Որպես կանոն՝ առաջնահերթությունը տրվում է պետական ծառայողներին (պատգամավորներ, նախարարական ապարատի աշխատակիցներ եւ այլն), որոնք հանգամանքների պատահական զուգադիպությամբ նաեւ բիզնեսմեններ են:

Պետական ծառայողներն են Հայաստանի գլխավոր նյուզմեյքերներն ու լրատվամիջոցին սնունդ ապահովողները: Լրատվամիջոցներն առաջին հերթին հենց պետծառայողներին են մատուցում իրենց ծառայությունները:

Կար ժամանակ, երբ պատգամավորների կամ այլ ծառայողների (չինովնիկների) շարքերը համալրվում էին մշակույթի կամ շոու բիզնեսի աստղերով: Հիմա հակառակն է, չինովնիկներն արդեն իրենք են աստղ, որոնց կողքին խամրում են մյուսները: Մանավանդ, որ շատերի խոսելաոճը, բառապաշարն ու աչքերի արտահայտությունն այնքան ցայտուն ու հյութեղ են, որ անգամ դերասանները կնախանձեին:

Երկու օրինակ բերենք: Վերջին ամիսներին Հայաստանը պատրաստվում է ընտրության՝ ասել «այո» կամ «ոչ» սահմանադրության փոփոխմանը: Քարոզելով «այո»-ն՝ իրենց խոսքն ասացին երկու պատգամավոր ու դրանից հետո անհապաղ աստղ դարձան:

Մարգարիտ Եսայանը խորհրդարանում կիսահռետորական-կիսաբացականչական հարց ուղղեց. «Իսկ ինչու՞ իր պաշտոնավարությունից հետո Սերժ Սարգսյանը պիտի գնա ու նստի իրենց տանը»: Պատգամավորը վստահ էր, որ այսօրվա ՀՀ նախագահի հետագա հնարավոր պաշտոններով ոչ թե պետք է «վախենալ, այլ հպարտանալ»:

Իսկ մեկ այլ ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը հայտնեց այն միտքը, որ սահմանադրությունը պետք է պարբերաբար փոխել, այլ ոչ թե թույլ տալ, որ այն գործի քսան տարի շարունակ: Երեւի մաշվածության ժամկետ կա:

Այս երկու կարծիքները ոչ թե կարեւոր տեղեկությամբ հագեցրին լրատվական դաշտը, այլ միայն պարզեցրին ու հանրայնացրին այս պետծառայողների կերպարները: Այսինքն՝ մենք չհասկացանք, թե ինչու չի կարելի հպարտանալ տանը գտնվող Սերժ Սարգսյանով, ու երբ է ավարտվում սահմանադրության պիտանելիության ժամկետը:

Բայց հասկացանք ու ճանաչեցինք խոսքերի հեղինակներին:

Քաղաքականության ու մեդիայի փոխհարաբերությունները սովորաբար շատ հստակ են: Գրեթե բոլոր խաղացողներն այդ դաշտում գիտեն իրենց սահմաններն ու համերաշխ գոյատեւում են այնքան ժամանակ, քանի դեռ սահմանները չեն խախտվում: Եվ եթե հիմնական քաղաքական ուժին հարկավոր է լինում զբաղվել քարոզչությամբ (դրդել ասել «այո»), լսարանը ոչ այնքան հետեւում է քարոզին, որքան քարոզողին:

Եվ այդպես է երբեմն սկիզբ առնում լավատեսությունը:

Շատ լրատվամիջոցներ իրենց ծառայություններն են մատուցում հիմնական քաղաքական ուժին ու դրա մաս կազմող մեծ ու փոքր քարոզիչ-աղյուսներին դարձնում են հանրածանոթ: Այդ քայլով լրատվամիջոցները ոչ միայն գոյատեւման հարցեր են լուծում, այլեւ օգնում են մեզ վերանայել այդ աղյուսներով կառուցված շինության նպատակահարմարությունը:

Իհարկե, եթե մի բանի մասին շատ է խոսվում ու ցուցադրվում, լսարանն ընտելանում է: Անգամ եթե ցուցադրվածը անհամ, անհետաքրքիր, անհեթեթ, նույնիսկ վնասակար է:

Բայց ընտելացումն էլ իր սահմաններն ունի: Ծառայությունն էլ՝ իր ավարտը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *