2015.06.04,

Քննադատ

Ուղեղների լվացումը ըստ Կուրղինյանի եւ Կուրղինյանով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուսաստանցի քաղաքագետ, Կրեմլի հավատարիմ խոսափող Սերգեյ Կուրղինյանը եկել է Հայաստան՝ պատմելու արդյոք մեզ սպառնու՞մ է ֆաշիզմը, թե՞ դեռ չի սպառնում ֆաշիզմը: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է մեզ սպառնում, եթե մենք մեզ սխալ պահենք:

«Ֆաշիզմը 21-րդ դարում. մարտահրավերներ և սպառնալիքներ» թեմայով քննարկմանը նա հայտարարեց, որ նեոֆաշիզմի սպառնալիք Հայաստանի ներսում չկա, բայց դա դեռ չի նշանակում, որ կարելի է հանգիստ լինել, որովհետև ըստ նրա՝ նեոֆաշիզմը դրսից է ներխուժելու Հայաստան:

Tert.am-ը նյութ գրեց այսպիսի վերնագրով՝ «ՀՀ-ում նեոֆաշիզմի ուղիղ սպառնալիք չկա, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ն կարող է դրանից անմասն մնալ»:

«Առավոտ»-ը է՛լ ավելի հետաքրքիր քայլ արեց՝ իր նյութի վերնագիրն ու առաջին պարբերության մեջ տեղ գտած պնդումը դնելով բացեիբաց հակասության մեջ:

Neofacism_Aravot

Նեոկայսերական միավորման ջատագով Սերգեյ Կուրղինյանը՝ հայտնվելով հայաստանյան մեդիայի էջերին, ոչ միայն տարածեց իր շիլաշփոթ տեսլականները, այլև միաժամանակ ցույց տվեց մեր մեդիայի խոցելի կողմերը: Դրանցից առաջնայինը որևէ ֆիլտրերի բացակայությունն է:

Խոսքը ոչ թե գրաքննության կամ քաղաքական պատեհապաշտության մասին է, այլ պարզ տրամաբանական ֆիլտրերի:

Մեր մեդիան կարծես թե չեզոք ու անաչառ գործ է անում՝ ընդամենը մեջբերելով Կուրղինյանի կարծիքները, բայց արդյունքում բազմաթիվ հարցեր է առաջ քաշում: Իսկ այդ հարցերին մեդիան ոչ միայն չի ցանկանում պատասխանել, այլև անգամ ուշադրություն չի դարձնում:

Օրինակ՝ «Նովոստի-Արմենիա»-ն լրատվականն նյութ հրապարակեց, որտեղ մեջբերեց Կուրղինյանին. «Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, թե ինչի է հանգեցնում ուղեղների լվացումը: Մեր խնդիրը Հայաստանի բնակչությանը տեղեկացնելն է, ֆաշիզմի թեման առավելագույնս լուսաբանելը, քանի որ հայ ժողովուրդը առաջինն է տեսել ֆաշիզմի ներգործությունը: Դա 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն էր»:

Ուկրաինա-ֆաշիզմ-եղեռն շղթայից զարմանալիորեն դուրս է մնացել Ռուսաստանը: Կուրղինյանին մեջբերող լրատվականը դրանում ոչ մի տարօրինակ բան չի տեսնում և շարունակում է մեջբերել. «Ուկրաինայի բանդերական էլիտայի նախաձեռնությամբ պատերազմ է հայտարարվել թե՛ Ռուսաստանին, թե՛ հումանիստական արժեքեներին: Եվ հիմա այնտեղ իսկական ցեղասպանություն է տեղի ունենում՝ որոշակի ներքին կառուցվածքով»:

Եթե բանական ընթերցողը փորձի վերծանել այս միտքը, ապա ստիպված է ընդունել, որ Ուկրաինան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, ընդ որում՝ իր հողի վրա, և ցեղասպանության է ենթարկում իր իսկ ժողովրդին:

«Հումանիստական արժեքների» դեմ պատերազմելն, իհարկե, ահարկու քայլ է, մանավանդ, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես է դա տեղի ունենում և հատկապես որ արժեքների մասին է խոսքը:

Սովետական դարաշրջանի պաշտոնական բառապաշարը լի էր նման ազդեցիկ ու, մեծ հաշվով, ոչինչ չասող արտահայտություններով: Օրինակ՝ ասվում էր, որ «առաջադեմ հանրությունը դատապարտում է»: Կուրղինյանի կարծիքով՝ առաջադեմ հանրությունը դատապարտում է Ուկրաինային:

Եվ քանի որ սեփական պետությունից դուրս թշնամիներ փնտրելն ու ամեն ինչում Եվրոպային ու Ամերիկային մեղադրելը դարձել է Ռուսաստանի քաղաքականության բաղադրիչը, ռուս քաղաքագետը հենց այդ գլխավոր գիծն էլ առաջ էր տանում Հայաստանում:

Օրինակ՝ հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին, նա ասաց, որ ոչ մի դեպքում հաղորդավար Պետրոս Ղազարյանը չի ցանկանա, ասենք, Անտվերպենում ապրել, քանի որ Անտվերպենում Պետրոս Ղազարյանի երեխան անընդհատ պորնոգրաֆիայի ցուցափեղկերի կողքով կանցնի:

Մեր մեդիայի կողմից արտատպվող այս խառը մտքերի շարանում առանձնանում են հատկապես մեզ վերաբերող կանխատեսումները, որոնք Կուրղինյանն անում է անբռնազբոս կերպով: Սպառնալ-չսպառնալու ճոճանակը նրա մոտ լավ է ստացվում:

Նա ասաց, որ հետևում է Երևանի կյանքին ու ուզում է մեզ ճշմարտությունն ասել. «Երևանցիներն ապրում են իրենց խաղաղ ու կայուն կյանքով, ունեն հազարավոր խնդիրներ, ինչպես տարիներ առաջ Դոնեցկի բնակիչները, իսկ Դոնեցկը հիմա ամբողջովին ավերված է, տապալված»:

Ուղեղների լվացման փաստը ջրի երես հանել ցանկացող Կուրղինյանը հանգիստ խոսում է Երևանը հաջորդ Դոնեցկ դարձնելու մասին, եթե հանկարծ Երևանը որոշի, որ ֆաշիզմի հովերը բոլորովին այլ տեղից են փչում:

Եթե հարգարժան հայաստանյան մեդիան այսպիսի վերնագիր է գրում՝ «Ղարաբաղի միակ վտանգը Հայաստանի դավաճանությունն է», նա ակամայից տարածում է ռուսամետ քաղաքագետի այն միտքը, թե «Ղարաբաղին ոչ մի տեսակի ադրբեջանական ագրեսիա չի սպառնում, եթե չլինի հայկական դավաճանությունը: Բայց եթե անգամ Հայաստանը դավաճանի Ղարաբաղին, ապա Ղարաբաղը, միևնույն է, կանգուն կմնա, թեև դժվար իրավիճակում կհայտնվի»:

Kurghinyan_News_am

Հասկանալի՞ է: Առանց Հայաստան էլ կլինի:

Մանավանդ, որ ըստ Կուրղինյանի՝ Հայաստանի բնակչության 80%-ը երազում է վերադառնալ Խորհրդային միություն, այսինքն՝ Ռուսաստան: Եվ ինքնիշխանության գաղափարը ակտուալ չէ Հայաստանի համար (այդ միտքը նա հնչեցրել էր մի քանի տարի առաջ):

Լրագրության ամենամեծ չարիքներից մեկը քարոզչության փոքր պտուտակը դառնալն է: Մանավանդ, եթե դա տեղի է ունենում անտեղյակության պատճառով, այսպես ասած՝ ինքնաբերաբար, իներցիայով: Պարզապես մեջբերում են, առանց ավելորդ ջանքերի ու խորքային մտադրության:

Եթե մեր մեդիան հանգիստ է ընդունում այն փաստը, որ առանց Հայաստան էլ կլինի ու կարելի է մեկ ժամ եթերում տեղի ունեցող հարցազրույցը առանց հայերեն թարգմանության դիտել, ուրեմն իրոք գաղութացման ճանապարհին ենք:

Իսկ գաղութներում, մեդիան, որպես կանոն, պարզապես վերանում է՝ նմանվելով ռուսական պաշտոնական հեռուստատեսության, որի միջոցով ուղեղները ոչ միայն անբիծ լվացվում են, այլև անծալք արդուկվում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *